Ներկայացվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը - Mediamax.am

8458 դիտում

Ներկայացվել է «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագիրքը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» դասագրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակներն են թուրքագետներ Ռուբեն Սաֆրաստյանը, Ռուբեն Մելքոնյանը, Արթուր Դումանյանը, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը, Հակոբ Չաքրյանը եւ Անուշ Հովհաննիսյանը: Այն հրատարակվել է Երեւանի պետական համալսարանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի կողմից: 

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է, որ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետը մինչ օրս նման դասագիրք չուներ եւ ուսանողներն ուսանել են հիմնականում սովետական ժամանակաշրջանում հրապարակված դասագրքերով: Արամ Սիմոնյանը նկատել է, որ այսպիսի ծավալուն դասագրքի հրապարակումը կարեւոր է նաեւ քաղաքական տեսանկյունից:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանում թյուրքագիտության մակարդակը տարեցտարի բարձրանում է, ինչը շատ կարեւոր է, հաշվի առնելով, որ Թուրքիայում արագ զարգանում է հայագիտությունը`թուրքական տեսանկյունից եւ մեկնաբանությամբ:

 

Գրքի համահեղինակ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն, իր հերթին, ասել է, որ այն օբյեկտիվ պատմական դասագիրք է, որն ընդգրկում է Թուրքիայի պատմությունը 1918թ-ից մինչ օրերս, ներկայացնելով այդ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական դրվագները, գաղափարական հենքերը, առանցքային քաղաքական կուսակցությունները եւ ազդեցիկ քաղաքական գործիչներին:

 

Գրքում Ներկայացված են նաեւ ազգային-կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հալածանքի եւ ճնշումների քաղաքականության հիմնական փուլերն ու հետեւանքները, ինչպես նաեւ արծարծված են հայ-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները:

 

Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ Սանկտ-Պետերբուրգից առաջարկ է ստացվել  մինչեւ 2015թ. ապրիլի 24-ը դասագիրքը թարգմանել ռուսերեն լեզվով եւ տարածել այն ռուսաստանյան կրթական հաստատություններում: Արմեն Աշոտյանն, իր հերթին, առաջարկել է թարգմանել աշխատությունը նաեւ թուրքերեն եւ տեղադրել համացանցում, որպեսզի թուրք ուսանողները «այլընտրանքի հնարավորություն ունենան», նշելով, որ նախարարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին