Նոյեմբերի 15-ին կմեկնարկի «WebԾիրան» կինոփառատոնը - Mediamax.am

3327 դիտում

Նոյեմբերի 15-ին կմեկնարկի «WebԾիրան» կինոփառատոնը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունն այսօր հայտարարել են նոյեմբերի15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը «WebԾիրան» համահայկական կինոփառատոնի անցկացման մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանն այսօր ասել է, որ «WebԾիրան» կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայ ռեժիսորները` ներկայացնելով 2-20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների:

 

Նրա խոսքով, յուրաքանչյուր ֆիլմ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 5 օր անընդմեջ, եւ այդ ընթացքում տեղի է ունենալու ինտերնետ քվեարկություն Webtv.am կայքում եւ Facebook սոցիալական ցանցում:

 

«Կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով: Ֆիլմերն ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 15-ը, իսկ արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 25-ին` մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Սահմանված է 2 մրցանակ` «WebԾիրան»-ի գլխավոր մրցանակ` $ 1000 եւ խրախուսական մրցանակ` $ 500»,- տեղեկացրել է Արայիկ Մանուկյանը:

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ ասել է, web-փառատոնը լավ գաղափար է, քանի որ «մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր չեն հաճախում կինոթատրոններ եւ այլ կերպ են ծանոթանում կինոաշխարհին»:

 

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ասել է, որ համացանցի հնարավորությունները կարելի է արդյունավետ օգտագործել: «Այս web-լուծումը երեւան գալու հնարավորություն է տալիս կինոաշխարհում աշխույժ եւ տաղանդավոր մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն ներկայանալու այլ կինոփառատոններում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

 

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին