3077 դիտում

«Լիդիան»-ը հրապարակել է IFC-ի՝ Ամուլսարի ծրագրից դուրս գալու հիմքերը


Լուսանկարը` Lydian Armenia


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել այսօր վարչապետի՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ակտիվիստների հնչեցրած հայտարարության կապակցությամբ:

«Վարչապետին՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը եւ Միջազգային ֆինանասական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»:

Այս պնդումը իրականությանը չի համապատասխանում մի քանի կետով:
 
Նախ՝ միտումնավոր չի նշվել, որ ՀԱՊ հետաքննության արդյունքում իրականում հերքվել են բողոքի հեղինակների պնդումների մեծ մասը՝ Սեւանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման եւ բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումներ: Զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են եւ համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշներին համապատասխան:

Եվ ուրեմն, եթե ակտիվիստները ներկայացնում են տուրիզմի վերաբերյալ եզրակացությունը (ինչը բնապահպանության հետ առնչություն չունի), ապա պետք է նաեւ վարչապետին ներկայացնեին ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են եւ IFC չափանիշներին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Հետեւաբար, ջրերի աղտոտման վերաբերյալ պնդումները անտեղի են, եթե ակտիվիստները հավատում են ՀԱՊ եզրակացությանը եւ ոչ թե միայն այն հատվածին, որն իրենց է դուր գալիս:

IFC-ն երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որեւէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին, սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշների ներդրման ուղղությամբ:








IFC-ն նաեւ տեղեկացնում է, որ դուրս է եկել «Լիդիան»-ի բաժնետերերի կազմից, որովհետեւ «Լիդիան»-ը «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինանսական են: Ավելին IFC-ի հայտարարության մեջ ասվում է՝ «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի կայուն զարգացումը ունի Հայաստանում տնտեսական աճին նպաստելու ներուժ»:
 
Հատկանշական է, որ տարիներ շարունակ IFC-ի չափանիշներին իրենց անվստահությունը հայտնող ակտիվիստերը այժմ մեջբերում են IFC-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելով: Եվ կամ IFC-ին կեղծ վկայակոչելով, ոչինչ չեն ասում «Լիդիան»-ի բաժնետեր հանդիսացող եւ բնապահպանական խիստ չափանիշներ պարտադրող ՎԶԵԲ-ի վերահսկողության մասին:

Հատկանշական է նաեւ, որ նրանք վարչապետին հատվածական ներկայացնում են ՀԱՊ զեկույցը՝ միտումնավոր շրջանցելով ամենակարեւոր՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության բացակայության հատվածը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am