Արա Ալեքյան. «Երկաթի մեջ շատ ավելի լավ եմ տեղավորվում» - Mediamax.am

exclusive
3496 դիտում

Արա Ալեքյան. «Երկաթի մեջ շատ ավելի լավ եմ տեղավորվում»


Արա Ալեքյանը
Արա Ալեքյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Արա Ալեքյանը
Արա Ալեքյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նկարիչ-քանդակագործ Արա Ալեքյանը հոգի է դնում ամենապարզ մետաղի՝ երկաթի մեջ: Նրա ձեռքերում արտադրական թափոնները դառնում են կերպարներ ու զարդարում թանգարաններն ու քաղաքների փողոցները: Մոսկվա կինոթատրոնի դիմաց կանգնած հսկա երկաթե սարդն ու ցուլը վաղուց դարձել են Երեւանի սիրելի կերպարներից, իսկ նրանց «նախահայրերը» հասել են Բրյուսել: Նախօրեին «Ծիրանի» ՀԿ-ն եւ Արարատյան Հայրապետական թեմը քանդակագործի հետ հանդիպում էին կազմակերպել, որից առաջ Արա Ալեքյանն իր մտքերը կիսել է Մեդիամաքս-ի թղթակցի հետ:

 

Ստեղծագործությունը

 

Ես սովորական աշխատող հայ մարդ եմ, ով շատ սիրում է իր մասնագիտությունը, գործը: Ես պարզապես սկսում եմ աշխատել եւ մեկ էլ տեսնում եմ` ծնվում է ստեղծագործությունը: Ամեն մի աշխատանքի մեջ էներգիա, հոգի ես դնում, եթե այդ սերն ու ջերմությունը չլինեն, եթե իմ ուղեղը մտածի միայն այն մասին, թե ինչպես անեմ, որ սիրուն լինի կամ ինչ-որ մեկին դուր գա, կստացվի ուղղակի հուշանվերի նման մի բան: Բայց երբ դու հոգումդ եղածն աշխատում ես ի հայտ բերել երկաթի կամ մեկ այլ նյութի մեջ, դառնում է ստեղծագործություն:  Սովորական երկաթն էլ, երբ ամեն օր սկսում է մարդու ձեռքերի մեջ շոշափվել, կենդանանում է:

 

Երկաթը

 

 

Երկաթի մեջ շատ ավելի լավ եմ տեղավորվում: Երկաթն իմն է: Ես բրոնզից եւ մարմարից գործեր էլ ունեմ, բայց դրանցով ստեղծագործելու պահանջը չեմ զգում: Կա նաեւ ֆինանսական հարցը, երեւի նաեւ դա էր պատճառը, որ ես նյութ ընտրեցի երկաթը: Բայց եթե նախկինում բրոնզով ձուլելու հնարավորություն չունեի, չեմ ասի, թե հիմա նույն իրավիճակն է: Հիմա ինչո՞ւ չեմ գնում դեպի բրոնզը: Որովհետեւ երկաթի մեջ այնքան հետաքրքիր բաներ եմ գտել: Արտադրական թափոն է, որը ոչ մի նշանակություն չունի, ոչ մի հետաքրքրություն եւ էսթետիկ բան իրենից չի ներկայացնում: Բայց դա միայն առաջին հայացքից: Իմ արվեստի գաղափարն էլ հենց այն է, որ ես այդ չեղած բանից եմ այն ստեղծում: Այդ անպետք դետալներն այնպես եմ սիրով ներկայացնում, որ դառնում են արվեստ:

 

Սարդն ու ցուլը

 

“Մոսկվա” կինոթատրոնի դիմաց կանգնած սարդն ու ցուլը 2007-2008 թվականներին քանդակեցի: Դրանից առաջ ես փոքր ցուլ, արջ եւ երկու ձի էի քանդակել: Այդ մոնումենտալ աշխատանքները հիմա Բրյուսելում են: Բոլոր մոնումենտալ աշխատանքներս գնացել էին, նորից հանրությանը ներկայանալու համար որոշեցի մեծ աշխատանք անել: Իսկ թե ինչու ցուլ եւ սարդ… երեւի այդ ժամանակ դա էր պետք: Ես անիմալիստական գործեր շատ եմ սիրում, չնայած նաեւ կերպարային լուծումներ եմ տվել՝ Փարաջանով եմ քանդակել, թագավոր եւ թագուհի: Ուղղակի պահն է այդպիսին լինում, կախված է տրամադրությունից:

 

Դժգոհ զանգը

 

Մի անգամ մի կին զանգահարեց, ով գրող ներկայացավ: Խնդրեց, որ ես սարդը հանեմ “Մոսկվա” կինոթատրոնի դիմացից՝ պատճառաբանելով, թե այն քաղաքին դժբախտություն կբերի, քանի որ աստղագուշակով նայել է, գիտի, որ այդ սարդը վատ նշան է քաղաքի համար: Ես իրեն պատասխանեցի, որ, եթե լավ ուսումնասիրի, կիմանա, որ սարդը միայն բարություն, հարստություն է բերում: Նույնիսկ մի լեգենդ կա, որ Գառնիի գյուղերից մեկում արաբների արշավանքների ժամանակ սարդը փրկել է բնակիչներին: Երբ նրանք թաքնվել են ժայռափոսի մեջ, սարդը մուտքին սարդոստայն է գործել, ու թշնամին, մտածելով, թե այնտեղ մարդ մտած չի լինի, հեռացել է: Այնպես որ, մեր տանը սարդ տեսնելիս ուրախանում եմ:

 

 

Բաժանումը

 

Չէի ասի, թե մեծ դժվարությամբ եմ բաժանվում իմ գործերից: Իհարկե, երբ դու այդ ամենի մեջ անգամ կյանքիցդ մի մաս ես դնում, դժվար կլինի: Ոչ մի ստեղծագործող աշխատանքը միայն իր համար չի անում: Դա արվում է մարդկանց ցույց տալու համար: Արվում է, որ ինչ-որ մեկը գնահատի դա, ինքն էլ բավականություն ստանա: Առիթ չի լինում, որ հաճախ գնամ տեսնեմ գործերս, քանի որ մեծ մասը դրսում է:

 

Քանդակագործի կյանքը

 

Ես առաջնորդվում եմ գեղեցիկ ապրելու գաղափարով: Իմ միջավայրն եմ ստեղծում, աշխատում եմ իմ ընկերների հետ ազնիվ լինել: Մարդուն շատ բան պետք չէ, ուղղակի արա, որի մեջ տեղավորվի: Պետք չէ տարածվել: Ես չեմ կարծում՝ թե չլինեմ, իմ գործերը կվերանան: Սովորական փայտագործը կարող է մի նարդի սարքել, հարյուրավոր տարիներ դա օգտագործեն: Արվեստը մնայուն է, դրա համար ես միշտ մտածում եմ, որ եթե մարը լույս աշխարհ է եկել, ուրեմն իրենից հետո պետք է մի բան թողնի: Ոչինչ չենք տանելու մեզ հետ: Շատ կուզեմ, որ բոլորը մտածեն, որ հենց այնպես չեն եկել այս աշխարհ:

 

Արա Ալեքյանի հետ զրուցել է Մարի Թարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին