Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար - Mediamax.am

exclusive
138724 դիտում

Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2018-ի գարնանը փոքրիկ Հայաստանը հայտնվեց համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում։ Այստեղ մարդիկ խաղաղ բողոքում են, փակում փողոցները, երգում, խորոված անում, հյուրասիրում միմյանց, առավոտյան էլ հավաքում իրենց հետեւից։ Սա է հայկական հեղափոխությունը, որը սկսվեց Գյումրու հրապարակից՝ մի քանի հոգու քայլերթով։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ճանապարհը սկսեցին Գյումրու սակավամարդ հրապարակից։ Ապրիլի 27-ին՝ մեկնարկից 28 օր անց, նրանք վերադարձան նույն հրապարակ, որտեղ, ժողովրդական խոսքի համաձայն, ասեղ գցելու տեղ չկար։ Այս ամենի հիմքում ամիսներ շարունակ մշակված մարտավարություն էր։ Մեդիամաքսը գտել է քայլարշավ սկսելու գաղափարի հեղինակին։ Նա 27-ամյա Մխիթար Հայրապետյանն է, ով երեկ նշանակվեց ՀՀ Սփյուռքի նախարար։

 

Քայլերթի ընթացքում Մխիթարն աչքի չընկավ ակտիվությամբ, նա քայլում էր թիկունքում՝ առանց ավելորդ հպարտության, որ այս ամենն իր գաղափարն է, պատասխանում էր քաղաքացիների զանգերին ու առաջինը տեղեկանում նրանց տրամադրությունների մասին, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսահամարն էր տալիս քաղաքացիներին, որպեսզի հարցերի դեպքում կապվեին թիմի հետ։

 

Քայլարշավ սկսելու գաղափարը հիմա է փայլուն հնչում, երբ կա տեսանելի արդյունք, իսկ սկզբնական փուլում կային մի շարք մտավախություններ։ Սա է պատճառը, որ  Մխիթարի առաջարկը թիմակիցները մի անգամ մերժեցին։ Այնուամենայնիվ, նա համառել է, մշակել գաղափարն ու երկրորդ անգամ ներկայացրել թիմակիցներին։ Այս անգամ այն արժանացել է նրանց միաձայն հավանության։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մխիթարի հետ մեր հանդիպումը կայացավ «Դիվանբաշի» փաբում, որտեղ էլ խմորվել ու զարգացել է ամբողջ պրոցեսը։ Ասում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է թափանցիկության սկզբունքը, մարտավարական նկատառումներից ելնելով` որոշել են քննարկումները կուսակցության գրասենյակում չանել։ Ձեւավորվել է «կրեատիվների» 6-8 հոգանոց խումբ, որը մշակել է օրակարգը, դրես-կոդը, ճամբարի ձեւը, տեղը, գաղափարական հարցեր։

 

Մխիթար Հայրապետյանը մասնագիտությամբ արեւելագետ է, ավարտել է ԵՊՀ-ն։ Ունի մագիստրոսի կոչում։ Նորանշանակ նախարարը զբաղվել է զբոսաշրջությամբ՝ կազմակերպելով ուղեւորություններ դեպի Արեւմտյան Հայաստան։ 2015 թվականից իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր։ Մասնագիտացած է նաեւ ոչ բռնի գործողությունների, խաղաղ անհնազանդության մեթոդաբանության մշակման, դրանց մատուցման հարցերում, որտեղից էլ սկսվում է շարժման հիմքը։

 

«Քայլարշավի գաղափարի հիմքում ընկած է Մահաթմա Գանդիի ուսմունքը ոչ բռնի պայքարի վերաբերյալ։ Այս տեխնոլոգիաների մեթոդաբանությանը վաղուց եմ ծանոթ։ Օգտվել ենք 1930 թվականին «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Գանդին 387 կմ քայլեց՝ սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով։ Նա երթը սկսեց 8 հոգով, ավարտեց 80 հազարով։ Երկրորդ օրինակը վերցրել ենք Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ՝ շուրջ 450 կմ։ Նա եւս միայնակ  մեկնարկեց քայլերթը եւ շուրջ 300 հազար կողմնակիցներով մուտք գործեց Ստամբուլ»,- պատմում է նա, ապա ավելացնում, որ հաշվի չեն առել նշված շարժումների արդյունքները, օգտվել  են քայլերթի միջոցով իրազեկման ակցիա անելու, մարդկանց թիվը բազմապատկելու տեխնոլոգիաներից։ Եթե նշված 2 դեպքում կիրառվել էր 24-օրյա քայլերթի տարբերակը, Մխիթարի գաղափարի շուրջ համախմբված թիմը կանգ է առել 14-օրյա քայլերթի վրա՝ հաշվի առնելով Հայաստանում քաղաքական իրողություններն ու ժամկետների սղությունը։ Գյումրուց քայլարշավ սկսելը եւս պատահական չէր։ Նրա խոսքով՝ Գյումրի-Վանաձոր-Դիլիջան-Հրազդան-Աբովյան-Երեւան երթուղին գծելիս իրենք հաշվի են առել ոչ միայն այն, որ Գյումրին, Վանաձորն ու Երեւանը Հայաստանի խոշորագույն 3 քաղաքներն են, այլեւ այն փաստը, որ տվյալ բնակավայրերում առկա քաղաքական տրամադրվածությունները գերակշռմամբ ընդդիմադիր են։ Մանրակրկիտ մշակված ծրագիրը պայքարի ընթացքում  վստահություն է ձեւավորել թիմի հանդեպ.․

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գուցե վերամբարձ հնչի, սակայն առաջին անգամ ընդդիմությունը քաղաքական լրջագույն պրոցես սկսելուց առաջ հաշվարկել էր առնվազն իր քայլերը եւ ուներ հստակ ծրագիր, գործողությունների հստակ պլան։ Մենք ներկայացրինք, որ մեր հաշվարկներով՝ Գյումրուց քայլարշավ սկսելու դեպքում ապրիլի 13-ին Երեւանի հանրահավաքին կմասնակցի 4000-5000 մարդ։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե այդ օրն իսկապես այդքան մարդ հավաքվի, խոստանում եմ իշխանափոխություն անել։ Ապրիլի 13-ի հավաքի համար վերջում հաշվարկվեց եւ հրապարակվեց 4700 թիվը»։

 

Մխիթարի խոսքով՝ քայլարշավի քննարկումները սկսվել են 2018-ի հունվարից։ Փաստը, որ Նիկոլ Փաշինյանը մարզվել սկսել էր օգոստոսից, Մխիթարը բացատրում է նրանով, որ քաղաքական պրոցես իրենք այսպես, թե այնպես սկսելու էին, սակայն 2017-ի օգոստոսին պայքարի ձեւաչափը դեռ ոչ ոք չգիտեր։

 

«Գաղափարը ծնվեց հունվարին, հաստատվեց փետրվարին։ Առաջին անգամ այն մերժվելու հիմնական պատճառն այն էր, որ մենք մեր քաղաքական առաջնորդի գլխավորությամբ ասել էինք, որ հանրությանը դուրս կբերենք փողոցային պայքարի միայն մեկ անգամ։ Ռիսկը, որ մենք կտանեինք պարտության, հիասթափության ահռելի էր։ Բոլորս էլ հասկանում էինք, որ ինչ-որ իմաստով սա «վաբանկ» է, որովհետեւ, երբ հայտարարում ես իշխանափոխության մասին՝ նկատի ունենալով ոչ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, այլեւ ընդհանուր իշխանափոխությունը, դա հղի է բազմաթիվ ռիսկերով, կարող է հերթական անգամ կոտրել ժողովրդի ողնաշարը։ Պատմության ընթացքում ընդդիմադիրների կողմից նման հարվածներ ժողովուրդն արդեն ստացել էր։ Այնուամենայնիվ, ես չհանձնվեցի ու եւս մեկ անգամ փորձեցի համոզել, որ եթե փորձում ենք անել իշխանափոխություն, դա պետք է լինի ամենառիսկայինը, դա պետք է լինի «վաբանկ»։ Բանակցությունների սեղանին դրված էր փաստաթուղթ, որը մշակված է մեր թիմի կողմից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բարեբախտաբար, ՔՊ-ն, չնայած բոլոր ծանրակշիռ փաստարկներին, միաձայն կողմ քվեարկեց քայլերթին։ Այն ժամանակ նշվում էր «14+4» օր բանաձեւը, որը հետո դարձավ 24 եւ ավելի»,- պատմում է նա։

 

Երկու անգամ իր գաղափարն առաջ քաշած երիտասարդ գործչի համար պատասխանատվությունը մեծ էր, սակայն նա հավաստիացնում է, որ առաջին իսկ օրվանից թիմակիցները թույլ չեն տվել անձնական պատասխանատվություն կրել այս ամենի համար. «Ի պատիվ իմ թիմակիցների՝ պիտի ասեմ, որ անմիջապես կիսել են ինձ հետ այդ պատասխանատվությունը։ Մենք ունեինք պատասխանատվություն հանրության առաջ։ Ի սկզբանե ունեինք գաղափարախոսություն, որ սա լինելու է քաղաքացու, ոչ թե քաղաքական գործչի քայլը։ Մեր պայքարի առաքելությունը ՀՀ քաղաքացու հաղթանակն էր, որով ուղղորդվել ենք, երբ քայլել ենք, մեզ բերման են ենթարկել, կամուրջներ ենք փակել»։

 

Ինքը՝ Մխիթարը, երբեւէ բերման չի ենթարկվել։ Ասում է՝ ինքը շատ արագ է, 3 անգամ հայտնվել է ոստիկանական մեքենայում, սակայն ճարպկության շնորհիվ կարողացել է դուրս պրծնել այնտեղից, իսկ ահա ծեծ, իր խոսքով, «կերել է եւ, փառք Աստծո, թիմակիցներից հետ չի մնացել»։

 

Մխիթարը ժպիտով է հիշում, որ շատերն իրենց ծաղրում էին, երբ 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը կոչ էր արել վեր բարձրացնել ձեռքերը՝ ի նշան խաղաղության։ «Այդ ժամանակ կուսակցությունը գործում էր 1 տարի։ Նիկոլ Փաշինյանն ինքնաբուխ կերպով հավաքվածներին կոչ արեց ձեռքերը վեր բարձրացնել, նպատակն ուժայիններին ցույց տալն էր, որ մենք չունենք քար, փայտ, կտրող գործիք։ Մի բան, որն այլեւս թույլ չէր տալիս ոստիկանությանն ուժ կիրառել ժողովրդի դեմ։ 2 տարի շարունակ մեզ ծաղրել են, մեղադրել, այդ գաղափարախոսությանը լուրջ չեն վերաբերել՝ համեմատելով հանձնվող ձեռքերի հետ։ 2 տարի աշխատանք տարանք հանրության հետ՝ փորձելով բացատրել, որ բաց ձեռքերն օդում բավականին ուժեղ ձեռքեր են։ Ինչպես Գանդին էր ասում, ուժեղ է նա, ով կամքով է ուժեղ։ Քաղաքացու երգում էլ շատ կարեւոր մի խոսք կա՝ մեր կամքը ուժեղ է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի։ Սրանով մենք ցույց էինք տալիս մեր կամքը։ Երբ հիմնադրվեց «Քաղաքացիական պայմանագիրը», որի հիմնական նպատակն իշխանափոխությունն էր, մենք հասկանում էինք, որ դրա համար երկու ուղղություն կար՝ ընտրական գործընթաց, կամ թավշյա հեղափոխություն։ Մեր կուսակցության հիմքում ընկած էր առանց բռնության համակարգային փոփոխություններ անելու փիլիսոփայությունը, ինչն էլ ինձ ստիպել էր լինել կուսակցության հիմնադրման ակունքներում»,- պատմում է Մխիթարը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր արդեն նորանշանակ նախարարը հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էին հարազատներն ու բարեկամներն հորդորում չտանջել իրենց, միեւնույն է, ոչինչ չի փոխվի։

 

«Մեծ մասամբ, չկար հավատ, որ հարուցված քաղաքական պրոցեսները լուծելու են այն խնդիրները, որոնք մենք դրել ենք մեր առջեւ։ Հատկապես առաջին օրը, երբ մի կերպ դիմացանք Ջաջուռի ցուրտ քամիներին, շատերը զանգում էին, գրում, որ անիմաստ ենք մեզ տանջում, ժողովուրդը չի գնահատի, ոչինչ չի փոխվի։ Իհարկե, հատուկ չէին անում, բայց մեզ դեմոտիվացնում էին, իսկ մենք շարունակում էինք քայլել, լինել վճռական։ Բազմաթիվ իրադարձություններ եղան, որոնք կաթիլ առ կաթիլ մեծացրեցին հավատը, որ այս շարժումը ունի ներուժ։ Մեր գյումրեցի ընկերներից մեկն ասում է, որ հեղափոխությունը սկսեցին «10 վերջացած ռոմանտիկներ»»,- հիշում է Մխիթարը։

 

Առանց ավելորդ պաթոսի նա նշում է, որ, որքան էլ ի սկզբանե հավատացել են գաղափարին, որեւէ երաշխիք չկար, որ իրենց հարուցած քաղաքական գործընթացը բերելու է ոչ միայն Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլեւ հեղափոխության:

 

«Այնուամենայնիվ, ակնհայտ էր, որ եթե մենք ցանկանում էինք մեր քայլն անել այդ երեւույթների դեմ, ինչ-որ հավատ ունեինք մեր ներսում։ Այն խումբը, որը զբաղվում էր «Իմ քայլը» շարժման մշակմամբ, ուներ հստակ վստահություն, որ ապրիլի 13-ին մի քանի հազար մարդ լինելու է Ազատության հրապարակում։ Ամեն ինչ կախված էր նրանից, թե մենք ինչպես կկարողանայինք այդ ուժն օգտագործել հետագայում շարժումը հարյուրապատկելու, այն հաջողությամբ ավարտելու համար։ Ունենալով բազմաթիվ մտավախություններ, գիտակցելով ամբողջ լրջությունը, ռիսկերը՝ մենք գնացինք այդ քայլին, որովհետեւ հավատում էինք, որ եթե կա մի ճանապարհ, որը կբերի փոփոխությունների, մենք ընտրել ենք։ Առնվազն ավելի լավ մշակված փաստաթուղթ, քան ճանապարհային այս քարտեզն էր, չունեինք»,- նշում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հաջողության գրավականները, նրա խոսքով, տարբեր են եղել՝ մարտավարությունը, ուսանողության եւ քաղաքացիական ակտիվի հետ սերտ համագործակցությունը։

 

«Ապակենտրոնացված պայքարի գաղափարը, մեթոդների մի մասը ստացանք մեր ընկերներից։ Երբ Երեւանում էինք, մեր շարժումը մի քանի միֆ կոտրեց։ Բոլորը սպասում էին, որ Ազատության հրապարակում 4-օրանոց նստացույց էինք անելու, սակայն մենք ճամբար խփեցինք Ֆրանսիայի հրապարակում՝ այդպիսով մեխանիկորեն փակելով ճանապարհները։ Ֆրանսիայի հրապարակում 2 օրերի ընթացքում թվաքանակի նվազում եղավ, հասկացանք, որ պայքարին նոր խթան է պետք, եւ որոշեցինք մարտավարական փոփոխություններ իրականացնել, ինչից հետո սկսվեց ապակենտրոնացված մասշտաբային պայքարը Երեւանում եւ հանրապետությունով մեկ։ Վարչապետի ընտրության նախորդ օրը մեզ հաջողվեց մոտ 20 հազար մարդու մոբիլիզացնել։ Տարիներ շարունակ եղել է համոզմունք` եթե ընդդիմությունն ուզում է հաջողություն, պետք է գրավի Ազգային ժողովը կամ Բաղրամյան 26-ը։  Հասնելով փշալարերին՝ մենք հասկացանք, որ բախումն անխուսափելի կլինի, ուժայինները շատ ավելի մեծ առավելություն ունեն, երբ մենք բոլոր ուժերը կենտրոնացնում ենք մի տեղում, եւ հրաժարվեցինք բարձրանալ ԱԺ։ Կրկին կոչ արեցինք ապակենտրոնացված պայքար մղել»,- նշում է նա։

 

Թեեւ Մխիթարն արդյունքը պայմանավորում է տարբեր գործոնների շղթայով, նա համարում է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից իրենք հաղթած են դուրս եկել։

 

«Սերժ Սարգսյանի պահվածքը, ուղերձը` կապված մարտի 1-ի հետ, բանակցություններից դուրս գալը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել։ Այնուհետեւ տեղի ունեցան ձերբակալությունները, փորձ արվեց գլխատել շարժումը, որը, ըստ իս, ամենաանհեռատես ու ճակատագրական որոշումներից մեկն էր։ Իմ գնահատմամբ, նրանք փորձում էին գլխատել շարժումը, սակայն մարդիկ կրկնապատկվեցին եւ շարունակեցին մնալ ինքնակազմակերպված»,- ասում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շարժման ընթացքում տարբեր կարծիքներ էին հնչում, որ պետք է ուժերը մեկտեղել, միասին լինել, այս կամ այն կերպ վարվել։ Թեեւ աշխատանքային թիմը հետեւողական էր քննարկումներին օնլայն եւ օֆլայն հարթակներում, Մխիթարը հավաստիացնում է, որ ի սկզբանե մշակված պլանից գրեթե չեն շեղվել։

 

«Եթե անգամ եղել են փոփոխություններ, դրանք աննշան էին։ Ունեինք օպերատիվ խումբ, որը մշտապես հետեւում էր արձագանքներին օնլայն եւ օֆլայն հարթակներում, սակայն մեր թիմը հավատացել է ի սկզբանե մշակված մարտավարության հաջողությանը եւ հավատարիմ է մնացել մեթոդաբանությանը, տեխնոլոգիաներին։ Ի դեպ, մեր թիմ ասելով նկատի չունեմ միայն ՔՊ-ն, նկատի ունեմ թե´ «Իմ քայլը» նախաձեռնության, թե՛ «Մերժիր Սերժին» նախաձեռնության, թե՛ ուսանողության, թե՛ քաղաքացիական ակտիվիստների ներկայացուցիչների մասնակցությունը»,- նկատում է նա։

 

Այս օրերին դժվարություններն էլ շատ են եղել։ Մխիթարը նշում է հիգիենայի պարագաների ապահովումից մինչեւ վրանային պայմանների անհարմարավետությունն ու սնունդը, սակայն դրանց վրա կենտրոնանալ չի ուզում։ Ասում է՝ այդ ամենին գիտակցաբար են գնացել։

 

«Չնայած բոլոր բարդություններին՝ մենք վայելել ենք այդ 14 օրը,- շեշտում է նա, իսկ հարցին` այնուամենայնիվ, ո՞րն էր ամենաբարդ օրը, պատասխանում է կայծակնային արագությամբ, առանց նույնիսկ մտածելու՝ Ջաջուռում անցկացրած գիշերը։ -Այդ գիշեր ջերմաստիճանը մինչեւ -15 էր։ Ընդ որում, խնդիրն այդքան ցուրտը չէր, որքան սաստիկ քամին, որը վրանները պոկում-տանում էր։ Վրանների դռները պոկվել էին, եւ մենք պառկած էինք գրեթե բաց երկնքի տակ։ Երբ առավոտյան արթնացանք ու հասկացանք, որ ողջ ենք մնացել, գոնե այդ 6-7 հոգով հասկացանք, որ կարող ենք իշխանափոխություն անել»,- հիմա արդեն ժպիտով հիշում է նա։

 

Քայլերթի նախաձեռնողները մշակել էին որոշակի կանոններ։ Կանոնների մեջ էր մտնում, օրինակ, պիջակով քայլերթի չգալը, չծխելը (ծխել թույլատրվում էր որոշակի հեռավորության վրա), տարածքը չաղտոտելը, իրենցից հետո տարածքը մաքրելը եւ այլն։

 

«Դրես-կոդը հանրության վրա չէր տարածվում, սակայն մեր թիմը պահպանում էր։ Բացի հարմարավետությունը, դրես-կոդը նաեւ փիառի, Նիկոլ Փաշինյանի իմիջի ձեւավորման հարցն էր լուծվում։ Թեեւ մշտապես նշում ենք, որ սա քաղաքացու քայլն է, հասկանալի է, որ գործընթացը հարուցողը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչն էր։ Չափազանց կարեւոր էր նրա կերպարի ձեւավորումը՝ որպես պայքարող։ Բոլորովին այլ կերպ կընկալվեր, եթե նա կոստյումով դուրս գար քայլելու»,- ասում է Մխիթարն ու շեշտում, որ Փաշինյանի կերպարը թիմից առանձնացնելու խնդիր չի եղել։ Թիմը պետք է լիներ ուսապարկերով, հարմարավետ կոշիկներով։

Լուսանկարը` Մեդիամաքս

Պայքարի իր կոշիկները Մխիթարը շատ արագ է ընտրել՝ գնել է առաջին ամենահարմար մարզակոշիկները, որոնք հագել է ոչ միայն Գյումրուց Երեւան ճանապարհին, այլեւ Երեւանի քայլերթերին, հիմա էլ խնամքով պահում է 14 բարդ, բայց լավ օրերի խորհրդանիշը։ Պահում է նաեւ իր ուսապարկը, որի վրա ամրացված է «Քայլ արա» կրծքանշանը։ Մյուս անբաժանելի իրը՝ ջրի շիշը, կորցրել է բախումներից մեկի ժամանակ։

 

Մխիթարի խոսքով՝ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերում է գիտակից ողջ կյանքում։ «Գուցե դա բավականին ուշ է եկել ինձ մոտ՝ 17 տարեկանում։ Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու որոշման մասին։ Ես նրա կառավարման տարիների մասին լսել էի եւ՛ դրականը, եւ՛ բացասականը, սակայն Ազատության հրապարակ գնալ ինձ մղում էր  գործող իշխանության դեմ պայքարը»,- ասում է նա։

 

Մխիթարը վստահեցնում է՝ 17 տարեկանում ցուցարարների շարքերը համալրելիս չէր պատկերացնում, որ 10 տարի անց իր գաղափարի շուրջ շարժում է ձեւավորվելու, ինքն էլ նախարար է դառնալու։ Այն ժամանակ նա իրեն տեսնում էր որպես Թուրքիայում առաջին հայ դեսպան, իսկ ներքաղաքական պրոցեսների հանգուցալուծումն ավելի մոտ էր թվում. «Նման ապագա չէի պատկերացնում, որովհետեւ այն ժամանակ հույս ունեի, որ առիթ չի լինի այսքան տարի սպասել, հավատացած էինք, որ շուտով հաղթելու ենք»։

 

Մխիթարը շեշտում է՝ «Իմ քայլը» ի սկզբանե ժողովրդին մոբիլիզացրել էր ընդդեմ ստի, կեղծիքի, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, սակայն դրան զուգահեռ իրենք ունեին «հանուն» գաղափարներ. «Մենք նշում էինք, որ դա հանուն նոր, երջանիկ, ազատ Հայաստանի է, հանուն օրինականության, պետականության»։

 

Այս ընթացքում տարբեր կարգախոսներ են ձեւավորվել՝ «Դուխով», «Սիրո եւ համերաշխության հեղափոխություն» եւ այլն։ Մխիթարի համար ամենակարեւոր կարգախոսը հնչել է դեռեւս 11 տարի առաջ. «Ես 2007 թվականից գոռում եմ՝ «Մենք ենք տերը մեր երկրի», սակայն առաջին անգամ 2018-ին եմ զգացել, որ մենք ենք տերը մեր երկրի։ Այդ արտահայտությունն ինձ համար անկյունաքարային է։ Դա նաեւ գաղափարական կարեւոր մաս ունի իր մեջ։ Սա անհատի հաղթանակ չէր, որեւէ քաղաքական կազմակերպության հաղթանակ չէր։ Ես համոզում ունեմ, որ եթե, օրինակ, ՔՊ-ն արտահերթ ընտրություններում ստանա հանրության վստահության քվեն եւ մեկ ամիս անց ձախողի, որեւէ սարսափելի բան չի լինի, որովհետեւ նրան փոխարինելու եկած իշխանությունն արդեն հաշվի է նստելու ժողովրդի հետ՝ առնվազն ենթագիտակցական մակարդակում, չասեմ՝ վախենալու, բայց զգուշանալու է, որովհետեւ սա մի ժողովուրդ է, որը սեփական ձեռքերով հեռացրեց Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը։ Սա արդեն հաղթանակ է` իշխանության կլինի ՔՊ-ն, թե այլ քաղաքական ուժ, երկրորդական է»,- նշում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր հանդիպման ժամանակ Մխիթար Հայրապետյանի՝ նախարար նշանակվելու մասին դեռեւս հայտնի չէր։ Նա համառորեն լռում էր, թե ինչ պաշտոն է ստանձնելու կառավարությունում, ստանձնելո՞ւ է, թե՞ ոչ։ Հիմա նա Հայաստանի նոր իրականությունը կերտողներից մեկն է՝ այս պահի դրությամբ ՀՀ ամենաերիտասարդ նախարարը, ով 3 օրից նոր կարգավիճակում կնշի 28-ամյակը։ Նախարարի պորտֆել ստանալուց հետո Մխիթարի հետ զրույցը համալրեցինք։

 

Սփյուռքի հետ աշխատանքը նրա համար նոր չէ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը ղեկավարել է «ՔՊ» Սփյուռքի հետ կապերի բաժինը։ Չնայած երիտասարդ տարիքին՝ վստահ է, աշխատանքի շնորհիվ կապացուցի, որ արժանի է լինել այդ տեղում։ «Պատասխանատվությունը սարսափելի մեծ է` անկախ տարիքից։ Մենք ստանձնել ենք քաղաքական պատասխնատվություն հանրության, ժողովրդի առաջ։ Չունեմ մտավախություն կապված վարչական կառավարման փորձի պակասի հետ, քանի որ տարիներ շարունակ համակարգել եմ կուսակցության Սփյուռքի հետ  կապերը։ Տեղյակ եմ ոլորտի խնդրիրներին։ Նախընտրական շրջանում այս ոլորտում մեր ծրագիրը մշակողներից մեկն եմ եղել։ Պատկերացում ունեմ լուծման տարբերակների մասին։ Իհարկե, նախարարության գործունեության ընթացքում դրանք նաեւ կփոփոխվեն, որովհետեւ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել Սփյուռքի հետ, ուշադիր ենք լինելու նրանց առաջարկներին։ Ես հաստատակամ եմ, վճռական, վստահ թե՛ իմ սեփական ուժերի, թե՛ իմ թիմի վրա։ Այս պաշտոնը ստանձնելու վերաբերյալ նախնական քննարկումներին տվել եմ իմ համաձայնությունը, որովհետեւ, ըստ իս, իմ քաղաքական թիմի համար ամենաբարդ փուլը նոր է սկսվում։ Այս իմաստով քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ինձ համար սկզբունքային հարց էր։ Չեմ խուսափում պատասխանատվություն ստանձնելուց։ Հիմա մեր պետության համար թեւակոխում ենք բեկումնային շրջան»,- ասում է նա՝ միաժամանակ վստահեցնում՝ ոչ գաղափարը մշակելիս, ոչ էլ Ջաջուռի ամենավատ գիշերը լուսացնելիս պաշտոն ստանձնելու մասին չի մտածել։

 

«Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ ես եւ իմ քաղաքական թիմը մեր քայլն արել ենք բացառապես որպես ՀՀ քաղաքացիներ։ Նիկոլ Փաշինյանը՝ եւս։ Մենք դուրս չենք եկել քայլելու եւ փողոցները բլոկադա անելու՝ որպես քաղաքական գործիչներ։ Անձնական իմաստով քաղաքական ամբիցիաներ չենք ունեցել։ Երբ քաղաքական իրողությունը երկրում թույլ է տվել ստանձնել երկրի կառավարման մանդատը՝ թեկուզեւ ժամանակավորապես, միայն այդ ժամանակ ենք սկսել անդրադառնալ այդ թեմային։ Նման քննարկումներ սկսվել են միայն այն բանից հետո, երբ ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, ընտրվեց վարչապետ»,- պատմում է նա։

Լուսանկարը` Մեդիամաքս

27 տարեկանում նախարարի պաշտոն ստանձնելը Հայաստանում նոր երեւույթ է, աշխարհում՝ քիչ հանդիպող։ Նա կրկնակի պատասխանատվություն ունի։ Շարժման ընթացքում նրանց թիմը կոտրեց մի շարք կարծրատիպեր։ Հիմա կառավարման ոլորտում կարծրատիպեր կոտրելու ժամանակն է։

 

«Ես ապացուցելու խնդիր ունեմ ՀՀ քաղաքացուն։ Շատ շուտով կարող են լինել այն խոսակցությունները, որոնք մատնանշում եք՝ վարչական կառավարման փորձի պակաս, երիտասարդ տարիք եւ այլն։ Միգուցե չափազանց ինքնավստահ հնչի, սակայն ես պատրաստվում եմ կարճ ժամանակում կոտրել մտավախությունների ու կարծրատիպերի մեծ մասը։ Դա կանեմ իմ ամենօրյա քրտնաջան աշխատանքով, պրոֆեսիոնալ մասնագետների հետ թիմային աշխատանքով։ Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք շատ հաճախ ենք խոսել քաղաքական սերնդափոխության մասին։ Կարծում եմ՝ հիմա լավագույն ժամանակն է, որ սերնդափոխությունը տեղի ունենա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահել է ինձ այդ պաշտոնը։ Որպես ժողովրդի թեկնածու՝ նա չէր կարող երկար չկշռադատել մինչեւ որոշում կայացնելը»,- նշում է նա ու հավաստիացնում՝ աշխատելու է բաց եւ թափանցիկ։

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին