Անգելա Մերկելը հաստատել է, որ եղել է Խորհրդային Հայաստանում - Mediamax.am

exclusive
8804 դիտում

Անգելա Մերկելը հաստատել է, որ եղել է Խորհրդային Հայաստանում


Անգելա Մերկելը (ձախից առաջինը)՝ 1972 թվականին
Անգելա Մերկելը (ձախից առաջինը)՝ 1972 թվականին

Լուսանկարը` Glaescher/laif/Redux


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ եղել է Խորհրդային Հայաստանում:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Suddeutsche Zeitung թերթը հարցազրույց է հրապարակել կանցլերի հետ՝ Բեռլինի պատի ապամոնտաժման 30-ամյակի առիթով: Անգելա Մերկելը, մասնավորապես, պատմել է այն զգացողությունների մասին, որոնք ունեցել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին այցելության ժամանակ:

 

«Հյուրանոցում ինքս ինձ հարց էի տալիս. արդյո՞ք կարող է միայնակ ճամփորդող կինն առանց վախենալու գիշերել Արեւմտյան Գերմանիայի հյուրանոցում: Ինձ համար դա իսկապես խնդիր էր, չնայած արդեն եղել էի Ռումինիայում կամ Հայաստանում, որտեղ հաստատ ավելի անվտանգ չէր», - պատմել է Մերկելը:

 

Մեդիամաքսը վաղուց տեղեկություններ ուներ այն մասին, որ Մերկելը եղել էր Խորհրդային Հայաստանում, սակայն դրանք հաստատել չէր հաջողվում:

 

2016 թվական հոկտեմբերին այդ մասին հարցրել էինք Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին, եւ նա պատասխանել էր հետեւյալը.

 

«Որեւէ հստակ տեղեկություն այս մասին չունեմ: Նա գիտնական է, ֆիզիկոս, եւ հնարավոր է, որ ուսանողական տարիներին եղած լինի այստեղ: Կանցլեր Մերկելը շատ հետաքրքրասեր անձ է, հետաքրքրվում է այլ մշակույթներով, այնպես որ, կարող եմ պատկերացնել, որ նա այստեղ եղած լինի»:

 

2018 թվականի օգոստոսին Անգելա Մերկելը պաշտոնական այցով այցելել է Հայաստան:

 

Անգելա Մերկելը 1954 թվականի ծնվել է Համբուրգում, սակայն երեք տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին