Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գուցե հիմա արդեն տեղափոխվելիս լիներ ԱՄՆ, եթե չլիներ «երազային» հեղափոխությունը: Նորանշանակ նախարարն ինքն էլ շատերիս նման հաճախ չի հավատում, որ Թավշյա հեղափոխությունն իրական էր:
Նոր նախարարների նշանակումից հետո 35-ամյա Արսեն Թորոսյանի ով լինելը ամենաշատը քննարկվեց սոցցանցերում: Փնտրում, գտնում ու պահպանում էին նրա՝ նախկինում արված գրառումները. նա կողմ էր պատվաստումներին, դեմ էր ծխելուն, տարբերվում էր սուր մեկնաբանություններով, աթեիստ է... Նախարարն անգամ ներողություն խնդրեց՝ որպես քաղաքացի Արսեն Թորոսյանի կողմից արված «այն արտահայտությունների համար, որոնք սխալ են ընկալվել»: Արդեն ծեծված սքրինշոթերի, գրառումների, Գարդասիլի, պարտադիր-ոչ պարտադիր պատվաստումների թեմաներին չանդրադառնալով՝ Արսեն Թորոսյանը Մեդիամաքսին պատմել է մինչեւ նախարար դառնալու իր անցած ճանապարհի ու ներկայում շատ զբաղված օրակարգի մասին:
Before/After
Փոխվել է ամեն ինչ, ոչինչ չի մնացել այնպես, ինչպես նախկինում էր... Չեմ կարողանում մարդկանց հետ խոսել, շփվել, զանգերին ու նամակներին չեմ հասցնում պատասխանել: Նախարարություն գալու առաջին օրվանից այսպես եմ աշխատում՝ շաբաթ-կիրակի, գիշեր-ցերեկ... Նախկին աշխատավայրում ժամանակս նույնպես կարգավորված չէր, բայց այն, իհարկե, նախարարի աշխատանքի հետ չես համեմատի: Նախկինում պատասխանատու էի մեկ բժշկական կենտրոնի համար, հիմա՝ ամբողջ երկրի: Ընտանիքիս ժամանակ չեմ հասցնում տրամադրել, 4-րդ օրն է երեխաներիս չեմ տեսել: Նաեւ ինֆորմացիան է շատ, նախ պետք է հասկանաս տեղեկությունը, հետո վերլուծես ու որոշումներ կայացնես:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ-որ չափով պատրաստ էի այս ամենին, երեւի միայն այսքան ծանրաբեռնված լինելուն պատրաստ չէի, բայց հիմա արդեն հարմարվել ենք: Ինձ շատ են հարցնում՝ աշխատանք-կյանք հավասարակշռության մասին (life-work balance). երբ տեսնում ենք՝ ինչքան բան կա անելու, հասկանում ենք, որ առնվազն կես տարի նմանատիպ ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատենք, որ գոնե էվոլյուցիոն զարգացում ապրենք: Երբ ասում ենք՝ հեղափոխություն է տեղի ունեցել երկրում, նկատի չունենք միայն հրապարակի գործողություններն ու ժողովրդին, ամեն ինչն է հեղափոխական, նոր իրողության մեջ բազմաթիվ ծրագրեր պետք է վերանայվեն, որոշումներ կայացվեն: Տարբերակ չունենք սխալվելու ու չանելու, այդ պատճառով ենք այսքան ծանրաբեռնված:
Թավշյա հեղափոխությունը
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց փողոցներ փակելու մասին, աշխատավայրումս նստած ուղիղ եթերով հետեւում էի, մի ընտանիքի տեսա՝ երկու երեխաների հետ միասին (իմ ընտանիքի նման) փակել էր Սեւանի ճանապարհը: Աչքերս թրջվեց, անջատեցի լայվը, մեքենաս թողեցի աշխատավայրում ու տաքսիով գնացի Դավթաշեն. այդ պահին Նիկոլն այնտեղ էր քայլում: Այդ օրվանից սկսվեց. աշխատակիցներով գնում էինք փողոց էինք փակում, կենտրոնում մոտ 30 հոգի էինք, 20-ս փողոց էինք փակում, 10 մնում էին աշխատելու, որ հիվանդները չտուժեն: Մինչեւ այդ մի երկու անգամ գնացել էի Օպերայի հրապարակ, բայց չէի մասնակցում ցույցերին:

Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք Նիկոլի համար չենք գնացել պայքարելու, մենք մեզ համար ենք պայքարել: Երբ մեկն ասում էր, թե Նիկոլը ինչ-որ մի բան սխալ է անում, պատասխանում էի՝ եթե նա սխալ է, դու ինքդ արա, կամ գնա տուն, ոչ մեկ քեզ ստիպողաբար չի բերել պայքարելու:
Քաղաքականությունը եւ մշտական պայքարը
Քաղաքականությամբ սկսել եմ հետաքրքրվել 2003 թ.-ից, ուսանող էի այդ ժամանակ, ընկերներով ակտիվ մասնակցում էինք ցույցերին: Հետո մի պահ դադար եղավ. քաղաքական դաշտը ամայացել էր:
Փոքրուց եմ պայքարող եղել, պայքարում էի ծնողներիս դեմ, ուսուցիչների հետ էի վիճում, դասախոսների հետ: Մի անգամ նույնիսկ համալսարանում մեր թոշակն ուշացնում էին, ռեկտորը հերթական դասընթացների ստուգումն էր անցկացնում, մտավ լսարան, որտեղ 200 ուսանող կար, հարցրեց՝ ինչ խնդիր ունենք, կանգնեցի ու ասացի՝ ինչո՞ւ մեր թոշակները չեք տալիս: Եղածը մի բան չէր, 5000 դրամ էր ու 3 ամիս ուշացնում էին, մի օր անց տվեցին թոշակները: Իրականում, պայքարելու բնավորությունս ինձ միշտ խոչընդոտել է, գուցե նաեւ օգնե՞լ է առաջ գնալու համար:
Հիմա էլ երեւի մի քիչ կխանգարի՞, չնայած ինչպես հասկանում եմ՝ այս նոր կառավարության դեմքում նիստի ժամանակ ընդդիմախոսելը նորմալ է համարվում, ազատ կարող ենք չհամաձայնել վարչապետի հետ: Վարչապետն է մեզ խրախուսում ազատ լինել, շատ անգամներ ուղիղ կապով փորձել եմ վարչապետին ինչ-որ բան ասել, իսկ նա պատասխանել է, թե ինչո՞ւ հենց նիստի ժամանակ չեմ բարձրացնում հարցը: Սա շատ ողջունելի է, սա է ժողովրդավարությունը:
Նիկոլը, DVD-ների հեղափոխությունը, հիասթափությունը
2007 թվականին ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի լսարաններից մեկում Նիկոլ Փաշինյանը մի խումբ երիտասարդների համար դասախոսություն կարդաց:
Համալսարանում Առաջնորդների զարգացման դպրոց էր գործում, նրանց հետ իմ կապերն ունեի ու ներկա էի դասախոսությանը՝ այդ օրվանից նորից սկսեցի ներգրավվել քաղաքականության մեջ: Ընտրությունների ժամանակ եղել եմ «Իմպիչմենտ» դաշինքի վստահված անձ, դիտորդ, եղել եմ նաեւ Նիկոլ Փաշինյանի վստահված անձը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեմ, բայց շատ-շատ ընկերներ ունեմ կուսակցությունից:

Լուսանկարը` Մեդիամաքս
2008-ին եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: DVD սկավառակները 10 հազար օրինակով ձայնագրում էինք ու իմ մեքենայով տարբեր գյուղերում էինք բաժանում: Ի դեպ, այդ ամենն արել ենք անաչառությամբ, ասում էին՝ ցույցերին մասնակցելու համար ձեզ գումար եւ պիցցա են բաժանում, իսկ ես իմ աշխատավարձն էի ծախսում: 2008-ի ընտրություններին իմ գրպանից մոտ 1500 դոլար գումար եմ ծախսել՝ DVD-ներ կրկնօրինակելու համար, այն ժամանակ էլ ասում էինք՝ DVD-ների հեղափոխություն է: Մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո եղել եմ նաեւ բազմաթիվ ակցիաների ու նախաձեռնությունների մասնակից:
Հետո կրկին ամեն ինչ մարեց: Հիասթափության պահեր եղել են, նույնիսկ վերջին իրադարձություներից առաջ որոշել էինք ընտանիքով լքել Հայաստանը, մեկ տարվա մեջ պետք է հեռանայինք ԱՄՆ, բայց եղավ այն, ինչ եղավ... Ես նույնպես սկզբում չէի հավատում: Ընթացքում խոստացա, որ ոչ միայն չեմ հեռանա, այլեւ հենց ԱԺ-ում ընդդիմությունը մեծամասնություն դառնա, երրորդ երեխան կունենանք: Կինս դեռ համաձայն չէ, բայց ասել եմ՝ դու չլինես, ուրիշը կլինի (խմբ. ծիծաղում է)...
Իսկ առհասարակ առողջապահության վերաբերյալ տեղի ունեցող գործընթացներին միշտ ակտիվ արձագանքել եմ ՝ լայվեր, մամուլի ասուլիսներ, հոդվածներ... Մատս միշտ պուլսի վրա եմ պահել, քանի որ ես ընդամենը անտարբեր չեմ եղել:
Բժշկությունն ընտրելու, բայց բժիշկ չդառնալու մասին
Երկու տարեկան էի, երբ տատիկս հիվանդացել էր. մայրիկս, ես ու քույրիկս որոշ ժամանակ տատիկ պապիկի հետ էինք ապրում Վանաձորի գյուղերից մեկում, այդ ժամանակ հայրս Մոսկվայում էր սովորում (ծնողներս Ջավախքից են, ես Երեւանում եմ ծնվել, 4 տարի ենք ապրել Վանաձորում): Տատիկիս շատ էի սիրում, ասում էի՝ մեծանամ, բժիշկ կդառնամ ու քեզ կբուժեմ: Ոչ մեկ չէր ասում՝ պետք չէ, տղա ջան, ավելի լավ մասնագիտություններ կան (խմբ. ծիծաղում է)...

Լուսանկարը` Մեդիամաքս
Ընդունվեցի Երեւանի պետական բժշկական համալսարան, բայց երրորդ կուրսից հասկացա, որ բուժող բժիշկ չեմ ուզի աշխատել՝ տարբեր հանգամանքներից ելնելով, այդ թվում ոլորտում առկա արատավոր երեւույթների պատճառով, երբ երիտասարդներին տեղ չեն տալիս «մեծերը», կարծում են՝ իրենք երկարատեւ կամ ցմահ մենաշնորհ ունեն...
Աստիճանաբար հասկացա, որ կուզենամ զբաղվել առողջապահության կազմակերպչական գործերով: Ուսումս շարունակեցի հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:
Երբ ինձ հարցնում են՝ բժիշկ ես, պատասխանում եմ ՝ նախկին կյանքում՝ այո: Չեմ փոշմանում, որ բժշկական համալսարանն եմ ավարտել ու բժշկությամբ չեմ շարունակել: Պետք է կյանքին թեթեւ նայել, ամեն դեպքում այն բարձրագույն կրթություն է, ես էլ միշտ ոլորտի մեջ եմ եղել, կարող էի ոլորտից դուրս էլ աշխատել, դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:
Կրթություն եւ աշխատանք
Աշխատել սկսել եմ 4-րդ կուրսից, առաջինը կամավորական աշխատանք էր. Երեւանի ու մարզերի դպրոցներում բարձր դասարանի աշակերտների համար առողջ ապրելակերպի դասընթացներ էի կարդում:
Աշխատանքային իմ կարիերան շատ բուռն է եղել, ուսանողական տարիներիս դեղատանն եմ աշխատել՝ գիշերային հերթափոխով: Ոչ մի ուսանողի էլ հաճելի չէ աշխատել. գումարի խնդիր ունեի, դրա համար էլ սկսեցի աշխատել: 2004-2005թթ. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատողների խմբի ղեկավարն էի, առաջին աշխատավարձս 40 հազար դրամ էր: Զբաղվում էինք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց սոցիալական օգնություն տրամադրելով ու տարբեր գերատեսչություններում նրանց շահերը ներկայացնելով: Աշխատանքներին զուգահեռ սովորում էի, ուրիշ տարբերակ չկար, պետք էր ապրել, զարգանալ: Բուհում անվճար եմ սովորել, այդ մի հարցում բախտներս բերել էր, քննությունը բարձր էի ստացել: Դպրոցն էլ ոսկե մեդալով եմ ավարտել, գերազանցիկ եմ եղել 10 տարի:

Լուսանկարը` Մեդիամաքս
Սիրահարված գերազանցիկ չեմ եղել. անկեղծ ասած, դպրոցում մայրիկս շատ էր տանջում, որ լավ սովորեմ, հիշում եմ ճղված տետրերս... Երբ մի բան սխալ էի գրում, ոչ թե ասում էր ուղղի, այլ էջը պատռում էր ու ստիպում նորից գրել: Տանջել են ինձ, մի՞գուցե պետք էր, ամեն դեպքում ես ցավով եմ հիշում, որ ինձ տանջում էին: Ես երբեք երեխաներիս հետ նման կերպ չեմ վարվում, նույնիսկ ասում եմ՝ վրան գիծ քաշիր ու կողքը գրիր:
Աշխատանքային փորձ
2005-2010 թթ.-ին եղել եմ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի՝ Ընտանեկան բժշկության եւ բուժօգնության որակի համակարգող: Ծրագիրը վերաբերում էր պոլիկլինիկական հատվածին եւ գյուղական ամբուլատորիաներին՝ սկսած բժիշկների վերապատրաստումից մինչեւ կենտրոնների վերանորոգում: 5 տարի աշխատել եմ այդ ծրագրի վրա, որն այժմյան իմ գործի համար շատ կարեւոր է, քանի որ ես նախարարություն եմ եկել՝ համակարգի մասին շատ բան իմանալով: Դա ինձ մրցակցային առավելություն է տալիս, աշխատանքին ծանոթանալու համար ժամանակ չեմ ծախսել, եթե փորձը չունենայի, գուցե ցայտնոտի մեջ ընկնեի, եւ աշխատանքիս արդյունավետությունը շատ ավելի ցածր կլիներ:

Լուսանկարը` Մեդիամաքս
2010-2011 թթ.-ին աշխատել եմ նախարարության ենթակայության տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում որպես Մոնիտորինգի եւ գնահատման բաժնի վարիչ, հետո տնօրենի պաշտոնակատար: 2011 թվականից մինչեւ նախարարի պաշտոնը ստանձնելը եղել եմ ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենը: Կենտրոնը ՄԻԲՍ մեծ ցանցի երեւանյան մասնաճյուղն է: Ռուսական ՄԻԲՍ բժշկական մասնավոր կենտրոնին համոզել էի, որ Երեւանում նույնպես բացենք նրանց մասնաճյուղը, դա 1 մլն դոլարից ավելի ներդրում էր հայկական առողջապահության ոլորտում: Ես ընդամենը եղել եմ այդ կենտրոնի տնօրենը եւ նախաձեռնողը: Սեփական բիզնես կամ ինչ-ոչ ընկերությունում մասնաբաժին չունեմ:
15 տարվա իմ կարիերայի ընթացքում շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց երբեք չեմ դժգոհել: Պետք չէ միայն խնդիրները մատնանշել, պետք է հնարավորությունները տեսնել, նույն կերպ հիմա նախարարությունում եմ աշխատում: Ինձ շատ հաճախ են ասում, թե ծանր ժառանգություն եմ ստացել. եթե այդպես վերաբերվենք, կարող ենք հենց հիմա դռները փակել ու գնալ տուն: Ասենք թե ծանր ժառանգություն ենք ստացել, եւ՞: Հակառակը՝ պետք է ասել, որ հնարավորություն կա փոխելու. չկան հին կարծրատիպերը, չկան ինձ զանգողները: Ինձ ոչ մեկ չի զանգում ու ասում՝ այս որոշումը մի ընդունիր, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ոլորտի մագնատները: Մենք ազատ ենք մեր որոշումների ընդունման մեջ:
Ազատությունը միշտ զուգորդվում է արդյունավետության հետ: Հիմա բազմաթիվ գործընթացներ ենք սկսել, որոնք հնարավոր է որոշ նախկին մագնատների «խփեն» ինչ-որ ձեւով, քանի որ նրանք արտոնյալ կարգավիճակում են եղել բոլորի նկատմամբ: Մենք անձնավորված ինչ-որ մեկի դեմ դուրս չենք գալու, եւ ոչ մեկ ինձ չի կարող զանգել ու ասել՝ մի արեք դա:
Առողջապահության նախարարի առողջ ապրելակերպը
Դահուկ եմ քշում, վերջին սեզոնին մոտ 12 անգամ գնացել եմ Ծաղկաձոր դահուկ քշելու, Սոչի էի նաեւ գնացել: Մարզասրահ եւ լողի էի հաճախում, հիմա այլեւս չեմ հասցնում, հեծանիվ ունեմ, որի ակերը նստել են... Հեծանիվով աշխատանքի գուցե կարողանամ գալ, բայց տուն վերադառնալ չի ստացվի. Ջրվեժում եմ ապրում, տեղանքում նույնիսկ վազել չի ստացվում, հեռավորությունն էլ այստեղից 15 կմ է:
Ժամանակի պատճառով չեմ կարողանում լավ հետեւել ապրելակերպիս, այժմ հիմնական խնդիրս հիպոդինամիան է՝ քիչ շարժվելը: Ամբողջ օրը նստած եմ, անգամ քայլել չեմ հասցնում, մինչդեռ մարդ պետք է շաբաթական 2-3 անգամ գոնե 30 րոպեով ինտենսիվ շարժվի: Հետեւում եմ սննդի բաղադրությանը, ընդհանրապես հաց չեմ ուտում, առհասարակ մեր ընտանիքում հաց չենք գնում, հազվադեպ լավաշ ենք առնում:
Բուսակեր չեմ ու դեմ եմ բուսակերությանը, քանի որ մսի մեջ կան շատ կարեւոր ու էական սպիտակուցներ եւ ածխաթթուներ, որոնք մենք պետք է ընդունենք: Շատ դժվարությամբ կարող ենք լրացնել դա այլ սնունդով: Իմ մոտեցումն այս է՝ ծայրահեղությունների մեջ ընկնելը ճիշտ չէ, դա եւ՛ քո կյանքն է դժվարացնում, եւ՛ քեզ շրջապատողների, պետք է միշտ բալանսը պահել:
Քաղցր չեմ ուտում, սակայն փոքր ժամանակ քաղցր շատ եմ սիրել, որտեղ ինչ քաղցրավենիք էր պահած, գողանում, ամեն ինչ ուտում էի: Երեխաների գիրության հիմնական պատճառը տատիկ-պապիկների, անծանոթ մարդկանց տված կոնֆետներն են. «բալիկ է, ուրեմն պետք է շոկոլադ ուտի» երեւույթից պետք է ազատվենք: Երեխաներս ինձ նման են, քաղցրասեր են, բայց լուծումը գտել ենք՝ բացարձակապես շոկոլադ տանը չենք պահում: Վերջին մեկ տարում նիհարել եմ 16 կգ-ով, 96 կգ էի, 80-ի եմ հասել եւ ձգտում եմ դառնալ 75 կգ: Հատուկ ոչ մի բան չեմ արել նիհարելու համար, պարզապես հետեւել եմ սննդակարգիս:
Առանց կրոնի եւ կուռքերի
Կարող էի ոչ մի տեղ չգրել ու չասել, որ աթեիստ եմ, ո՞վ էր իմանալու: Համացանցում այս թեմայով գրառումներ եմ արել, «Աթեիստ եմ» ֆեյսբուքյան խմբում իմ անունը կա, որովհետեւ կարծել եմ՝ պետք է ցույց տալ, որ մարդիկ տարբեր են եւ բոլորը միանման չեն: Երբ բոլորն իրար նման են, դա տոտալիտարիզմ է: Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ նման մարդիկ չկան, իրականում կան ու շատ են՝ հազարներով, բայց նրանք իրենց համոզմունքները չեն պարտադրում ուրիշներին: Ուզում էի ցույց տալ, որ նրանք էլ հաջողակ են, ընտանիք ունեն, երեխաներ, մարդկանց սիրում են, աշխատում են տարբեր վայրերում...
Կրոնը չէ, որ մարդուն դարձնում է բարոյական, այն կարող է նպաստել դրան եւ հակառակը՝ ինչպես տեսնում ենք բազմաթիվ ծայրահեղական խմբավորումների դեպքում: Ես համարում եմ, որ դաստիարակությունը մարդու մեջ փոքրուց կարող է ներարկել հումանիզմ, համամարդկային արժեքներ, սեր, հանդուրժողականություն՝ անկախ կրոնին պատկանելուց կամ չպատկանելուց եւ կրոնի տեսակից: Ես այդ արժեքների կրողն եմ, առհասարակ կրոնի բացակայությունը ոչ մի կերպ չի արտահայտվում՝ մարդկանց կամ երեւույթների նկատմամբ իմ վերաբերմունքի մեջ:
Ես չունեմ կուռքեր, սիրած ֆուտբոլի թիմ, սիրած երգիչ, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ: Նույնը կարող եմ ասել իմ կարիերայի մասին՝ որեւէ աշխատանք ավել կամ պակաս չեմ սիրել. ինչ արել եմ, արել եմ հաճույքով: Կարծում եմ՝ եթե պարտադրված չես ինչ-որ բան անելու, պետք է ընտրես այն տարբերակը, որը հաճույքով կանես, հակառակ դեպքում՝ լավ արդյունք ստանալը անհնար է: Կարծում եմ, որ միշտ կա փոխելու հնարավորությունը, միշտ կարող ես փոխել քո կյանքը, աշխատանքը...
Հեղափոխության ամփոփումը
Ինչո՞ւ էի ես մտել այս ամենի մեջ, քանի որ իրոք համարում էի, որ սա Հայաստանում մնալու իմ վերջին հնարավորությունն էր, որ հետագայում ինքս ինձ չմեղադրեի ու խղճիս առաջ ազնիվ լինեի, որ հետո չասեի. «Արսեն, հնարավորություն կար ինչ-որ բան անելու, բայց դու չարեցիր...»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Ոչ մեկ էլ չի ուզում հեռանալ Հայաստանից, բոլորն էլ գնում են կամ այդ պահի դժվարությունների կամ «ապագան չտեսնելու» պատճառով: Ես ոչ մի խնդիր չունեի, լավ էի ապրում: Ես չեմ ուզում տոտալիտար կամ ավտորիտար երկրում ապրել, կամ չեմ ուզում Թուրքմենստանի նման պետությունում ապրել, իսկ Հայաստանը հետեւում էր Թուրքմենստանի սցենարին, բոլորս էլ դա գիտակցում էինք:
Փաստացի սա մի երազ է, որի մեջ մենք ապրում ենք բոլորս. երազներին մի քիչ դժվար է հավատալը, բայց պետք է հավատանք: Սա ոչ միայն երազ է, այլեւ համաշխարհային մասշտաբի պատմական իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեր երկրում՝ թե Նիկոլ Փաշինյանի, թե նրա շուրջ ավելի մոտ կանգնած մարդկանց, թե ընդհանուր հայ ժողովրդի շնորհիվ:
Կարդացեք նաեւ.
Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար
Սուրեն Պապիկյան. բանվոր եւ հնագետ, ուսուցիչ եւ նախարար
Լիլիթ Մակունց՝ կարծրատիպեր կոտրող մշակույթի նախարարը
Էդուարդ Աղաջանյան՝ DJ-ից մինչեւ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: