ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ Էդուարդ Աղաջանյանի նշանակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կադրային որոշումն էր։ 29-ամյա երիտասարդին շատերը հիշեցին որպես դիջեյի, որոշումը համարեցին անսպասելի, մինչդեռ նշանակումը կարելի է նույնիսկ խորհրդանշական համարել. Էդուարդը 2007-ից քայլում է Նիկոլ Փաշինյանի հետ: Մասնագիտությամբ ֆինանսիստն ասում է՝ դիջեյինգով զբաղվել է որպես հոբբի։
Կառավարության նոր անդամներին ներկայացնող շարքում Մեդիամաքսն այս անգամ զրուցել է Էդուարդ Աղաջանյանի հետ։
DJ Ed Ward-ը՝ կառավարության նոր անդամ
29–ամյա երիտասարդին մինչեւ նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երեւանի ժամանցի կենտրոններում։ «Էդոյից» «Պարոն Աղաջանյան» անցումը, նրա խոսքով, դիսոնանս չի առաջացնում։
Մասնագիտությամբ ֆինանսիստը մինչեւ հեղափոխություն հասնելն աշխատել է HSBC բանկում։ Փողկապն իր համար նորություն չէ։
«Բացի իմ նեղ շրջապատից, շատերը տեղյակ չեն, թե ինչ կապ ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի հետ։ Դեռեւս 2007-ին՝ «Իմպիչմենտ» դաշինքի ձեւավորման փուլում, ակտիվորեն ներգրավված էի քաղաքական պայքարի մեջ։ 2007-ից ճանաչել եմ Նիկոլ Փաշինյանին, միասին երկար ճանապարհ ենք անցել»,- հիշում է նա։
Աղաջանյանն եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, ՔՊ հիմնադիր անդամ է, ընտրվել է կուսակցության վերահսկողության մարմնի անդամ, ապա ուսման նպատակով մեկնել Մոնակո։ Վերադարձից հետո ակտիվորեն ներգրավված է եղել կուսակցական գործունեության մեջ, մասնավորապես, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին եղել է Նոր կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանի (վերջինս արդեն նշանակվել է Արարատի մարզպետ) նախընտրական շտաբի պետ։ Էդուարդը շատ է կարեւորում այս փաստերը, իսկ վերջինը բնորոշում որպես առաջին փոքրիկ հաղթանակ։
«Կազմակերպել եմ Գարիկ Սարգսյանի շտաբի նախընտրական գործընթացը եւ կարողացել ենք արձանագրել մի բան, որ նախկինում չի եղել Հայաստանի Հանրապետությունում. 29 տարեկան ընդդիմադիր թեկնածուն հաղթել է 17 տարի պաշտոնավարած ՀՀԿ թեկնածուին։ Անկեղծ ասած, դա նույնիսկ մեզ համար էր անհավատալի»,- հպարտությամբ շեշտում է նա։
Պատահական դեպք, որը ձեւավորեց քաղաքացիական ինքնագիտակցությունը
Էդուարդը մեծացել է մի ընտանիքում, որը քաղաքական հարցերում ակտիվ չի եղել։ Նրա կյանքում բեկումնային է եղել 2004 թվականը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Անտարբեր, անհոգ երիտասարդից դեպի քաղաքական մտորումների մեջ հայտնվող մարդ անցման փուլում կարեւոր կետ էր 2004 թվականի ապրիլի 12-ը, երբ Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի «Միասնություն» քաղաքական դաշինքի երթն էր դեպի Բաղրամյան պողոտա։ Ես հարեւանությամբ եմ ապրում։ 15 տարեկան էի, աչքիս առաջ ծեծուջարդ տեղի ունեցավ։ Այդ պահից սկսեցի խորը մտածել քաղաքական հարցերի մասին։ Սկսեց ձեւավորվել ու զարգանալ քաղաքական ընկալումս։ 2007 թվականին մի օր անցնում էի Օպերայի հրապարակով եւ լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ բավականին զարմանալի եւ շոկային էր։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին վախի մթնոլորտ կար, որի ֆոնին նման կտրուկ ելույթն առաջին հերթին հարգանք առաջացրեց։ Հետո արդեն քաղաքական ասելիքն էր կարեւոր, որին համաձայն էի ամբողջությամբ։ Ըստ այդմ՝ դարձա շարժման համակիրը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ընկեր ձեռք բերեցի»,- ասում է կառավարության աշխատակազմի ղեկավարը։
Քայլարշավի մեթոդին չհավատացող գործիչը
Մինչ քայլարշավի հետ կապ ունեցող ու չունեցող մարդիկ փորձում են իրենց ներկայացնել որպես շարժման աջակից, Էդուարդը, ով ամեն օր ընկերների կողքին է եղել, խոստովանում է՝ դեմ էր քայլարշավի մեթոդին։ Ասում է՝ հաղթանակի հանդեպ հավատ ուներ, այլապես Մոնակոյում ուսանելուց հետո Հայաստան չէր վերադառնա, սակայն մեթոդի ընտրությունը ռիսկային էր համարում։
«Ես խորապես հավատացած եմ եղել ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարին։ Երբ քննարկում էինք «Իմ քայլը» նախաձեռնության նպատակահարմարությունը, դեմ էի։ Իմ ընկալմամբ՝ ինչ-որ չափով դա դեմ էր մեր որդեգրած սկզբունքներին։ Մենք պարբերաբար ասել ենք, որ մեկ անգամ ենք ժողովրդին դուրս հանելու պայքարի եւ դրա արդյունքում իշխանափոխություն է լինելու։ Այն պահին, երբ քննարկում էինք այդ հարցը, որեւէ նախադրյալ չէի տեսնում, որ այս գործընթացը կբերի իշխանափոխության։ Լինելով զգույշ եւ պատասխանատու՝ կողմ չէի նախաձեռնությանը, սակայն թիմը որոշեց, որ այլ տարբերակ չկա, մենք պարտավոր ենք որեւէ բան անել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելու համար։ Լինելով համերաշխ իմ թիմի բոլոր անդամների հետ՝ ընդունեցի այդ որոշումը, իմ հնարավորության սահմաններում ներդրեցի միջոցներս գործընթացն իր նպատակին հասցնելու համար։ «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել եմ քայլարշավի ժամանակ։ Երեւան մտնելու օրվանից մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Նիկոլ Փաշինյանի նշանակման օրն եղել եմ այնտեղ, որտեղ ընկերներս էին՝ Ֆրանսիայի հրապարակում, Հանրապետության հրապարակում, Բաղրամյան պողոտայում»,- պատմում է նա։
Էդուարդը չի վախենում խոստովանել, որ սխալվել է։ Այն, որ ընտրված էր լավ մեթոդ, նա հասկացել է ապրիլի 16-ին։
«Թավշյա հեղափոխության բեկումնային օրը համարում եմ ապրիլի 16-ը։ Դա առաջին օրն էր, երբ քաղաքացիներն ինքանակազմակերպվեցին եւ սկսվեց ապակենտրոն պայքարը։ Նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչով հանդես եկավ, սակայն որեւէ վստահություն չունեի, որ մարդիկ կարձագանքեն։ Մեր թիմի բոլոր անդամները, բնականաբար, ներգրավված էին այդ ակցիաներում, սակայն մենք տեղեկություններ էինք ստանում, որ տարբեր փողոցներ, կամուրջներ փակ են։ Դա անում էին մարդիկ, որոնց մենք չէինք ճանաչում, մեր թիմից չէին։ Այդ պահից սկսած հասկացա, որ ինչ-որ բան փոխվեց։ Երբ պրոցեսները լավ իմաստով դուրս եկան հարթակի վերահսկողությունից, դրանք դուրս եկան նաեւ իշխանության վերահսկողությունից»,- ասում է նա։
Պայքարի լավագույն կարգախոսն ու հուզիչ պահը
«Կարծում եմ, «Քայլ արա, մերժիր Սերժին»-ը լավագույն կարգախոսն էր, որը դարձավ շատ լուրջ կատալիզատոր էներգիայի գեներացման, մարդկանց ոգեւորելու համար։ Ծափերը եւս ստացված էին։ Ասում են՝ քաղաքական լուրջ տեխնոլոգիաներ են կիրառվել «մութ ուժերի» կողմից։ Իրականում պրոցեսների 80 տոկոսն եղել է սպոնտան՝ իմպրովիզի արդյունք,- ժպիտով ասում է Էդուարդը, հետո նկատում,- Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ճանապարհն ուսումնասիրելիս հասկանում ես, որ գաղափարական ասելիքը չի փոխվել։ Միգուցե շեշտադրումներ են փոխվել, բայց ոչ ասելիք՝ սկսած 1+1+1 բանաձեւից, վերջացրած բաց ձեռքերի տրամաբանությամբ, բռնության բացառմամբ եւ նրանով, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը յուրաքանչյուրս է»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շարժման ամենազգացմունքային պահերն Էդուարդն ապրել է ապրիլի 23-ին, նախ երբ ընկերներին ազատ են արձակել, հետո երբ հայտարարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։
«Աննկարագրելի զգացողություններ էին։ Երբ մեր ընկերներին ձերբակալել էին, շատ մեծ պատասխանատվություն էր ընկել մեր՝ թիմի այն անդամներիս վրա, որոնք ազատության մեջ էին։ Փաստացի ապացուցեցինք, որ հարթակը չի գլխատվել, եթե մեզ տանեն, կգան մեր ընկերները, իրենց տանեն՝ մյուսները, եւ այսպես շարունակ։ Ի վերջո, ստիպված էին լինելու ձերբակալել հազարավոր մարդկանց, ինչն անհնար էր»,- ասում է նա։
600 հոգանոց թիմի ղեկավարումը՝ նոր իրականություն
Էդուարդին հանդիպեցինք կիրակի՝ իր աշխատասենյակում։ Նոր կառավարության անդամներին հանդիպելիս նկատելի է, որ նրանց մեծ մասն աշխատավայր գալիս է առաջինը, հեռանում՝ վերջինը։
«Իհարկե, ֆիզիկապես հոգնում ենք, սակայն էնտուզիազմով ու լավատեսորեն ենք տրամադրված, իսկ դա ուժ եւ էներգիա է տալիս, որպեսզի աշխատենք այս տեմպերով եւ չհոգնենք»,- ասում է նա, միաժամանակ շեշտում՝ մյուս աշխատակիցներին չեն շահագործում։ Հպարտությամբ նկատում է՝ բոլորը պատրաստակամ են գալ աշխատանքի, սակայն աշխատակիցների իրավունքները խախտել չեն պատրաստվում։
Աշխատակազմի նոր ղեկավարի խոսքով` կառավարությունում իրեն բավականին լավ են ընդունել։ Թիմի ղեկավարումն Աղաջանյանի համար մասամբ է նոր երեւույթ։ Նախկինում որպես անհատ ձեռնարկատեր աշխատած երիտասարդը թիմ ղեկավարելու փորձ ունի, սակայն եթե այն ժամանակ խոսքը 10-15 հոգանոց թիմի մասին էր, հիմա՝ 600 հոգանոց աշխատակազմի։
«Նեղ մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, սակայն բակալավրի կոչումը ստացել եմ բիզնես կառավարման բնագավառում, որը ներառում է մարդկային ռեսուրսի կառավարում, բիզնեսի մենեջմենթ, մարքեթինգ եւ այլն։ Կարծում եմ, մեր աշխատանքային ոճն ավելի հոգեհարազատ է նույն աշխատակազմին, որը նախորդ իշխանության հետ է աշխատել։ Մեր անմիջական շփումները, աշխատանքային ոճը շատերին ցույց են տվել, որ աշխատանքային բոլորովին այլ հարաբերություններ կարող են լինել՝ շատ ավելի մարդկային, անմիջական։ Իրենք պրակտիկորեն համոզվում են, որ, ինչպես հեղափոխության օրերին հարթակից է հնչել, կադրային ջարդ չի լինելու, բոլոր այն աշխատակիցները, որոնք պրոֆեսիոնալ տեսանկյունից իրենց արդարացրել են, մնալու են իրենց տեղերում»։
Լուսանկարը` Մեդիամաքս
Նոր կառավարության կադրային քաղաքականությունը հասարակության ուշադրության կենտրոնում է։ Շատ է քննարկվում երիտասարդներին կառավարական մարմիններում ներգրավելու հարցը։ Աշխատանքային առումով Հայաստանում հաճախ խնդրի առաջ են կանգնում ոչ միայն երիտասարդները, որոնք հայտնվում են աշխատանքային փորձի եւ սահմանված տարիքի անհամատեղելի շրջապտույտի մեջ, այլեւ փորձառու ու հասուն մասնագետները։ Երիտասարդների հետ աշխատելու ցանկությունն երբեմն դաշտից դուրս է թողնում փորձառուներին։ Աղաջանյանը վստահեցնում է` իրենք պահելու են համամասնությունը։
«Իհարկե, կարեւոր է, որ երիտասարդությունը ներգրավվի պետական կառավարման համակարգում, սակայն դա ինքնանպատակ չէ։ Տարիքով մարդկանց համակարգից հեռացնելու խնդիր չունենք, գիտակցում ենք դրա վտանգները։ Փորձառությունը եւ նոր սերնդի էներգետիկան պիտի համադրվեն, որպեսզի կարողանանք առավելագույնս արդյունավետ կառավարություն ձեւավորել»,- ասում է նա։
Մոնակոյում ուսումն ու աշխատանքային հրավերները
Էդուարդն ուսման նպատակով 6 տարի գտնվել է Մոնակոյում։ Ունեցել է աշխատանք, ֆինանսական հաստատություններում աշխատելու նոր առաջարկներ եւ այնտեղ մնալու բոլոր հնարավորությունները, սակայն որոշել է վերադառնալ հայրենիք ու ինչ-որ փոփոխություն անել։
«Ինքս ինձ համար սահմանել էի մի շատ կարեւոր սկզբունք. եթե վերադառնամ Հայաստան, իմ գործունեությունը պետք է միտված լինի երկրում որեւէ փոփոխության հասնելուն»,- ասում է 29-ամյա երիտասարդը, որն իր քաղաքական թիմի հետ այսօր ունի այդ հնարավորությունը։
Նոր իրականություն եւ առօրյա
Թեեւ Էդուարդը տարիներ շարունակ ներգրավված է եղել քաղաքական գործընթացներում, վստահեցնում է՝ քաղաքական կարիերայի հեռանկարն իր համար միանշանակ չէր։
«Նախորդ իշխանությունների օրոք ես չէի կարող ինձ պատկերացրել քաղաքական որեւէ պաշտոնում։ Շատ քիչ մարդ էր հավատում, որ կունենանք այս արդյունքը, քաղաքական կարիերան չէր կարող լինել կանխատեսելի, նույնքան, որքան հեղափոխությունը»,- ընդգծում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Պաշտոն ստանձնելուց հետո առօրյաս շատ է փոխվել։ Բոլորովին այլ իրականության մեջ եմ հայտնվել, որը շատ մեծ պատասխանատվություն է, միաժամանակ՝ շատ մեծ պատիվ։ Զգում եմ, որ մեր թիմից շատ մեծ ակնկալիքներ կան, ինչն է՛լ ավելի մեծ, բայց ոչ ճնշող պատասխանատվություն է։ Ինչպես հեղափոխության օրերին համոզվեցի եւ հիմա շարունակում եմ համոզվել, ՀՀ քաղաքացիներն ունեն աննախադեպ հավաքական գիտակցություն։ Մեծ մասամբ մարդիկ չեն ակնկալում լրջագույն փոփոխությունները եւ շրջադարձերը հաշված օրերի ընթացքում։ Մենք դուրս ենք գալիս փողոց, գնում ենք տարբեր գինետներ, փաբեր, շփվում ենք մարդկանց հետ եւ տեսնում ենք այդ վերաբերմունքը։ Բոլորը մեզ հետ են, աջակցում են, սիրում։ Դա մեծ առավելություն է։ Մենք չենք կտրվում ժողովրդից, չենք ընկալում որպես մարմին, որին պետք է քննություն հանձնենք, եթե հանկարծ 5-ից 5 չհավաքենք, մեզ կպախարակեն ու դուրս կմղեն քաղաքական դաշտից։ Մենք տեսնում եւ զգում ենք ժողովրդի աջակցությունն ու պատրաստվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում բոլոր ակնկալիքներն արդարացնել»։
Իր եւ իր թիմի վրա Էդուարդը վստահ է՝ պաշտոնն իրենց չի փոխի, եթե լինեն բացառություններ, դուրս կմղվեն իրենց շարքերից։ «Մեր քաղաքական թիմը որակապես նոր եւ այլ արժեհամակարգ կրող անձնավորություններից է բաղկացած։ Եթե մեր թիմում հայտնվեն մարդիկ, որոնք իրենց կդրսեւորեն այլ կերպ, դառնալով փոքրամասնություն, դուրս կմղվեն»,- վստահ է նա։
Ապաքաղաքական ընտանիքն ու ազատ դաստիարակությունը
Էդուարդի հայրը գործարար է, մայրը՝ տնային տնտեսուհի, քույր ունի, որն ամուսնացած է, զբաղվում է երկու փոքրիկների դաստիարակությամբ։ Իր դաստիարակության ամենակարեւոր կետը Էդուարդը համարում է ազատության սերմանումը։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Ինձ չեն սովորեցրել, որ պետք է այսպես կամ այնպես անել, ճշմարտության արհեստական սահմանների մեջ չեն դրել։ Լինելով հայաստանյան հասարակության մաս՝ ունեցել եմ այդ բացառիկ առավելությունը՝ ազատություն, ընտրության հնարավորություն, որը, կարծում եմ, պետք է ունենա յուրաքանչյուր երեխա»,- ասում է նա ու շնորհակալություն հայտնում ծնողներին՝ քաղաքական ճանապարհին եբեւէ չմիջամտելու համար։
Երեւանցի տղան, որը երազում էր ֆուտբոլիստ դառնալ
«Հորական տատիկս ռուս է, պապիկիս հետ ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան, հայրս ծնվել է Մոսկվայում, սակայն փոքր տարիքից Երեւանում է ապրել, մայրս նույնպես Երեւանում է ապրել»,- ասում է Էդուարդը, որը երեւանյան թոհուբոհի մեջ է մեծացել: Մանկությունն անցել է Սախարովի հրապարակում, ապա՝ Սայաթ-Նովա փողոցում եւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Կասկադի հարեւանությամբ։
Պատանեկան տարիներից հետաքրքրված է սպորտով, երաժշտությամբ։ Ասում է՝ ակտիվ, բայց ոչ չար պատանի է եղել, խնդիրներ չի ստեղծել ոչ ընկերների, ոչ էլ ընտանիքի համար։
Լուսանկարը` Մեդիամաքս
Էդուարդը երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին, պարապում էր, ասում է՝ վատ չէր ստացվում, սակայն առողջական խնդրի պատճառով ստիպված է եղել հրաժարվել ֆուտբոլային երազանքից, հետո թենիսով է զբաղվել, որը եւս հաջողել է, բայց առողջական նույն խնդրի պատճառով դա էլ է կիսատ թողել։
«Մինչեւ հիմա շատ եմ սիրում սպորտը։ Ժամանակ ունենալու դեպքում ֆուտբոլ, թենիս եմ նայում։ Տարբեր սպորտաձեւերով եմ զբաղվել։ Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ։ Ծնողներս ասում էին՝ մի ուղղություն ընտրի, շարունակի, սակայն երեւի չկա սպորտաձեւ, որով գոնե մեկ ամիս չեմ զբաղվել։ Կարճ ժամանակահատված շախմատի էլ եմ գնացել, բայց դուրս չեկավ։ Այդ ամենից բացի ծրագրավորում եմ սովորել, երաժշտությամբ եմ զբաղվել, դաշնամուր եմ նվագում»,- ասում է Էդուարդը։
Ներկայիս զբաղվածության պատճառով մի շարք հետաքրքրություններ դուրս են մղվել Էդուարդի առօրյայից, սակայն որոշ ավանդույթներ պահպանում է։ Օրինակ՝ ֆինանսիստի մարզավիճակը չկորցնելու համար ամեն առավոտ օրը սկսում է Financial Times պարբերականը կարդալով։ Ասում է՝ ֆինանսական պարբերականներ կարդալն ու տեղեկացված լինելն օգնում է իրեն եւ համահունչ է այս գործին.
«Համաշխարհային ֆինանսական շուկաներն երեւի ներկայիս ամենամեծ հետաքրքրություններիցս են։ Ես մասնագիտացած եմ ֆինանսական ֆոնդերի կառավարման ոլորտում, որը Հայաստանում զարգացած չէ»։
Դիջեյինգը՝ մեծագույն հոբբի
Նրա մեծ սերերից մեկն էլ դիջեյինգն է։ Ասում է՝ եթե օրվա ընթացքում հասցնում է, մի սեթ լսում է։
«Շատ եմ կարոտում դիջեյինգը։ Հայ հասարակության մեջ դիջեյինգն ասոցացվում է այն մարդկանց հետ, որոնք հարսանիքների ժամանակ երգ են դնում, իրականում այդ ոլորտն արագ տեմպերով զարգանում է ամբողջ աշխարհում, մասնավորապես, հարեւան Վրաստանում, որտեղ համաշխարհային մակարդակով շատ մեծ ու ազդեցիկ աստղեր են ի հայտ գալիս։ Անդերգրաունդ մշակույթն առաջ է տանում Վրաստանը որպես երկիր։ Վերջերս մի հրապարակում էի կարդում, որտեղ ներկայացվում էին Վրաստանում տուրիզմի զարգացման խթանները։ Զբոսաշրջիկների ներհոսքի զգալի հատվածն էլեկտրոնային երաժշտության սիրահարներով էր պայմանավորված։ Այսօր Թբիլիսին երկրորդ Բեռլինի համբավն ունի, իսկ վերջինն էլեկտրոնային երաժշտության, անդերգրաունդ մշակույթի գլխավոր կենտրոնն է։ Մեզանում շատերը դիջեյինգ ասելով հասկանում են մարդկանց, որոնք գումար են վաստակում՝ նվագելով տարբեր միջոցառումներին։ Դա ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Ես մելոման եմ, խոսքն էլեկտրոնային բարդ երաժշտության մասին է։ Ունեմ նաեւ իմ հավաքած երաժշտությունը»,- ասում է նա։
Լուսանկարը` Մեդիամաքս
Խիստ դեմքով պաշտոնյաների շարքերը համալրել Էդուարդը չի պատրաստվում։ Երաշտությունն ապրելակերպ է, այդուհանդերձ, Էդուարդը կարծում է, որ երաժշտություն գրել այլեւս չի հասցնի, սակայն նվագել երբեմն կփորձի.
«Խնդիր չունեմ, եթե ազատ ժամանակ ունենամ, մեծ հաճույքով որեւէ տեղ սեթ կնվագեմ։ Շատ եմ կարոտում դիջեյինգը»։
Կարդացեք նաեւ՝
Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար
Սուրեն Պապիկյան. բանվոր եւ հնագետ, ուսուցիչ եւ նախարար
Լիլիթ Մակունց՝ կարծրատիպեր կոտրող մշակույթի նախարարը
Ամալյա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: