Փարիզի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Ազնավուրին - Mediamax.am

exclusive
4227 դիտում

Փարիզի հայկական եկեղեցում հարգանքի տուրք են մատուցել Ազնավուրին


Շառլ Ազնավուրը
Շառլ Ազնավուրը

Լուսանկարը` REUTERS

Ալեքսի Գովչյանը
Ալեքսի Գովչյանը

Փարիզի հայկական եկեղեցում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հատուկ արարողություն: Այս եկեղեցում էր Ազնավուրը պսակադրվել մոտ կես դար առաջ, այստեղ էր մկրտել իր դուստր Կատյային։ 

 

 

 

Եկեղեցու դռան դիմաց հենց Ազնավուրի պսակադրության լուսանկարներն էին, երգչի եւս մի քանի լուսանկար` Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշների մեջտեղում։ Հոգեւոր արարողությանը ներկա էին ֆրանսիացի եւ հայ գործիչներ, Ազնավուրի մահը սգացող հավատավորներ։ 

 

Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Փարիզի 9-րդ թաղամասի թաղապետի տեղակալ Ալեքսի Գովչյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմեց հանրաճանաչ երգչի հետ իր հանդիպումների մասին։ 

 

 

 

«Պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան մի քանի անգամ, միասին եղել ենք Ֆրանսիայի նախագահների հետ Հայաստան այցերի պատվիրակության մեջ։ Եվ մշտապես պատվիրակության ամենակարեւոր անձն եղել է Շառլ Ազնավուրը։ Նա ամենակարեւոր մարդն էր Հայաստանի համար, այնտեղ  «Աստված-Ազնավուր» միախառնվում էին մի անձի մեջ։ Ամեն անգամ ես տեսնում էի, թե ինչքան հայություն կար նրա մեջ»,- նշեց Գովչյանը։ 

 

Նա եղել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի ազգային պատասխանատուն եւ այդ տարում լեգենդար երգչին մեդալ է շնորհել։ 

 

«Ինձ բախտ է վիճակվել նրան շնորհել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի «Քաջության մեդալը» 2015 թ-ին։ Ազնավուրը բազմաթիվ մեդալներ ուներ, բայց այդ օրը նա մեզ ասաց, որ իր մեդալներից առավել կարեւոր է համարում դրանցից երկուսը` մեկը Ֆրանսիայի ակադեմիայից ստացած հեղինակավոր մեդալը, մյուսը` մեր հանձնածը։ Գուցե նա դա ասում էր մեզ քաջալերելու համար, սակայն այդ փոքր մեդալով մենք արտահայտում էինք այն մեծ սերը, որ հայ համայնքը տածում է նրա նկատմամբ»,- ասաց ֆրանսահայ գործիչը։ 

 

Գովչյանը Ազնավուրին տաճարի է նմանեցնում, ում պակասը հաստատ զգացվելու է, բայց նշում է, որ իր համար նա չի մահացել, նա չկա ֆիզիկապես, «բայց արդյո՞ք Շառլ Ազնավուր անունը կրելով հնարավոր է մեռնել»։ 

 

«Դեռ երեկ լսում էի այն աստղաբաշխական թվերը, թե որքան ձայնասկավառակ է նա վաճառել, որքան երգերի հեղինակ է նա եւ որքան ֆիլմերում է խաղացել։ Չգիտեմ՝ ոնց կարելի է պատկերացնել այդ թվերը եւ դրան գումարած այն ամենն, ինչ նա արել է Հայաստանի համար։ Անհավանական է այն, ինչ նա արեց իր «Ils ont tombés» 

(«Նրանք ընկան») երգով, որով ճանաչելի դարձրեց Ցեղասպանությունը ֆրանսիացիների համար, ովքեր բացահայտում էին հայերի ողբերգությունը։ Նաեւ 1989 թվականին ֆրանսիացի աստղերի հետ ձայնագրած «Քեզ համար, Հայաստան» երգը... Եվ դեկտեմբերի 7-ին նշելու ենք երկրաշարժի 30 տարին` առանց Ազնավուրի, բայց նա մեզ հետ կլինի, քանի որ անմահ է։ Եվ այդ հավերժությունն իրեն սազում է»,- ավելացրեց Ալեքսի Գովչյանը։ 

 

Փարիզի 9-րդ թաղամասն անվանում են «փոքրիկ Հայաստան», դրա փոխթաղապետն ասաց, որ միջոցառում կկազմակերպվի այն հատվածում, որտեղ Շառլը ապրել է պատերազմի տարիներին։ 

 

Ալեքսի Գովչյանը Ալեքսի Գովչյանը

 

Գովչյանը հետեւել է Հայաստանում ընթացող հիշատակի արարողություններին, կարծում է, որ սա բազմաթիվ միջոցառումների սկիզբն է, բայց դրանից զատ պետք է հավերժացվի նրա հիշատակը, եւ մարդիկ բոցավառվեն իր օրինակով։ 

 

«Այն, ինչ արել է մաեստրոն Հայաստանի համար, անչափելի է, եւ այն սերը, որ նա ուներ Հայաստանի հանդեպ, եթե ամեն հայ ունենա իր մեջ, արդեն շատ լավ կլինի։ Շառլ Ազնավուրը ազգային հերոս էր, հայ ազգը միշտ էլ հերոսներ է ունեցել, կարողացել է վեր բարձրանալ եւ հիմա էլ կկարողանա իր մեջ գտնել երիտասարդներ, ովքեր գուցե ոչ նույն կերպ, բայց «կբարձրացնեն» Հայաստանը։ Չնայած մեր հայրենիքը Ֆրանսիան է, բայց մեր մայր հայրենիքը Հայաստանն է, մեր սիրտը միշտ Հայաստանի եւ Արցախի հետ է»,- շեշտեց Ալեքսի Գովչյանը։ 

 

Էլլադա Ղուկասյան,

Ֆրանսիայում Մեդիամաքսի սեփական թղթակից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին