Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անցած հարուստ պետական-քաղաքական ուղին եւ պատկառելի փորձը լավագույնս կծառայեն Գերմանիայի հետագա զարգացմանը:
ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ փոխադարձ այցերը:
«Այսօր Գերմանիան նաեւ Հայաստանի առաջնային տնտեսական եւ դոնոր գործընկերներից է, մեր երկրում ընթացող լայնամասշտաբ բարեփոխումների հետեւողական աջակիցը:
Մեծապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ մեր գործակցությունը խարսխվում է ոչ միայն փոխադարձ շահերի, այլեւ ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա վկայությունն էր նաեւ անցյալ տարի Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը:
Անձամբ ծանոթ լինելով Ձեր պրոֆեսիոնալիզմին ու հայրենասիրությանը՝ համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ հարաբերությունները ոչ միայն կպահպանեն ներկայիս դինամիկան, այլեւ նոր խթան կստանան՝ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարօրության»,- ասել է ՀՀ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: