Նուբար Աֆեյանը՝ COVID-19-ի պատվաստանյութի եւ վախի տարածման մասին - Mediamax.am

11026 դիտում

Նուբար Աֆեյանը՝ COVID-19-ի պատվաստանյութի եւ վախի տարածման մասին


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST


Մարտի 17-ին Սիէթլում չորս կամավորներ ստացել են COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ Moderna Therapeutics ընկերության մշակած պատվաստանյութի ներարկումներ:

 

Փորձարկումների մեկնարկից առաջ Լիբանանում գործող Radio Voice of Van ռադիոկայանին տված հարցազրույցում Moderna Therapeutics ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, հայազգի գիտնական, գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն ասել է, որ ընկերությունը հիմնադրման պահից սկսել է նոր մեթոդների եւ գործիքների մշակումը: 10 տարվա ընթացքում Moderna Therapeutics-ում մոտ 2 մլրդ դոլար է ներդրվել, ընկերությունը 20-ից ավելի դեղամիջոցներ եւ պատվաստանյութեր է ստեղծել տարբեր հիվանդությունների դեմ։

 

Նուբար Աֆեյանն ասել է, որ երեք տարուց ավելի է, ինչ աշխատում են ԱՄՆ-ի Ազգային առողջապահական ինստիտուտի հետ զբաղվել են կորոնավիրուսի նախորդ տարբերակների դեմ պատվաստանյութի հետազոտություններով։ Համավարակի տարածումից հետո ինստիտուտը Moderna Therapeutics-ին առաջարկել է նոր վարակի դեմ պատվաստանյութի վրա աշխատել։ 

 

«Մենք պատրաստ էինք թե՛ տեխնոլոգիայի, թե՛ փորձառության առկայության տեսանկյունից, եւ շուտով իրենց հետ միասին կարողացանք ստեղծել պատվաստանյութի մեր տարբերակը»,- ասել է Նուբար Աֆեյանը։  

 

Նա ասել է, որ COVID-19-ը կորոնավիրուսի նախորդ տարբերակների հետ նմանություն ունի, բայց նաեւ տարբերվում է, եւ հենց այդ տարբերություններն են կարեւոր պայքարի տեսանկյունից։

 

«Կորոնավիրուսի երկու տարբերակ ունենք, որոնք ծագել են կենդանիների մոտ եւ փոխանցել մարդկանց։ Նոր կորոնավիրուսի արագ տարածումը եւ մահվան ելքերը հասարակության շրջանում վախ առաջացրեց։ Համացանցի միջոցով լուրերը շատ արագ են տարածվում, եւ այսօր, կարծում եմ, երկու տեսակ վտանգ կա՝ մեկը վարակն է, մյուսը՝ վախը: Երկուսն էլ նույն արագությամբ են տարածվում, երբեմն, վախն՝ ավելի արագ»,- ասել է Նուբար Աֆեյանը։ 

 

Խոսելով վարակի առանձնահատկությունների մասին, Նուբար Աֆեյանն ասել է, որ մարդը կարող է վարակվել ու փոխանցել մյուսներին՝ չիմանալով, որ ինքը վարակված է։ Նա ասել է, որ խիստ կարեւոր է հիգիենայի եւ սոցիալական տարածության պահպանումը, այլապես վարակի մասսայական տարածումը մեծ խնդիրների առաջ կարող է կանգնեցել առողջապահական համակարգերին։

 

«Առաջին ալիքը, որ լինում է ավելի հզոր ձեւով, կարող է ավելի քան երեք ամիս տեւել եւ մի քանի հարյուր հազար մարդու վարակել: Կարծում եմ՝ ժողովուրդը պիտի ոչ թե հաղթահարի այս վարակը, այլ վարժվի, ինչպես հարբուխի դեպքում է, որն ամեն տարի տարածվում է, մահվան ելքեր ունենում։ Կարծում եմ, որ այս կորոնավիրուսն այդ ճակատագիրը կարող է ունենալ։ Այդ առումով էլ կարեւոր է, որ պատվաստանյութը ստեղծվի»,- ասել է Նուբար Աֆեյանը։

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին