Երիտասարդները` հանուն պատասխանատու սպառման եւ արտադրության - Mediamax.am

7654 դիտում

Երիտասարդները` հանուն պատասխանատու սպառման եւ արտադրության


Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումը
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Տոպրակ պետք չի» նախաձեռնության համահեղինակները
«Տոպրակ պետք չի» նախաձեռնության համահեղինակները

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշել են Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարվա օգոստոսի 12-ին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող Երիտասարդության միջազգային օրը նշվում է 2000 թվականից: Այս տարի այն կրում է «Ճանապարհ դեպի 2030. Աղքատության կրճատում. պատասխանատու սպառում եւ արտադրություն» խորագիրը:

  

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ ցույց տալ երիտասարդության դերը 2016թ. հունվարի 1-ից մեկնարկած «Կայուն զարգացման 2030թ․օրակարգի» 17 նպատակների իրականացման գործում:

 

Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) գաղափարն է ձեռնարկել նոր քայլեր՝ աշխարհում մարդկանց կյանքը բարելավելու համար:

 

Միջոցառման բացման խոսքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն նշել է, որ տարեսկզբից մեկնարկած ծրագիրը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, եւ երիտասարդությունը պետք է օգնի իրագործել ԿԶՆ-ների 17 հիմնական կետերից մի քանիսը:

 

«Այստեղ` Հայաստանում, երիտասարդները էներգիայով լեցուն են առավել, քան որեւէ այլ երկրում, որը ես այցելել եմ: Սիրելի երիտասարդներ, աշխարհով մեկ իրական փոփոխությունների հասնելու ձեր պոտենցիալը չափազանց մեծ է: Այսօր դուք ավելի շատ գիտելիք ունեք, ավելի տեղեկացած եք կատարվող փոփոխություններից, քան այլ տարիքային խմբերի ներկայացուցիչները: Դուք մեծ ազդեցություն կարող եք ունենալ ապագայի վրա»,- ասել է Բրեդլի Բուզետտոն: 

 

Այնուհետեւ մասնակիցները դիտել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի տեսաուղերձը` նվիրված երիտասարդության միջազգային օրվան:

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումը Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ ԿԶՆ 17 կետերից 12-րդի` «Պատասխանատու սպառման ու արտադրության» իրագործումը  մեծապես կախված է երիտասարդներից: Միջոցառման ընթացքում ներկայացվել են հայ երիտասարդների ստեղծած երկու նախագծեր, որոնք ուղղված են հենց այս խնդրի լուծմանը:

 

Դրանցից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձած հայազգի Կարինե Վաննի ու Ֆլորենս Լոուի «Տոպրակ պետք չի» նախաձեռնությունն է, որով աղջիկները պայքարում են բնությանը մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների անխնա օգտագործման դեմ:

 

Հանրային ու իրազեկող տարբեր միջոցառումներով հանդես եկող նախաձեռնող թիմը մարդկանց կոչ է անում սկսել օգտվել կտորից տոպրակներից: 

«Տոպրակ պետք չի» նախաձեռնության համահեղինակները «Տոպրակ պետք չի» նախաձեռնության համահեղինակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Երիտասարդության միջազգային օրը հարմար առիթ էր հիշեցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Impact Hub-ի միասնական ջանքերով գործարկված #Accelerate2030 հարթակի մասին, որի նպատակն է աջակցել եւ օժանդակել աշխարհում առավել խոստումնալից հանրօգուտ նախաձեռնություններին: Դրանք ուղղված են ԿԶՆ-երի իրականացմանը:

 

#Accelerate2030-ին մասնակցելու համար ձեռներեցների գործունեությունը պետք է ուղղված լինի մեկ կամ մի քանի Կայուն զարգացման նպատակների հետ առնչվող լուծումներին։

 

Հայաստանյան մրցույթի դիմումները կընդունվեն Impact Hub Երեւանի կողմից մինչեւ օգոստոսի 25-ը: Տեղական ընտրության վերջին փուլը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի 5-ին, որի ժամանակ կիսաեզրափակիչ դուրս եկած թեկնածուներն իրենց գաղափարները կներկայացնեն ազգային ժյուրիին։

 

Յուրաքանչյուր երկրից առաջադրված լավագույն երեք նախագծերը կքննարկվեն միջազգային ժյուրիի կողմից, որն էլ կընտրի լավագույն հինգին՝ մասնակցելու Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին