1547 դիտում

Ռիչարդ Հովհաննիսյանը հանդես կգա դասախոսությունների շարքով


Ռիչարդ Հովհաննիսյանը
Ռիչարդ Հովհաննիսյանը

Լուսանկարը` AGBU


Երեւան: Մեդիամաքս: Պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն այս շաբաթ Երեւանում հանդես կգա Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսությունների շարքով։

Նախաձեռնությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու Հայաստանի Ամերիկյան համալսարանինն է։

Լրագրողների հետ հանդիպմանը պատմաբանը Հայաստանի Առաջին Հանրապետությունը բնորոշել է որպես «անավարտ սիմֆոնիա» կամ «անսպասելի նվեր», որը չարժեւորվեց այդ դժվար եւ դժոխային ժամանակներում։

Պրոֆեսորն ասել է, որ նույնն են Առաջին եւ ներկայիս հանրապետությունների մարտահրավերները։ Ինչպես 100 տարի առաջ էր, այնպես էլ Երրորդ հանրապետության անկախացումն ուղեկցվեց տնտեսական անկումով, Հայաստանն այսօր էլ շրջապատված է հակառակորդ հարեւաններով, լուծված չէ Ղարաբաղի հիմնահարցը։

Պատմաբանը վստահ է, որ թեեւ Առաջին Հանրապետության ակունքներում կանգնած էին նվիրյալներ, բայց անկախության կորուստն անխուսափելի էր։

«Գուցե մի քիչ ռոմանտիկ եմ գնահատում Առաջին Հանրապետության ղեկավարներին, որովհետեւ կարծում եմ, որ նրանք նվիրված, գաղափարապաշտ մարդիկ էին, 30 տարի պայքարել էին ազատագրական ճանապարհին, շատերը հավասարություն էին ուզում իրենց ժողովրդի համար, նրա հետ ապրեցին եւ մեռան։
Չեմ կարող ասել, թե չեն եղել դեպքեր, երբ մարդիկ հարստացել են ժողովրդի հաշվին, բայց չեմ կարծում, որ որեւէ ղեկավար մտածում էր, որ պաշտոնն իրեն կարող է ավելի լավ ապրելու հնարավորություն տալ։ Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, որը Թիֆլիսի քաղաքապետն էր եղել եւ այնտեղ պալատ ուներ, թողեց այդ պալատը, եկավ Երեւան եւ այստեղ ապրեց երկու սենյականոց բնակարանում», - ասել է Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Մայիսի 28․անկախությանը նախորդող ժամանակաշրջանը», «Ստեղծելով հանրապետության ենթակառուցվածքները» եւ «Հայաստանը միջազգային արենայում եւ ընդհանուր հայացք» թեմաներով դասախոսությունները Ռիչարդ Հովհաննիսյանը ներկայացնելու է ապրիլի 16-ին, 18-ին եւ 20-ին 18։30-ին Ամերիկյան համալսարանում։

Դասախոսություններն անգլերեն են՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am