Լիլիթ Մակունց՝ կարծրատիպեր կոտրող մշակույթի նախարարը - Mediamax.am

exclusive
34549 դիտում

Լիլիթ Մակունց՝ կարծրատիպեր կոտրող մշակույթի նախարարը


Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիլիթ Մակունց, 34 տարեկան, մշակույթի նախարար. երբ այս տեղեկությունը տարածում գտավ, մշակույթի գործիչների շրջանում իրական իրարանցում սկսվեց։ Մինչ ոլորտի ներկայացուցիչները փորձում էին տեղեկություններ հավաքագրել նորանշանակ նախարարի մասին, Մակունցն արեց իր առաջին հայտարարությունը, որը մեծ աժիոտաժ առաջացրեց. «Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, այն իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»։ 

Մեդիամաքսը շարունակում է ներկայացնել Հայաստանի կառավարության նոր անդամներին։ Նախարար Մակունցին հանդիպեցինք իր աշխատեսենյակում։ Նորանշանակ նախարարը զերծ մնաց աշխատասեղանի մոտ պաշտոնական զրույցից ու առաջարկեց տեղավորվել փոքրիկ բազմոցին։

 

Մինչեւ երկու ամիս առաջ տարբեր ցույցերին որպես պահանջատեր քաղաքացի ներկայացող Հայ-ռուսական համալսարանի դասախոս Լիլիթ Մակունցն այսօր քաղաքական պատասխանատվություն կրող, պահանջները լսել եւ բավարարել փորձող թիմի անդամ է։ Դիրքային անցումը նրա մոտ ստացվեց այնքան արագ, որքան տարիներ առաջ ուսանողական աթոռից դասախոսական ամբիոն տեղափոխվելը՝ ավարտական քննությունից մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկ՝ կրկին երկու ամիս։ Նորանշանակ նախարարը եկել է փոփոխությունների իր տեսլականով։ Ասում է՝ հիմքում ազնվության, հավասարության, անկաշառության սկզբունքների պահպանումն է։

 

Նիկոլ Փաշինյանի առաջարկը

 

«Դեռ նախորդ տարի՝ խորհրդարանական ընտրութուններից առաջ, «Քաղաքացիական Պայմանագրից» ունեցել եմ ընտրություններին մասնակցության առաջարկ, սակայն այդ պահին պատրաստ չէի նման գործընթացում ներգրավվելու, ունեի բազմաթիվ կիսատ ծրագրեր, պարտավորություններ։ Նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացա վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ինձ համար կարեւոր էր նրա վստահությունը։ Հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կառավարության նոր անդամների հանդեպ ունեն որոշակի վերապահումներ։ Հատկապես, իմ առումով հասկանում եմ մտավախությունները, որովհետեւ երբեք առաջնային պլանում չեմ եղել»,- ասում է նախարարը։ Ըստ նրա՝ Փաշինյանը հենց իրեն է ընտրել այս պաշտոնի համար՝ հիմնվելով մասնագիտական հմտությունների, երկրում փոփոխություններ կատարելու ձգտումների եւ անձնական որակների, մասնավորապես, անկաշառ լինելու վրա։

 

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շատերն ակնկալում էին այս պաշտոնում տեսնել մշակութային գործչի։ Նախարարը շեշտում է. սա քաղաքական պաշտոն է։ Նաեւ կարեւորում է այն, որ նախարարը չներկայացնի մշակույթի շահառու որեւէ խմբի։ Այնուամենայնիվ, ընդգծում է. «Ես լեզվաբան եմ, իսկ լեզուն մշակույթի ամենակարեւոր մասնիկներից մեկն է»։

 

Ինչ վերաբերում է տարբեր ծրագրերի ֆինանսավորման համամասնությունը պահելուն՝ իբրեւ լուծում՝ Մակունցը տեսնում է մոտեցումների համադրումը. «Ֆինանսավորման հարցը չպետք է անձնավորված լինի։ Պետք է ունենանք հստակ չափորոշիչներ, որպեսզի յուրաքանչյուրը դիմի ֆինանսավորման համար, չափորոշիչներին, կանոնակարգին համապատասխանելու դեպքում ունենա մուտք այն հնարավորություններին, որոնք պետությունը սահմանում է տվյալ ոլորտում։ Եթե բոլորը վստահ լինեն, որ որեւէ մեկը չունի պետական հովանավորչություն, բոլորի համար սկզբունքը նույնն է, խնդիրներ չեն լինի»։

 

«Մշակույթը ես եմ»

 

Նախարարը վստահ է՝ մշակույթն ազգային ինքնության հարց է։ Մշակույթը սկսվում է յուրաքանչյուրիս ներսից, դրսեւորվում ամենափոքրիկ կենցաղային հարցերից մինչեւ կրթական մակարդակ։ «Հստակ սահմանում չկա՝ որտեղ է սկսվում եւ ավարտվում մշակույթը։ Մշակույթ է խանութում հերթ կանգնելը, մարդկանց հետ հարաբերվելը, կոռուպցիայի մեջ թաթախված չլինելը, ազնիվ լինելը, աշխատանքային էթիկա ունենալը։ Ամեն ինչ առնչվում է մշակույթին։ Այն լայն հասկացողություն է, որը ներառում է կենցաղից մինչեւ բարձրագույն արժեքային ժառանգություն, որն ունենք։ Կարեւորում եմ մշակութային ժառանգությունը պահպանելը, միաժամանակ առաջ նայելը։ Ունենալով հիմք՝  պետք է հարստացնել եւ ստեղծել նորը։ Կարեւորում եմ նաեւ մեր ժառանգությունն ու այսօրվա մշակույթը աշխարհին ներկայացնելը»,- ասում է նախարարը։

 

Իր ներքին մշակույթի առաջնահերթությունները Մակունցը համարում է հավասարության, օրենքի գերակայության, մշակույթի հարստացման խրախուսման  սկզբունքների պահպանումը։ «Առաջին հայացքից կարելի է մտածել` ինչ կապ ունի հավասարությունը կամ օրենքին հետեւելը մշակույթի  զարգացման հետ, սակայն շատ կարեւոր է, թե ինչպիսի մոտեցում ունես քո պետության զարգացման հանդեպ։ Եթե չես առաջնորդվում հարգանքի, բոլորի հետ հավասար պայմաններով մրցելու սկզբունքներով, չեմ պատկերացնում՝ ինչպիսին պետք է լինի զարգացումը տվյալ մշակույթում»։ 

 

Մշակույթի իր սիրելի ճյուղերից նախարարն առանձնացնում է երկուսը՝ թատրոնը եւ ընթերցանությունը։ «Կինո նույնպես սիրում եմ, սակայն թատրոնն այլ հաճույք է»։ Իսկ ահա կարդալը, նախարարի խոսքով, ոչ միայն կրթական, այլեւ թերապեւտիկ նշանակություն ունի։ «Երբ շատ դյուրագրգիռ ու լարված եմ լինում, ընթերցանությունն ինձ հանգստացնում է։ Կարծում եմ, գիրք կարդալը մարդուն ավելի բարի է դարձնում»։

 

Ըստ նախարարի՝ պետք է ակտիվացնել մշակութային կյանքը բոլոր ոլորտներում, իսկ ընթերցանությունը՝ խրախուսել ընտանիքից ու դպրոցից։ Այս առումով նախարարը նախատեսում է համագործակցել կրթության եւ գիտության նախարարության հետ։

 

Պաշտոնը եւ մարդը

 

Նախարար նշանակվելուց հետո շատերն են փորձում անմիջական ծանոթություն հաստատել Մակունցի հետ, հրավիրում են իրենց միջոցառումներին։ Մեզանում ընդունված է այս իրավիճակն ընկալել որպես նախարարի շուրջը պտտվելու, նրան հաճոյանալու փորձ։ Ինքը՝ Մակունցը, չի համարում, որ շատերը սկսել են հաճոյանալ իրեն։ «Ես ոլորտում նոր մարդ եմ, գործիչներն ուզում են ծանոթանալ այն մարդու հետ, որը պատասխանատվություն է կրում որոշումներ կայացնելու համար, ուզում են կիսվել իրենց մտահոգություններով, առաջարկներ ներկայացնել, ինչու ոչ, հասկանալ՝ ով եմ ես։ Ժամանակն է վերացնել այն դիստանցիան, որ եղել է պաշտոնյաների եւ մարդկանց միջեւ։ Մարդիկ լսելի լինելու պակաս են ունեցել։ Քաղաքական պաշտոնյան պարտավոր է լսել ոլորտի մարդկանց խնդիրները։ Եթե պաշտոնատար անձինք ավելի հաճախ շփվեն մադկանց հետ, լսեն նրանց խնդիրները, դրանք շատ ավելի արագ կնվազեն»,- վստահ է նա։

 

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Կարծրատիպը, որ պաշտոնը փոխում է մարդուն, նախարարը փորձում է կոտրել ներքին զսպանակի եւ հարազատների խորհուրդների օգնությամբ։ «Պետք է ներքին զսպող օղակ լինի, որը մշտապես կհավասարակշռի քեզ։ Ես ունեմ ձեւավորված բնավորություն, արժեքներ, որոնց հավատարիմ եմ եղել եւ հավատարիմ եմ մնալու անկախ՝ քաղաքական իրավիճակից, փոփոխություններից, սակայն ընկերներիս, ընտանիքիս անդամներին զգուշացրել եմ, որ եթե փոփոխություն նկատեն, ինձ ասեն։ Ամեն դեպքում, մարդը ներքին զսպանակ պետք է ունենա, որով կկարողանա հավասարակշռել ամեն ինչ»,- ասում է նախարարը, որը կարծրատիպ կոտրելու խնդիր ունի նաեւ սեռի եւ տարիքի հետ կապված։ Իր օրինակով նա ուզում է ոգեւորել բոլոր կանանց, որոնք մտածել են քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունենալու մասին։

 

Նոր առօրյան

 

Նախարար Մակունցին հանդիպեցինք ոչ աշխատանքային շաբաթ օրով։ Նա մեզ ընդունեց գրահրարատակիչների հետ հանդիպումն ավարտելուց անմիջապես հետո, մեզ ճանապարհելիս էլ արդեն նոր հյուր ուներ՝ ժամագրված էր ամեն րոպեն։ Ասում է՝ պաշտոնը ստանձնելուց հետո աշխատում է առանց հանգստյան օրերի եւ ժամերի։ Կին նախարարն ունի կանացի առանձնահատկություններ՝ անկախ գերբեռնված օրվանից խնամված տեսք ունի, իսկ զրույցը սկսելուց վայրկյաններ առաջ հասցրեց շրթներկը թարմացնել, չէ՞ որ լուսանկարվելու է։

 

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Միշտ զբաղված եմ եղել, սակայն այսքան խիտ գրաֆիկ երբեւէ չեմ ունեցել։ Օրս սկսվում է 5։30-6։00–ին։ 7։30-ից 8։00–ն ընկած ժամանակահատվածում արդեն լինում եմ աշխատավայրում, այլապես չեմ հասցի գործերը։ Տուն հասնում եմ ժամը 22-23–ի սահմաններում։ Ծնողներիս հետ առավելագույնը 1 ժամ եմ հասցնում շփվել, սակայն սա նորմալ եմ համարում։ Եթե ծառայության ես մեկնում, պետք է պատրաստ լինես, իսկ ես սա համարում եմ  ծառայություն»,- ասում է նախարարը, որի գրասեղանը լի է բազմաթիվ նշումներով։ 

 

«Նոր կառավարության անդամների համար դժվար է. ունենք բազմաթիվ խնդիրներ, մարդիկ էլ շատ մեծ ակնկալիքներ ունեն։ Նոր կառավարության անդամների հետ խոսելիս երբեմն կատակում եմ` ասես մահապարտների ջոկատ լինենք։ Մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված, պետք է կարողանանք պատվով հաղթահարել այդ ամենը»,- ընդգծում է Մակունցը։

 

Ղեկավար լինելու բարդությունները

 

Առաջին հայացքից փխրուն նախարարը վստահեցնում է՝ անհրաժեշտության դեպքում կարող է եւ խիստ լինել։ Հարգանքով է լցված բոլոր գործիչների հանդեպ, սակայն գիտակցում է, որ պաշտոնը պահանջում է սկզբունքային դիրքորոշումներ, քաղաքական մոտեցումներ։ Կարծում է՝ հավասար սկզբունքների ապահովման դեպքում խնդիրներ չեն առաջանա, կոշտ դիրքորոշումների կարիք չի լինի։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նախարարն ասում է՝ ղեկավարման փորձ ձեռք է բերել դասախոսական աշխատանքի շնորհիվ։ «Համալսարանական աշխատանքն ինձ թրծել է։ Ես ոչ միայն գիտական աշխատանք եմ արել, այլեւ գործ եմ ունեցել մարդկանց հետ։ Իբրեւ դասախոս՝ պետք էր հոգեբանորեն հասկանալ մարդկանց, երբեմն կոշտ ու սկզբունքային դիրքորոշում ունենալ։ Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո՝ ավարտական քննության արդյունքում, հրավեր ստացա դասախոսելու Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում: Սկզբում շատ բարդ էր։ Դասավանդում էի Տնտեսագիտության, Մենեջմենթի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում։ Դասաժամեր ունեի բարձր կուսերում, որտեղ ուսանողների մեծ մասն իմ տարեկիցներն էին, ոմանք, նույնիսկ, մեծ էին ինձանից։ Կարողացա արագ հասկանալ,  թե ինչ սկզբունքներով պետք է աշխատել։ Ամեն ինչ տեղի էր ունենում կառուցողական դաշտում, բայց խստությունը, սկզբունքային դիրքորոշումները պարտադիր էին, հակառակ դեպքում, պարզապես չէի կարող ղեկավարել կուրսը»,- հիշում է նա։

 

Նախարարը փորձում է հետեւողական է աշխատել։ Օրինակ, վարչապետի եւ մշակույթի գործիչների հետ հանդիպման ցանկ կազմելիս նկատել է, որ իրեն տրամադրվել են սրբագրված ցուցակներ, դիմել է ոլորտի տարբեր մարդկանց՝ ցանկը համալրելու համար. 

 

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Նախարարությունում տարբեր աշխատակիցներ կան, միայն նախարարը չէ։ Գիտեի, որ նախարարությունում կա մշակույթի գործիչների տվյալների բազա, որի հիման վրա իրականացվում են հրավերները։ Ենթադրվում էր, որ այն ներառում է բոլորին, բայց իմացա, որ ինձ տրամադրել են սրբագրված ու գրաքննված ցանկ։ Տարբեր գործիչների խնդրեցի համալրել այդ ցուցակը։ Նաեւ սոցցանցում գրառում արեցի, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, որ հանդիպում է նախատեսվում»։

 

Մակունցների ընտանիքը

 

Լիլիթ Մակունցը ծնվել է Երեւանում, սակայն արմատները տանում են դեպի Դաշտային Ղարաբաղ։ Հայրը` Կամո Մակունցը, ծնվել է Ջերմուկում, հետագայում տեղափոխվել է Երեւան։  «Պապիկս միշտ պատմել է, որ խորը արմատներով Դաշտային Ղարաբաղից ենք։ Ցավոք, ոչ ես, ոչ էլ հայրս չենք կարողացել արխիվներում շատ մանրամասներ գտնել մեր տոհմի մասին, բայց իմ ու եղբորս  պատմության ուսուցիչներն ասում էին, որ մեր տոհմը շատ հին ծագում ունի»,- ասում է նախարարը, որը մեծացել է ինժեների եւ ուսուցչուհու ընտանիքում։ Մանկուց տեսել է, թե ինչպես է հայրը զբաղվում գիտական աշխատանքով, հետագայում ինքն էլ է ընտրել գիտությամբ զբաղվելու ուղին, 2014–ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:

 

Ասում է՝ մանկուց հանդարտ երեխա է եղել, թեեւ երբեմն ունեցել է պոռթկումներ, ինչպես լինում է հանդարտ մարդկանց դեպքում։ Կարեւորում է անհատականություն լինելը։ Ասում է՝ իր տեսակի ձեւավորման հարցում մեծ դեր է խաղացել հայրը։ «Ծնողներս փորձել են մանկուց իմ ու եղբորս մեջ զարգացնել քննադատական միտքը։ Հայրս մեզ հետ տարբեր թեմաներ էր քննարկում ու միշտ կարծիք հարցնում։ Երբ համաձայնում էինք իր մտքի հետ, հարցնում էր՝ ինչո՞ւ։ Այդպես սկսեց զարգանալ իմ քննադատական միտքը։ Ցանկացած իրավիճակում կարեւոր է ունենալ քո հիմնավորված, փաստարկված կարծիքը։ Դա պարտադիր է քաղաքացի լինելու համար» ,- շեշտում է նախարարը։ Ապա հավելում է, որ սեփական դիրքորոշում ունենալը չի նշանակում ամեն ինչին հակառակվել, պետք է կառուցողական մոտեցում ունենալ։ «Ինքս այդպես եմ դաստիարակվել։ Կան հարցեր, որոնք, կարծում եմ, դպրոցում  պետք է տրվեն երեխաներին, մասնավորապես, ի՞նչ է նշանակում լինել հայ, լինել քաղաքացի։ Մեզ երբեք նման հարցեր չեն տվել, սակայն ես շատ կուզեի, որ նման հարցերն իմ գլխում ծագեին շատ ավելի վաղ, քան ծագել են։ Դպրոցը կարող է շատ կարեւոր դեր խաղալ քաղաքացու ձեւավորման հարցում»։

 

Լիլիթ Մակունցը Լիլիթ Մակունցը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նախարարն ընտանիքում էլ ունի մշակույթի տարրեր, օրինակ, առանց ծնողներին համբուրելու տանից դուրս չի գալիս։ Օրվա ընթացքում նրանց հետ շփվելու շատ ժամանակ չի ունենում, սակայն առավոտյան մի գավաթ սուրճի շուրջ ընտանեկան զրույցն ու առօրյայի քննարկումը պարտադիր է։ Մակունցն ասում է՝ որոշումներ կայացնելիս ինքնուրույն է, սակայն հարցերը քննարկելու, միմյանց կարծիքը լսելու մշակույթն իրենց ընտանիքում ձեւավորված իրողություն է։

 

Քաղաքացիական ինքնագիտակցություն

 

Նախարարի քաղաքացիական ինքնագիտակցությունը ձեւավորվել է 18-19 տարեկանում, երբ համալսարանում ձեւավորվել է շարժում հանուն տարկետման իրավունքի. «Մի օր Արեւելագիտականի ուսանողներն ասացին, որ ուզում են բարձրացնել խնդիրը։ Քննարկում սկսեցինք խնդրի, հնարավոր լուծումների մասին, հասկացա, որ պետք է  մասնակցեմ շարժմանը։ Դա դարձավ իմ քաղաքացիական ակտիվության առաջին դրսեւորումը,- հիշում է նախարարը, որը հետագայում ներգրավվել է քաղաքացիական ու քաղաքական շարժումներում։ - 2008-ից ի վեր չեմ հիշում որեւէ նշանակալի շարժում, որին այս կամ այն կերպ չեմ մասնակցել։ Անմիջական ներդրում ունենալն այլ պատասխանատվություն ու վերաբերմունք է ձեւավորում։ Այլեւս չես կարողանում անմասն մնալ գործընթացներից»։

Համաժողովրդական շարժման հազարավոր քաղաքացիներից մեկը

 

«Իմ քայլը» շարժման ժամանակ Մակունցը հարթակից չերեւաց, սակայն կանգնած էր բեմից այն կողմ գտնվող հազարավոր քաղաքացիների շարքերում։ «Երբ սկսվեց շարժումը, ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» շրջանակում պայմանագրային աշխատանքով Արարատի մարզում էի։ Մեծ նախանձով էի նայում շարժմանն ու անհամբերությամբ սպասում էի Երեւան հասնելուն, որպեսզի ես էլ միանամ։ Արարատի մարզը մոտ է Երեւանին, աշխատանքից հետո շտապում էի Երեւան, իսկ մյուս աշխատանքս թողնում էի գիշերը՝ քնի հաշվին անելուն»,- ասում է նախարարը։ 

 

Շարժման ամենալարված օրը Մակունցի համար եղել է ապրիլի 22-ը՝ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի րոպեներ տեւած բանակցության օրը. «Մարիոթի հյուրանոցի մոտ էի։ Այդ օրվա երթը, Նիկոլ Փաշինյանի ձերբակալումը եւ այն համախմբումը, որ եղավ դրանից հետո, բեկումնային էին։ Բոլորը մտածում էին, որ եթե շարժման առաջնորդը չլինի, այն կփլուզվի, սակայն այդպես չեղավ։ Իսկապես, հուզիչ էր այդ ամենը տեսնելը, դրա մասնակիցը լինելը»։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մակունցն անկեղծ է՝ ի սկզբանե չէր բացառում, որ այս անգամ էլ վերջնական հաղթանակ չեն գրանցի, սակայն վստահ էր, որ քայլ անել պետք է, դա է մոտեցնում հաղթանակը։ «Ուզում էի հավատալ, որ լինելու է հաղթանակ, բայց եւ մտավախություններ ունեի, մտածում էի` հնարավոր է հիմա էլ չհաջողենք։ Ես ինձ դավաճան կզգայի, եթե շարժման կողքին չլինեի, անգամ, եթե հաջողություն չգրանցեր։ Այն, ինչ այդ օրերին տեղի էր ունենում Հայաստանում, արդեն իսկ  հաղթանակ էր։ Մենք ունեցանք իշխանափոխություն, հիմա խորհրդարանական փոքրամասնության իշխանություն է, սակայն ես այս պահին էլ սա չեմ դիտարկում վերջական հաջողություն։ Սա փուլային հաղթանակ է, որին պետք է  հաջորդի բովանդակային փոփոխությունը,- շեշտում է նա ու հավելում,- Երբ մարդիկ ինձ շնորհավորում են նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչու, ինչպես օրինակ, բանակ զորակոչվողը չի կարող հասկանալ, թե ինչու են իրեն շնորհավորում։ Սա ծառայություն է։ Ես փորձում եմ իմ գործունեությամբ, շեշտադրումներով այդ մոտեցումն առաջ տանել, հուսով եմ՝ կհաջողեմ»։

 

Կարիերա

 

Մշակույթի նախարարի կարգավիճակում Մակունցն իրեն չի պատկերացրել, սակայն քաղաքական դաշտում իր ապագան տեսել է, իրեն պատկերացրել է դիվանագիտական ոլորտում։

 

«Միշտ մտածել եմ, որ, մտնելով քաղաքացիական դաշտ, մի օր վերադառնալու եմ նաեւ քաղաքականություն։ Ինձ միշտ գրավել է դիվանագիտական ոլորտը։ Դա էր պատճառը, որ 2015 թվականի ամռանը դիպլոմավորված դասընթաց անցա Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակում»,- ասում է նախարարը, որը չի բացառում, որ մի օր կզբաղվի դիվանագիտությամբ։ 

 

Նախարարն այս մասին մտածում է, բայց փորձում է առաջ գնալ առանց շտապելու՝ քայլ առ քայլ։ «Կցանկանամ հետագայում նաեւ դիվանագիտական ոլորտում ունենալ իմ ներդրումը, բայց ուզում եմ փոքր քայլերով առաջ գնալ։ Շտապողականությունն ու անհամբերությունը մեր բնույթի մեջ է, սակայն պետք է կարողանանք համբերատար լինել,- ասում է Մակունցը, ով միանգամից աչքի է ընկնում հանդարտությամբ, հետո նկատում է, որ հեղափոխական շարժումն էլ քայլ առ քայլ հասավ իր նպատակին։ -Դեռ 2008–ից սկսած շարժումը համբերատարության շնորհիվ այս օր այս հանգուցալուծումն ունեցավ»։

 

Լեզվաբան նախարարը թեեւ մանկուց ընդգծել է սեփական կարծիքն ունենալը, ի պաշտոնե կարեւորում է ոլորտի ներկայացուցիչների տեսակետները լսելը, ինչու ոչ, նրանցից սովորելը։ Մշակույթի շատ գործիչներ իրենից տարիքով մեծ են, փորձառու։ Երիտասարդ նախարարն ուրախությամբ նկատում է, որ շատերն իրեն օգնելու պատրաստակամություն են հայտնել։ 

 

«Ես երազում էի հենց այս Հայաստանի մասին, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու է համարում իր ոլորտի խնդիրները հասցեագրելու, դրանց լուծումները գտնելու համար»,- ասում է նախարարը։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին