ԱԱԾ պատասխանը՝ պետբյուջե վերականգնվել է 12.816.436.091 դրամ - Mediamax.am

exclusive
3227 դիտում

ԱԱԾ պատասխանը՝ պետբյուջե վերականգնվել է 12.816.436.091 դրամ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 16-ին, ժամը 11։58-ին Մեդիամաքսը հրապարակեց «Պետբյուջե վերադարձված գումարների մասին հարցման ոդիսականը․մաս II» հոդվածը։

 

Հրապարակումից 30 րոպե հետո ԱԱԾ աշխատակիցը Մեդիամաքսի խմբագրություն բերեց Ազգային անվտանգության ծառայության պատասխանը:

 

Ներկայացնում ենք սեպտեմբերի 14-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված հարցումը։ 

 

 

«Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել:

1. Անցել է երկու ամիս: ԱԱԾ-ն քրեական գործերի շրջանակներում որքա՞ ն գումար է հավաքել մինչեւ այսօր:

2.Վերականգնված գումարից որքա՞ նն է մուտք արվել պետբյուջե: 

3.Որքա՞ ն գումար է  հավաքագրվել/մուտքագրվելˋ 

.ապօրինի հարստացման

.յուրացումների

.կոռուպցիոն երեւույթների

.այլ քրեական գործերի մասով»:

 

Մեր հարցմանը պատասխանել է  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա․Աղաջանյանը: Արձանագրենք, որ պատասխանը ստացվել է

օրենքով սահմանված ժամկետից 13 օր ուշացումով (ժամկետը լրացել էր 

նոյեմբերի 3-ին):

 

«Հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. մայիսի 8-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործունեության դեմ ուղղված եւ կոռուպցիոն  բնույթի հանցագործություններով քննվում է 30 քրեական գործ։ Նշված քրեական գործերով ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 20.650.170.556 ՀՀ դրամի վնաս, որից արդեն իսկ վերականգնվել է 12.816.436.091 ՀՀ դրամը»։

 

Նամակի վերջում նշված է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի եւ օպերատիվ ստորաբաժանումների կողմից հետեւողականորեն իրականացվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ու աշխատանքները՝ կատարված բոլոր հանցագործությունները եւ դրանք կատարած անձանց բացահայտելու եւ պետությանը, իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին  հացանգործություններով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

 

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին