Երեւան: Մեդիամաքս: Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում այսօր տեղի է ունեցել համայնքների դիմակայունությանը նվիրված (ԴԻՊԵԿՈ) ծրագրի 5-րդ շրջափուլի ներքո իրականացվող միջազգային ֆորումը։
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, ֆորումի հիմնական նպատակն է խթանել աղետների ռիսկի կառավարման գործընթացը համայնքային մակարդակում՝ նպաստելով դրանց դիմակայունության բարձրացմանը:
Ելույթ ունենալով ֆորումի բացմանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ ներկա մարտահրավերների պայմաններում բոլոր հնարավոր դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման նպատակով:
«Իմ կողմից համապատասխան հրամանով արդեն իսկ հաստատվել է «Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակում» կիրառական ուղեցույցը, որով համայնքներում սեփական ուժերով պետք է իրականացվեն վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտման գործընթացներ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծել է, որ աղետների ռիսկի տեսանկյունից մեծ ուշադրություն պետք է դարձնել մարզային եւ համայնքային ծրագրերի վերլուծությանը։
«Առանց աղետների ռիսկի նվազեցման հնարավոր չէ զարգանալ»,- ասել է նախարարը։
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ օժանդակելու գործընկեր երկրներին համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշել է, որ արտակարգ իրավիճակների նախարարության հետ կատարվել է հսկայական աշխատանք համայնքներում դիմակայունության խնդիրների բացահայտման եւ օրենսդրական դաշտը դրան համահունչ կատարելագործելու ուղղությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: