Մարդասիրության անվախ մարտիկները Հայաստանում են - Mediamax.am

2150 դիտում

Մարդասիրության անվախ մարտիկները Հայաստանում են


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Մեքսիկա հասած 50 հազար ներգաղթյալների օգնություն տրամադրած Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն, 20 հազար կանանց եւ երեխաների սեռական ստրկությունից փրկած հնդկուհի Սունիտա Քրիշնանը եւ 35 տարի Մյանմայի ռոհինջա ժողովրդի իրավունքների համար պայքարող Չո Լա Աունը «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հավակնորդներն են: Հազարավոր կյանքեր փրկած ու փոխած մարդիկ հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում պատմել են իրենց պայքարի ճանապարհի ու նպատակների մասին։ 

 

***

 

Ֆրանցիսկյան ուխտի վանական Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն 1995 թվականին տեղափոխվել է Մեքսիկա, որպեսզի սնունդ եւ ապաստան տրամադրի կարիքի մեջ ընկած ներգաղթյալներին։ 2010-ին, երբ առեւանգվեցին եւ տանջամահ արվեցին Մեքսիկայի տարածքով հյուսիս ուղեւորվող 72 ներգաղթյալներ, նա հիմնեց «72» ապաստարանը, որն ամեն օր ընդունում է ավելի քան 70 նորեկի։

 

Մարդիկ գալիս են Մեքսիկա ամենաաղքատ շրջաններից, որտեղ շատ դժվար է ապրել: Մենք ընդունում ենք նաեւ Եվրոպայից եկած փախստականների, որոնք քաղաքացիական պատերազմների զոհ են դարձել, տուժել են զինված հակամարտություններից: Իմ երկիրն անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում նրանց նկատմամբ: 2011-ին հիմնադրեցի «72» կազմակերպությունը, որն ընդունում է նրանց, ապաստարան տալիս, սնունդ, բժշկական օգնություն։

 

Մարդիկ այսօր չեն կարողանում լքել Մեքսիկայի հարավային շրջանները, որովհետեւ ոտքով գնալով՝ ընկնում են մինչեւ ատամները զինված միգրացիոն ոստիկանության ձեռքը։ Գնացքով գնալիս՝ դեմ են առնում քրեական բանդաների։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մարդիկ կրում են նույն տառապանքները, ինչ Քրիստոսը՝ Գողգոթայի ճանապարհին։

 

Մարդու իրավունքների պաշտպան լինելը շատ կարեւոր է: Կան մարդիկ, որոնք տքնաջան աշխատում են եւ սպառնալիքներ ստանում: Սպառնալիքները հասան նաեւ իմ ընտանիք։ Երբ վտանգի տակ էր մորս ու հորս կյանքը, քիչ էր մնում հանձնվեի: Շատ երկար մտածեցի: Հետաքննության միջոցով պարզեցինք, որ սպառնալիքները ոչ թե հանցագործների, այլ միգրացիոն աշխատակիցների կողմից էին։

 

Հայաստանում լինելն ինչ-որ իմաստով մեր կատարած աշխատանքի ճանաչումն է: Իմ թիմակիցները, որոնք շարունակում են աշխատել Մեքսիկայում, զգում են, որ կան մարդիկ, որոնք քաջալերում են իրենց՝ շարունակելու այդ աշխատանքը: Մենք պիտի անենք ամեն հնարավորը, որպեսզի փրկենք եւ թեթեւացնենք մարդկանց կյանքը:

 

Լուսանկարը` Photolure

 

***

 

Սունիտա Քրիշնանը 15 տարեկան էր, երբ բռնաբարության ենթարկվեց 8 տղամարդու կողմից։ Օգնելու եւ կարեկցելու փոխարեն հասարակությունը մեղադրեց ու մերժեց նրան։ Անարդարությունից ծնված զայրույթը դարձավ Սունիտայի շարժից ուժը։ Նա որոշեց կյանքը նվիրել սեռական բռնության ենթարկված կանանց եւ երեխաներին։ 

 

15 տարեկանում բռնաբարվելուց հետո ամոթի, ցավի, հանցանքի զգացողություն կար, բայց ինձ համար սարսափելի էր այն, ինչ եղավ դրանից հետո: Ես, որ գերազանց սովորում էի դպրոցում, օրինակելի երեխա էի ընտանիքում եւ հասարակությունում, զգացի, որ կորցրել եմ բնավորությունս, չունեմ բարոյականություն, պարտված անձնավորություն եմ, արժեք չունեցող մարդ, եւ ինձ մեղադրում էին մի հանցանքի համար, որը չէի գործել: Իրականում ես զոհ էի, բայց ինձ վերաբերվում էին ինչպես հանցագործի: 

 

Այս անարդարությունն իմ մեջ զայրույթ արթնացրեց, որը վերափոխեց իմ հետագա կյանքը: Որոշեցի, որ այդ պահից սկսած մինչեւ կյանքիս վերջին օրը նվիրելու եմ սեռական բնույթի հանցագործությունների զոհերին:

 

Բռնաբարվածների եւ բռնաբարության զոհերի թիվն աճում է, բռնաբարում են անգամ 8 ամսական երեխաների, 3-4 տարեկան երեխաները վաճառվում են ստրկության: Մենք բոլորս գիտակցաբար կամ անգիտակցաբար, մեր ընկալումներով, մեր վերաբերմունքով, մեր լռությամբ, մեր անգործությամբ վերջին 26 տարիներին նպաստում ենք դրան: 

 

Մարդիկ մերժում են, չեն ուզում հավատալ ու ընդունել, որ այդպիսի բաներ են տեղի ունենում: Մոտ 16-17 տարի առաջ, երբ ես օգտագործում էի թրաֆիքինգ բառը, ասում էին՝ մենք նման խնդիր չունենք, որովհետեւ կարծում էին, թե երթեւեկի (traffic-հեղ.) մասին եմ խոսում: Տարիներ պահանջվեց, որ Հնդկաստանի կառավարությունն ընդունի այս խնդրի գոյությունը: Կառավարության գնահատականով մոտավորապես 3 մլն երեխա եւ կին կա ստրկության մեջ, բայց իրականում 17-20 մլն են: Հիմա մենք ավելի լավ վիճակի ենք հասել, իմ կառավարությունն առնվազն չի մերժում խնդրի առկայությունը: Բայց չգիտեմ, թե դեռ քանի երեխա ու դեռատի աղջիկ պետք է զոհասեղանին դրվի, մինչեւ նրանք իսկապես կսկսեն գործել:

 

2 տարի առաջ թրաֆիքինգով զբաղվող 23 հանցագործ մտավ իմ գրասենյակ՝ ձեւանալով թրաֆիքինգի զոհեր: Նրանք մտան մեր ապահով տուն ու ներսից գրոհ կազմակերպեցին: Մեր ապահով ապաստարանն ավերվեց, գույքը կորցրեցինք, ավելի քան 13 մարդ մարմնական ծանր վնասվածքներ ստացավ: Վերջին 25 տարիների ընթացքում ես փորձում էի կառուցել այսպիսի ապահով ապաստարաններ, որպեսզի սեռական թրաֆիքինգի ենթարկվածներն այդտեղ կարողանան վերսկսել իրենց կյանքը նորովի: Այն ամենը, ինչ կառուցել էի, պատկերացրել, երազել, ավերվեց: Այն ապահով աշխարհը, որ խոստացել էի այդ երեխաներին, այլեւս ապահով չէր: Ես իսկապես զգացի, որ իմ արածը փոշիացավ, որ ես պետք է հանձնվեմ: Բայց այդ ճգնաժամի պահին ՁԻԱՀ-ով հիվանդ 19 տարեկան մի աղջիկ մահից 10 րոպե առաջ ցանկացավ խոսել ինձ հետ: Նա խնդրեց լուսանկարել իրեն: Նա ֆոտոգենիկ չէր, ոսկորներն արդեն դուրս էին ցցված, բայց ես, իհարկե նկարեցի, եւ հարցրեցի, թե ինչու խնդրեց լուսանկարել հենց հիմա: Նա ասաց. «Դու հարյուր հազարավոր մարդկանց ես դիմում աշխարհով մեկ, խոսում ես նրանց հետ։ Ցույց տուր իմ լուսանկարը, որ ոչ մի աղջիկ իմ ճակատագրին չարժանանա»:  12 տարեկանում նրան վաճառել էին, փրկել էին 16-ում: Չգիտեմ՝ մեզնից քանիսը նրա նման շռայլ հոգի ունի, որ մահվան շեմին ասի՝ իմ կյանքը պետք է ուղերձ դառնա: Այս պահին էր, որ ես հասկացա, որ նորից պետք է ոտքի կանգնեմ, հանձնվել չկա: Վերջին 2 տարիների ընթացքում վերակառուցում եմ իմ ապահով ապաստարանները: 

 

Չեմ կարող նկարագրել, թե «Ավրորա»-ին առաջադրվելը ինչպիսի ուժ է ներշնչում մեզ: Հնդկաստանում մարդիկ հասկանում են, որ միգուցե մեզ շրջապատողները, մեր հարեւանները չեն նկատում, բայց հեռավոր Հայաստանում ինչ-որ մեկը տեսնում է մեր կատարած աշխատանքը, ասում է՝ դուք ճիշտ ճանապարհի վրա եք եւ մենք ձեր կողքին ենք: 

 

Լուսանկարը` Photolure

 

***

 

78-ամյա Չո Լա Աունը 35 տարի պայքարում է ռոհինջա ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Դիմագրավելով անձնական եւ համակարգային մարտահրավերները՝ նա պաշտպանում է սեփական հայրենիքում վտանգված իր համայնքի իրավունքներ։ 

 

Մահմեդական ռոհինջա ժողովուրդը Ռաքայն նահանգում բնակվում է 11-րդ դարից։ 1982 թվականից կառավարությունը չի ցանկանում ճանաչել նրանց իբրեւ էթնիկ խումբ։ Մեզ քաղաքացիություն չեն տալիս, ասում են, որ ապօրինի ներգաղթյալներ ենք Բանգլադեշից։ Բայց մենք չենք ուզում այս տարածքը տալ Բանգլադեշին, մենք ուզում ենք ապրել Մյանմայի իշխանության ներքո եւ օրենքով։ 

 

Ռոհինջաներն աշխարհում ամենաշատ հետապնդվող փոքրամասնություններից են։ Ծայրահեղականները հարձակվում են մեզ վրա, իսկ իշխանությունները չեն խառնվում։ Մարդկանց թույլ չեն տալիս աշխատել, զրկել են կրթությունից եւ առողջապահությունից։ Առանց թույլտվության նույնիսկ տեղաշարժվել չենք կարող, չունենք քվեի իրավունք։ Սա խտրականություն է, որովհետեւ մենք մահմեդական ենք։ Քայլ առ քայլ մեզ ցեղասպանության են ենթարկում։

 

Ես սկսեցի պայքարել իմ ժողովրդի իրավունքների համար։ Ես միակ ռոհինջա իրավաբանն եմ այս շրջանում, որը կարող է բողոք ներկայացնել կառավարությանը եւ իրազեկել միջազգային ատյաններին։ Բնականաբար, ես իշխանություններին դուր չեմ գալիս։ Ընդհանուր առմամբ 10 տարի բանտում եմ անցկացրել։

 

Մենք հանձնաժողով ստեղծեցինք, որ բրինձ գնենք եւ բաժանենք ամենաչքավորներին։ Սկսեցի զբաղվել նաեւ երեխաների եւ մեծահասակաների կրթությամբ։ Ներգրավեցինք մոտ 110 ուսուցչի, եւ հիմա ավելի քան 10 հազար երեխա կրթություն է ստանում։

 

Ես չեմ ուզում լքել իմ երկիրը եւ ժողովրդիս էլ նույնն եմ հորդորում։ Ես հավատում եմ, որ մի օր մենք կվերանվաճենք մեր իրավունքները։

 

Եթե ստանամ այս մարդասիրական մրցանակը, դա կլինի իմ կյանքի ամենամեծ նվաճումը, եւ ես կկարողանամ դիմադրել կառավարության թշնամական վերաբերմունքին:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին