Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրել են համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով:
Վարժանքի նպատակն էր փորձարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, ղեկավար կազմի ունակությունները միգրացիոն հոսքի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքում, ինչպես նաեւ բացահայտել ոլորտում առկա բացերը:
Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետեւանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է Հայաստանի պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվի աճ:
Մասնավորապես՝ Բավրայի, Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին: Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր:
«Նմանատիպ վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել իրական իրավիճակին հնարավորինս մոտեցված տարբերակով, որպեսզի կարողանանք վեր հանել առկա թերությունները եւ շտկել դրանք», - ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Մալանիայի հետ քննարկել է նմանատիպ հնարավոր իրավիճակներում հայ-վրացական համագործակցության շրջանակը՝ հաստատելով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը:
Վարժանքի տեսական հատվածը շարունակվելու է եւս 2 օր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: