Սուրեն Պապիկյան. բանվոր եւ հնագետ, ուսուցիչ եւ նախարար - Mediamax.am

exclusive
30547 դիտում

Սուրեն Պապիկյան. բանվոր եւ հնագետ, ուսուցիչ եւ նախարար


Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը 32 տարեկան է` նոր կառավարության երիտասարդ անդամներից մեկը, ով կանգնած էր համաժողովրդական շարժման ակունքներում։ Սուրեն Պապիկյանը ծնվել եւ մեծացել է Լոռու Բերդ գյուղում, ԵՊՀ–ում ուսանելու տարիների արել է տարբեր աշխատանքներ, ընդհուպ` բանվորություն։

 

Ժողովրդի, մասնավորապես, մարզերի խնդիրները սեփական «կաշվի» վրա զգացած նախարարը փաստում է` առաջնայինը արդարության սկզբունքների հաստատումն է։

«Ինչպես շատ քաղաքացիներ, մշտապես տեսել եմ, թե մարդիկ ինչպես են բախվում անարդարության։ Հիմա իմ  հնարավորությունների սահմանում պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի մարդը երբեւէ անարդարության չբախվի»,– նշում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախկին ուսանողը, ով մտածում էր հնագիտական գործունեություն ծավալելու մասին, սակայն քաղաքական իր դիրքորոշումը հստակեցնելուց հետո վերանայել է որոշումը։

 

Հայրենի գյուղը

 

Լոռվա բնաշխարհում մեծացած Պապիկյանի համար մասնագիտական ընտրություն կատարելիս առանցքային նշանակություն է ունեցել հայրենի գյուղի` Լոռե բերդաքաղաքի շրջակայքում գտնվելը։ Այստեղ է նա սկսել հետաքրքրվել պատմությամբ։ Պապիկյանն ուսանողական տարիներին տեղափոխվել է Երեւան, ծնողները մինչեւ օրս շարունակում են բնակվել հայրենի գյուղում։ Նախարարը հիմա քիչ է լինում գյուղում, երբեմն ընդամենը մի քանի ժամով, սակայն այնտեղից միշտ լիցքավորված է վերադառնում, ասում է`մարդը պիտի մշտապես առնչվի  հողի ու բնության հետ, այն ուժ է տալիս։

 

Փաստը, որ հնարավորություններն ու հետաքրքրությունները, հիմնականում, կենտրոնացած են մայրաքաղաքում, մանկության տարիներին ապագա նախարարին չի սահմանափակել։ Ասում է` շատ է սիրում կարդալ, այդ տարիներն օգտագործել է ինքնազարգացման համար։ Կրթության հարցում գյուղի դպրոցը մրցունակ է եղել, դա ցույց են տվել դպրոցական օլիմպիադաները, որոնց ժամանակ չի զիջել Երեւանի դպրոցների սաներին, իսկ այլ հնարավորությունների սահմանափակ լինելն ավելի ուշ է նկատել։

 

Սուրեն Պապիկյանը Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Կային թերություններ, սակայն ես դրանք հետո եմ զգացել։ Ունեցել եմ այն, ինչ ունեցել եմ, ինչ–որ բաներ չունենալու, սահմանափակ հնարավորություններն էլ նպաստել են, որ ձգտեմ ունենալ ավելին։ Այդ փուլն ինձ համար եղել է աշխարհաճանաչման կարեւոր շրջան։ Այն ժամանակ չկային այսօրվա հնարավորությունները, չկար համացանց, աշխարհին ծանոթանում էինք գրքերի միջոցով։ Իմ կարդացած գրքերի 95 տոկոսը կարդացել եմ մինչեւ 16 տարեկան։ Դրանից հետո ժամանակի սղության պատճառով հիմնականում կարդացել եմ մասնագիտական գրականություն»,– ասում է նախարարը։

 

ԵՊՀ «սեւ շենքում»

 

Ուսանողական տարիներին Երեւան տեղափոխվելը Պապիկյանի համար կարեւոր շրջափուլ էր ինքնուրույն դառնալու տեսանկյունից։

 

«Ուսանողական տարիներն ինձ համար կայացման փուլ են եղել։ Որպես ՀՀ քաղաքացի` ես թրծվել եմ ԵՊՀ «սեւ շենքում»։ Պատմության ֆակուլտետը դարձել է հենց այն դարբնոցը, որտեղ ձեւավորվել է ՀՀ քաղաքացու իմ վերջնական  կերպարը,– ասում է նախարարը, ապա հավելում` իր քաղաքացիական գիտակցությունը ձեւավորվել է 17 տարեկանում։ – Տեղական ինքնակառավարումն ինձ հետաքրքրել է մանկուց։

 

Ուսանողական տարիներին մասնակցել եմ շինարարական տարբեր ընկերությունների կողմից գյուղի, մարզի տարածքում արտադրամասեր տեղակայելու դեմ ակցիաներին։ Այդ փուլից սկսած ինձ համար կարեւոր է դարձել ավագանու գործունեությունը: Պարզ էր, որ ավագանին չի կատարում իր իրական լիազորությունները։ Ինձ համար էական է, որ ՏԻՄ–ը լինի անկախ`գյուղապետը չդառնա մարզպետի կցորդ, ավագանին` մարզպետի կամակատար։ Այս դեպքում լսելի կլինի համայնքի ձայնը եւ պաշտպանված կլինեն բնակչի իրավունքները»։

 

Սուրեն Պապիկյանը Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նորանշանակ նախարարը նշում է, որ մանկուց է ըմբոստ եղել եւ չի ընդունել անարդարացի որեւէ որոշում։ Առաջին պայքարներից մեկը Պապիկյանը մղել է համալսարանում` ուսխորհրդի` քաղաքական կուսակցություններից անկախ լինելու համար. «Բանակ զորակոչվելուց եւ զորացրվելուց հետո գլխավորել եմ ԵՊՀ ուսանողական  գիտական ընկերությունը, որին փորձել եմ հաղորդել այն անկախությունը, որ ցանկացել եմ տեսնել ուսխորհուրդներում, ուսանողական կազմակերպություններում»։ Նախարարն ընդգծում է` հեղափոխական այս փուլն էլ ցույց տվեց, որ  ուսանողությունը հասարակության շարժիչ ուժերից մեկն է։

 

2008 թվականի ընտրություններ

 

Իսկ ահա քաղաքական գործընթացներով հետաքրքրվել Պապիկյանը սկսել է 22 տարեկանում` 2008 թվականի նախագահական ընտրությունների փուլում։ «Ինձ պայքարի մղեց այն, երբ ինձ համար փաստեցի, որ երկրում ընտրվել է նախագահ կամ նախագահի աթոռը զավթել է մի մարդ, ով չի վայելում ժողովրդի համակրանքը։ Դա կարեւոր սկզբունք էր, որի համար հայտնվեցի հակառակ ճամբարում եւ սկսեցի պայքարել օրինականության վերականգնման համար։ Դրա համար երկար ժամանակ պահանջվեց, գործընթացն այսօր էլ շարունակվում է: Մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որ Հայաստանում երբեւէ ոչ ոք չկարողանա իշխանություն բռնազավթել կամ ոտնահարել մարդու ազատ ընտրության իրավունքը»,– նշում է նա ու վստահեցնում, երբ պայքարում էր զանազան խնդիրների դեմ, անգամ, երբ սկսեց քաղաքական պայքար մղել, իրեն չի պատկերացրել նախարարի կարգավիճակում։

 

Բանվորից՝ մինչեւ նախարար

 

Պապիկյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից մեկը, ընտրվել է «ՔՊ» վարչության փոխնախագահ ու զբաղվել կուսակցության տարածքային կազմակերպություններով։ Կարեւորում է, որ կուսակցության ծրագրային այն դրույթների մշակման մասնակիցն է եղել։

 

Նախարարական սենյակ մտնելուց հետո Պապիկյանը ոչինչ չի փոխել։ Ասում է` քմահաճ չէ, կարեւորն աշխատանքային պայմանների ապահովումն է։ Ըստ նրա` առօրյան եւ զբաղվածությունն էլ չեն փոխվել։ Ասում է` նախկինում էլ էր արթնանում առավոտյան 7–ին, աշխատանքային ծանրաբեռնված օր ունենում եւ տուն վերադառնում 22-ի սահմաններում, հիմա էլ։ Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ իր աշխատանքը բազմապրոֆիլ էր, հիմա ուղղությունը մեկն է։

 

Սուրեն Պապիկյանը Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ծանրաբեռնված աշխատանքը նախարարի համար նորություն չէ։ Աշխատել սկսել է վաղ տարիքից` անելով ամենատարբեր աշխատանքներ` ֆիզիկական, մտավոր։ «Սկսած պատանեկան տարիներից գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ եմ արել։ Ուսանողական տարիներն ինձ համար եղել են դժվարին, դրանով հանդերձ` շատ քաղցր։ Հայրենի տնից կտրված մեծ քաղաքում գտնվող երիտասարդների համար բավականին բարդ է հարմարվել նոր պայմաններին։ Այդ փուլում Հայաստանում սոցիալ–տնտեսական պայմաններն այնքան էլ լավ չէին։ Ուսանողական տարիներին չենք խորշել անել տարբեր աշխատանքներ, ընդհուպ` բանվորություն։ Ընկերներով գնում էինք ֆիզիկական աշխատանք անելու եւ այդպիսով մանր ծախսերի համար գումար աշխատում։ Հպարտ եմ, որ անցել եմ այդ ճանապարհով։ Դա չի խանգարել զուգահեռ լավ սովորել։ Ինչպես դպրոցում, այնպես էլ բուհում սովորել եմ գերազանց առաջադիմությամբ»,– ասում է նա։ Փաստը, որ նախարարությունում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով նաեւ բանվորություն է արել, ըստ Պապիկյանի, կառավարությունում այլեւս եզակի երեւույթ չէ։ Հիմա այդպիսիք շատ կան։

 

Հնագիտությունը, ծախսերն ու ֆուտբոլը

 

Իր առաջին աշխատավարձը նախարարը լավ է հիշում` 50 հազար դրամի շեմը չէր անցել` 47 կամ 48 հազար դրամ` օրական 2500 դրամ, որը վաստակել էր հնագիտական պեղումներին մասնակցելու շնորհիվ։ «Ամառային արձակուրդներին գյուղ էի վերադառնում։ Լոռի բերդաքաղաքում բրոնզեդարյան հսկայական դամբարանադաշտ կա, որտեղ հնագետներն ամեն տարի պեղումներ էին անում։ Ամեն տարի մասնակցում էի այդ արշավախմբերի կազմակերպած պեղումներին, ուզում էի հնագետ դառնալ»,– նշում է Պապիկյանը: Նա հույս ունի օրերից մի օր, երբ քաղաքականությամբ չի զբաղվի եւ կհամարի, որ ՀՀ–ն գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ինքը, որպես քաղաքացի, պաշտոնյա կամ նախկին պաշտոնյա, այլեւս անելիք չունի, կրկին կզբաղվի հնագիտությամբ։

 

Առաջին աշխատավարձը նախարարը ծախսել է անձնական կարիքները հոգալու, գրքեր գնելու համար։ Տարիների ընթացքում սկսել է ավելի շատ վաստակել։ Նախարարական աշխատավարձն էլ պատկառելի է։ Ասում է`հիմա եւս աշխատավարձը ծախսում է կենսական հարցեր լուծելու համար, հատուկ ծախսեր չունի։

 

Նախարարի հետաքրքրություններն էլ ծախսատար չեն։ Պապիկյանը ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Անկախ հետաքրքրությունից, բոլոր խաղերին հետեւել վաղուց չի հասցնում, սակայն առանցքային խաղերը փորձում է բաց չթողնել։ Ռեալ Մադրիդի եւ Լիվերպուլի երկրպագուն առաջիկայում ստիպված է լինելու դիտել սիրելի 2 թիմի մրցակցությունը, սակայն ասում է` դա էլ առավելություն ունի` դիտարժան խաղ կլինի։

 

Պաշտոնն ու մարդը

 

Նախարարը վստահեցնում է` պաշտոնն իրեն չի փոխել եւ չի փոխի։ Կարեւորում է, որ հասարակությունն էլ հասկանա, որ իշխանության եկած մարդիկ շարունակում են ժողովրդական մնալ։ «Չեմ կարծում, որ պաշտոնը պիտի մարդուն փոխի։ Դա մարդուց է կախված։ Ես մնալու եմ այնպիսին, ինչպիսին կամ, չեմ խորշելու գնալ այն վայրերը, ուր գնացել եմ նախկինում։ Հանգստյան օրերին ես ազատ ոճի մեջ կարող եմ այցելել ցանկացած հասարակական վայր, ինչը նորմալ եմ համարում։

 

Ես ժողովրդի մեջ գտնվող պաշտոնյա եմ ու շարունակելու եմ այդպիսին լինել»,– ասում է նա, ապա ընդգծում` ժողովրդի մեջ գտնվող, ոչ թե ժողովրդի միջից դուրս եկած պաշտոնյա։ 

 

«Իմ քայլը»

 

Պապիկյանը եղել է «Իմ քայլը» շարժման ակունքներում։ Հիշում, որ ծրագիրը միանգամից չի կազմվել, եղել են քննարկումներ, բանավեճեր, անքուն գիշերներ, որոնց արդյունքում էլ գտնվել են այն լուծումները, որոնք բերեցին հաղթանակի:

 

 

«Միտքը մեր ընկերներից Մխիթար Հայրապետյանինն է, դետալների մշակմանը բոլորս ենք մասնակցել։ Մեր գործողությունները հանգամանալից հաշվարկված էին։ Պարզվեց` ժողովրդական շարժմանը հակախաղ չկա, անհրաժեշտ էր միայն, որ այդ քնած ձայնն արթնանա, հասարակությունը հասկանա, որ երկրի իրական տեղը ՀՀ քաղաքացին է»։

 

14–օրյա քայլարշավին Պապիկյանն ամբողջությամբ չի մասնակցել։ Ասում է` աշխատանքի բերումով չէր կարող ամեն օր լինել այնտեղ։ «Գոնե մեկը պետք է աներ մնացյալ գործողությունները Երեւանում, կոմունիկացիայի, սննդի ու տարբեր այլ հարցեր կային, որոնց լուծման համար կազմակերպիչներ էին պետք։ Իհարկե, տարբեր օրերի մասնակցել եմ քայլարշավին, սակայն հիմնական դերակատարումս եղել է Երեւանում` ակցիանների մասնակցության, տարբեր նախաձեռնությունների անդամների հետ հանդիպումների, նրանց հետ ինչ–որ քայլել ձեռնարկելու, քննարկելու առումով»:

 

Սուրեն Պապիկյանը Սուրեն Պապիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նա առանձնացնում է Երեւանում շարժման ամենաբարդ օրը: «Ինձ համար ամենակարեւոր փուլը եղավ Սերժ Սարգսյանի ընտրության օրը։ Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ առաջին անգամ հրապարակում գտնվող քաղաքական ուժը ծանր որոշում պիտի ընդուներ` լքել հրապարակը, հաջորդ օրը շարունակել պրոցեսը։ Շատերի համար դա անթույլատրելի էր,  նշանակում էր` պարտություն, սակայն մենք գիտակցում էինք, որ հրապարակում մնալը մեծ ռիսկեր էր պարունակում։ Եղել են դեպքեր, որոնք կարող էին բերել լուրջ բախումների։ Քանի որ որդեգրել էինք խաղաղ, անցնցում իշխանափոխության գաղափարը, չէինք կարող դա թույլ տալ։ Չէինք բացառում, որ նման որոշումների կայացումը կարող էր բերել նրան, որ կորցնեինք հաղթանակի թելը, սակայն չէինք կարող վտանգել որեւէ մեկին։ Պարզվեց, մեր սկզբունքն ամենաճիշտն էր։ Հպարտ եմ, որ կարողացել ենք սառը դատողությամբ հասնել նման որոշումների։ Եթե այդ օրը մնայինք, այն խաղաղ, անցնցում իշխանափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, գուցե, այսպիսին չլիներ»։

 

Նախարարն անկեղծանում է` պատրաստ էին ցանկացած սցենարի, այդ թվում` պատվով կրել պարտություն, եթե պարտվեին, սակայն իրենց ձեռնարկի մեջ հետքայլ անել չէին պատրաստվում։

 

Պայքարի տարբեր փուլերում Պապիկյանի համար տարբեր կարգախոսներ են հոգեհարազատ դարձել։ Նա առանձնացրեց դրանցից երեքը. «Ավելի վաղ ինձ հոգեհարազատ էր «Հիմա» կոչը, հետո կարեւոր դարձավ «Ելք կա»–ն, ելք գտնելու ճանապարհին` «Քայլ արա»–ն։ Այն փուլում պետք է  քայլ անեինք, մերժեինք, հիմա էլ պետք է քայլ անենք ու երկրում փոփոխություններ անենք»,– նկատում է նա։

 

Իշխանության տերը քաղաքացին է

 

«Ուրախ եմ ու հպարտ, որ հանրությունը հիմա գիտի, որ իշխանության տերն արդեն ՀՀ քաղաքացին է։ Բնականաբար, եթե մենք էլ վատ իշխանություն լինենք, ինչու ոչ, մարդիկ պետք է բարձրացնեն բողոքի իրենց ձայնը։ Ես միայն կողջունեմ դա։ Այլ բան է, որ մենք նոր ենք ստանձնել իշխանությունը եւ հայտարարել ենք, որ իշխանությունները հասանելի են հասարակության համար։ Մենք ասում ենք` խնդրի համար դիմեք պատկան մարմիններին, եթե խնդրին ընթացք, լուծում չտրվի, խնդրեմ, բողոքեք։ Իրականում, 25-30 տարվա խնդիրներ են կուտակված։ Պետք չէ մեղադրել մարդկանց, ես լիովին հասկանում եմ իրենց, սակայն պետք է հասկանալ, որ մեկ օրում հնարավոր չէ լուծել խնդիրները։ Կան համակարգային խնդիրներ»,– նշում է նախարարը։

 

Պապիկյանն ու ընկերները հիմա քաղաքական պատասխանատվություն են կրում երկրում տիրող իրավիճակի համար։ Այս փուլը բարդ է ու պատասխանատու, սակայն նա կարծում է, որեւէ փուլում պատասխանատվությունը չի նվազելու։ «Իշխանության ստանձնումը խոր պատասխանատվություն է` շատ ծանր բեռ, սակայն մենք սիրով ենք կրում այս բեռն ու պատրաստ ենք օր ու գիշեր ծառայել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Նախարարական պորտֆել ստանալուց առաջ Պապիկյանը պատկերացնում էր ոլորտային խնդիրները։ Դիտարկմանը, որ մի բան է խնդիրը բարձրացնել իբրեւ պահանջատեր, այլ բան է ներսից ծանոթանալ դրան, նորանշանակ նախարարը պատասխանեց. «Գրեթե ամեն ինչ համապատասխանում է իմ պատկերացումներին։ Լուծման մեխանիզմներն էլ ինձ համար չեն փոխվել։ Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ ես պահանջող էի, հիմա` կատարող։ Այն ժամանակ պիտի լծակներ փնտրեի`գործադիր մարմնի վրա ազդելու համար, հիմա ունեմ այդ հնարավորությունը»։

 

Առաջին քայլերը՝ որպես նախարար

 

Մասնագիտական որակներից եւ ոլորտային խնդիրներից զատ նախարարի աշխատանքը ենթադրում է նաեւ ղեկավարման ջիղ, որն առանձին հատկանիշ է։ Թե ինչպես է իր մոտ ստացվում ղեկավարել աշխատանքը, նախարարը բնորոշել չի ուզում։ Ասում է` այդ հարցի պատասխանն աշխատակիցները պետք է տան։ «Ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան` լա՞վ ղեկավար եմ, թե՞ ոչ, ես կփորձեմ լինել արդարամիտ եւ չխախտել իմ սկզբունքները»,– ասում է նորանշանակ նախարարը, ով աշխատանքի մեջ կարեւորում է պունկտուալությունը։ Իրեն մի բնորոշում, այնուամենայնիվ, տալիս է` պահանջկոտ է. «Ինքս ճիշտ ժամկետում խնդիրը կատարող եմ եւ նույնը պահանջում եմ մյուսներից»։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Որպես նախարար` առաջին քայլը, որ արել է, եղել է ոլորտային պատասխանատուների հետ ծանոթությունն ու իր համար կարեւոր սկզբունքները, առաջիկա քայլերը ներկայացնելը։ Առաջին փոփոխությունը, նրա խոսքով, մարդկանց մտածողության մեջ  պետք է լինի. «Ես աշխատակազմին ուղիղ տեքստով ասել եմ, որ Հայաստանում վերականգնվել է օրինականությունը։ Խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը Հայաստանում չի գործելու։ Լինելու են մրցակցային, ազատ հարաբերություններ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի աջակցել հասարակության այն հատվածներին, որոնք  անարդարության պատճառով տուժել են»։

 

Կառավարությունում երիտասարդների ներգրավումը երկբեւեռ քննարկումների է տեղիք է տվել։ Հանրության մի մասը կարծում է, որ ղեկավարումը ստանձնել են նոր մտածողությամբ մարդիկ, մյուսները մատնանշում են փորձի պակասը։ «Բնականաբար, փորձի պակասը չի կարող տեսանելի չլինել, սակայն  փորձն աշխատանքի ընթացքում է ձեռք բերվում։ Չէ՞ որ մյուսները, որ դարձել են փորձառու, մի օր ինձ նման անփորձ ստանձնել են ինչ–որ գործ։ Կարծում եմ` այստեղ էական է ոչ թե փորձառությունը, այլ կամքը, լավը, բարին կերտելու ցանկությունը։ Մենք ունենք այդ կամքը եւ մի քայլ չենք  նահանջելու։ Փորձառության մասով մեզ կօգնեն մեր ավագ ընկերները, ովքեր աշխատում են միջին օղակներում։ Ես սիրով դիմում եմ նրանց, դիմում եմ ոլորտին ծանոթ մարդկանց, շփվում եմ նախկին նախարարների, փոխնախարարների հետ եւ փորձում եմ բոլորի պոտենցիալը ներդնել նոր Հայաստանի կերտման մեջ»,– ասում է 32-ամյա նախարարը, ով խորհուրդներ լսելու հարցում ամբիցիոզ չէ։ Ասում է` այլ կերպ հնարավոր չէ ամբողջությամբ ծանոթանալ խնդիրներին եւ լուծումներ գտնել։

 

Նախարար-ուսուցիչը

 

Սուրեն Պապիկյանը երկար տարիներ աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ 2010-2016 թվականներին ուսմանը զուգահեռ դասավանդել է Երեւանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011–ից մինչեւ վերջին օրերը դասավանդել է «Քվանտ» վարժարանում, մեկ տարի դասավանդել է նաեւ ԵՊՀ–ում: Ֆենոմենալ հիշողություն ունի` իր բոլոր աշակերտներին հիշում է  անուն–ազգանունով։ Ներքին հպարտությամբ ասում է` համաժողովրդական շարժմանն իր ուսանողներից ու աշակերտներից շատերն էին միացել։ Չնայած զբաղվածությանը` ուսուցչի աշխատանքը թողնել չի ուզում։ «Չեմ բացառում, որ սեպտեմբերից կշարունակեմ մի քանի դասաժամ ունենալ «Քվանտում», որպեսզի չկտրվեմ դպրոցից։ Ես շատ եմ սիրում դպրոցը, սիրում եմ երեխաներին, նրանք էլ միշտ ինձ են սիրել։ Երեւի թե, ամենակարեւորը փոխադարձ հարգանքն է։ Ես միշտ հարգել եմ երեխաների իրավունքները, իրենք էլ սիրել ու հարգել են իրենց ուսուցչին»,– նշում է նախարարը։

 

Ամալյա Հովհաննիսյան

 

Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին