Շիրակի երկրագիտական թանգարանի համար դրամահավաք կլինի - Mediamax.am

4571 դիտում

Շիրակի երկրագիտական թանգարանի համար դրամահավաք կլինի


Տիգրան Գալստյանը, Լիլիթ Մակունցը, Նարեկ Բաբայանը, Արտաշես Բոյաջյանը
Տիգրան Գալստյանը, Լիլիթ Մակունցը, Նարեկ Բաբայանը, Արտաշես Բոյաջյանը

Լուսանկարը` Մշակույթի նախարարություն

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանին հատկացված շենքը
Թանգարանին հատկացված շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շիրակի երկրագիտական թանգարանը իր գործունեության 88 տարիների ընթացքում՝ չունենալով սեփական տանիք, տարբեր կառույցներում է օթեւան գտել: Տարիների ընթացքում նեղլիկ, խոնավ պայմաններում պատմական Շիրակ գավառի հողի տակ ի պահ տված գանձերն էլ պահում էր արկղերում՝ բոլորի աչքից հեռու:

 

Խնդիրը բարձրաձայնվում էր, լուծումը՝ հետաձգվում կամ մնում միայն առաջարկների մակարդակում:

 

Ի վերջո, 2018թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրիի Ջիվանու փողոց, 74 հասցեում գտնվող նախկին հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:

 

Եռահարկ կառույցը նախկինում ծառայել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցին, բայց հիվանդանոցների օպտիմալացումից հետո շենքը վեց տարի դատարկ էր: Այժմ 3072,79 քառ. մետր մակերեսով հիվանդանոցի շենքը ծառայելու է Շիրակի երկրագիտական թանգարանին, որտեղ ցուցադրվելու են ոչ միայն ցուցանմուշները, այլեւ գիտահետազոտական, ցուցանմուշների վերականգնողական աշխատանքներ են իրականացվելու:

 

Բայց շենքը նախ հարկավոր է վերանորոգել ու թանգարանին համապատասխան պայմաններ ստեղծել:

 

Խնդրի վերաբերյալ օգոստոսի 7-ին նախկին հիվանդանոցի շենքում մամուլի ասուլիսով ներկայացան ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը:

 

Բանախոսները նախ շնորհավորեցին, որ վերջապես թանգարանը իր շենքն ունեցավ, ապա նաեւ տեղեկացրեցին, որ քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը չունի բավարար ֆինանսական միջոցներ, կազմակերպվելու է դրամահավաք: Այն կմեկնարկի սեպտեմբերին: Շենքի վերանորոգման նախնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ:

 

«Առաջարկ ենք ստացել Տիգրան Համասյանից՝ նա որոշել է իր համերգներից մեկի հասույթը նվիրել երկրագիտական թանգարանի վերանորոգմանը: Կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին միանալ դրամահավաքին ու օգնել թանգարանին օր առաջ տեղափոխվել», - ասաց Լիլիթ Մակունցը:

 

«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը եւ դրա համար նաեւ ձեր ջանքերը

պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, եւ երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, եւ ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա», - ասաց Նարեկ Բաբայանը:

Թանգարանին հատկացված շենքը Թանգարանին հատկացված շենքը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մշակույթի նախարարը նաեւ հույս հայտնեց, որ Շիրակի երկրագիտական թանգարանը կկարողանա օպտիմալ օգտագործել տարածքն ու պայմաններ կստեղծի, որ Գյումրին նորից պատկերասրահ ունենա: Առաջարկին դեմ չէր Երկրագիտական թանգարանի տնօրենը, բայց նաեւ հավելեց, որ Գյումրիի պատկերասրահից շատ գեղանկարներ տեղափոխվել են Երեւան՝ Ազգային Պատկերասրահ ու հարկավոր է հոգալ, որ դրանք վերադառնան Գյումրի:

 

«Բացի դրանից, նաեւ ցանկություն ունենք թանգարանում տեղավորել Մինասի որմնանկարները ու Հայաստանի տարբեր տարածքներից Մինասի որմնանկարները ամբողջացնել Գյումրիում», - նշեց Արտաշես Բոյաջյանը:

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մինչ տեղափոխման մասին մտածելը, նախ պետք է հասկանալ, արդյո՞ք ունենք բավարար պայմաններ, որ կարողանանք տեղափոխել ու պահպանել: Ամեն անգամ որմնանկարի տեղափոխությունը ենթադրում է որոշակի ռիսկ եւ մեծ գումարներ: Պետք է վստահ լինել, որ այդ քայլով էլ ավելի մեծ վնաս չենք հասցնում մշակութային արժեքին», - նկատեց մշակույթի նախարարը:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին