Բրեդլի Բուզետտո. «Կայուն զարգացման նպատակները կարագացնեն Հայաստանի զարգացումը» - Mediamax.am

exclusive
22870 դիտում

Բրեդլի Բուզետտո. «Կայուն զարգացման նպատակները կարագացնեն Հայաստանի զարգացումը»

Բրեդլի Բուզետտոն
Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը`


Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հարցազրույցը Մեդիամաքսին

   

- 2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ մտան «Կայուն զարգացման 2030թ․ օրակարգի» 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Խնդրում եմ պատմե՛ք, թե ի՞նչ նպատակով են ընդունվել դրանք:

 

- Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) գաղափարն է ձեռնարկել նոր քայլեր՝ աշխարհում մարդկանց կյանքը բարելավելու համար: Ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, դրանք ուղեցույց են մեր մոլորակի մարդկանց համար: Այստեղ խոսք չի գնում աղքատ կամ հարուստ երկրների զարգացման մասին: Նպատակը՝ բոլոր երկրների զարգացումն է: Սա ինչ-որ իմաստով փոխադարձ հաշվետվողականության նման մի բան է: 

 

Յուրաքանչյուր երկիր ԿԶՆ-ների իրականացման առաջընթացի համար հաշվետու է թե՛ իր քաղաքացիների, թե՛ ողջ աշխարհի առջեւ: Սա աննկարագրելի պահ եւ հրաշալի հնարավորություն է: Մարդկության պատմության մեջ մենք հասել ենք որոշիչ պահի. կա հստակ օրակարգ, որն ամբողջացնում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր մարդկանց ձգտումները՝ ունենալու խաղաղ, անվտանգ, առողջ եւ արժանապատիվ կյանք մեր մոլորակի վրա:

 

- Հայաստանցիների մեծամասնությունը պատկերացում չունի ԿԶՆ-ների մասին: Ինչպե՞ս է ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակն աշխատելու՝ բարձրացնելու այս նպատակների մասին հանրային իրազեկումը: Ովքե՞ր են Հայաստանում այս գործընթացի հիմնական շահառուները:

 

- ԿԶՆ-ներն իսկապես հավակնոտ են: Դրանք վերաբերում են աղքատությանը, սովի վերացմանը, գենդերային հավասարությանը, բարեկեցությանը եւ էներգիայի մաքուր միջոցների կիրառմանը: ԿԶՆ-ները առնչվում են մեր կյանքի, աշխատանքի, պահելաձեւի, ներդրումների, արտադրության ու սպառման ձեւերին: Այստեղ խոսք չի գնում զուտ արտասահմանյան օգնության, այլ Հայաստանի տնտեսությունը ներքին միջոցներով զարգացնելու մասին: Այդ նպատակներն առնչվում են նաեւ երկրի վարկունակությանն ու ներդրումների խրախուսման գրավչությանը:    

 

Այս ամենը նախատեսում է ավելի լավ կառավարում, ավելի լավ կարգավորում եւ ավելի շատ օրենքի գերակայություն: Սա գործընթաց է, որը պետք է խրախուսի ոչ միայն ՄԱԿ-ը: Հասարակության բոլոր դերակատարները, այդ թվում՝ կառավարությունը, բիզնես հատվածը եւ քաղաքացիական հասարակությունը, պետք է ներգրավվեն այս գործում: ԿԶՆ-ները դեռ նոր են, եւ որոշ ժամանակ կպահանջվի՝ մինչ դրանց մասին հանրային իրազեկումը կհասնի շարքային քաղաքացիներին:

Բրեդլի Բուզետտոն Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք արդեն սկսել ենք ԿԶՆ-ների շուրջ աշխատանքը Հայաստանում՝ փորձելով դրանց մասին իրազեկել մարդկանց: Շուտով կմեկնարկի մեր հանրային իրազեկման արշավը, որը ներառում է բաց լսումներ, դասախոսություններ բուհերում, հարցազրույցներ: Առաջիկա ամիսներին մենք դրանք իրականացնելու ենք նաեւ Հայաստանի մարզերում:

 

Հաջորդ քայլը կլինի Հայաստանում ԿԶՆ-ների այսպես կոչված «ազգայնացումը»՝ ամբողջացնելու Կայուն զարգացման նպատակների Հայաստանի օրակարգը: Այժմ մենք այս ամենի շուրջ աշխատում ենք ՀՀ կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ:   

 

- Ձեր կարծիքով, 17 ԿԶՆ-ներից որո՞նք ենք Հայաստանի համար ամենաարդիական, հրատապ նպատակները: 

 

- Կարծում եմ՝ բոլոր նպատակներն էլ արդիական են Հայաստանի համար, բայց ամենահրատապը, թերևս, աղքատության դեմ պայքարն է: Չնայած ՄԱԿ-ի, ՀՀ կառավարության եւ մեր գործընկերների լավագույն ջանքերին՝ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է, եւ սա իսկապես լուրջ խնդիր է:

Բրեդլի Բուզետտոն Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Գենդերային անհավասարությունը կրճատելը եւս կարեւոր նպատակ է, եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն այս խնդիրը պահում է իր ուշադրության կենտրոնում:  Հայաստանում կանանց կարողությունների հզորացումը ոչ միայն բարոյական կամ մարդու իրավունքներին առնչվող խնդիր է, այլեւ տնտեսական հիմնահարց: Եթե կանայք, ովքեր կազմում են բնակչության շուրջ 50 տոկոսը, չեն խրախուսվում, ապա այդ երկիրն իսկապես կորցնում է տնտեսության համար կարեւոր շարժիչ ուժ:   

 

- ԿԶՆ-ները ձեւավորվել են Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) փորձի հիմքի վրա: Ինչպիսի՞ն էր Հայաստանի առաջընթացը ՀԶՆ-ների իրականացման տեսանկյունից:

 

-Կարծում եմ՝ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել ՀԶՆ-ների իրականացման հարցում: Եվ մենք պետք է հիշենք, որ Հայաստանն ինքն է օգնել հաստատել ՀԶՆ-ների իր թիրախները: Երկիրը մի ամբողջ գործընթացի մաս է եղել: Չկար դրսից մի կառույց, որը եկավ ու ասաց՝ «պետք է սա անել»: Հայաստանն ինքնուրույն հաստատեց իր թիրախները, եւ Հայաստանին իսկապես հաջողվեց կրճատել մանկական մահացության դեպքերը, ապահովել հիմնական կրթություն եւ խմելու մաքուր ջրի հասանելիություն բոլորի համար: Այս ոլորտներում Հայաստանը լավ արդյունքներ է արձանագրել: Սակայն դեռ մեծ աշխատանք կա անելու:  

 

- Կնշեք, թե ո՞ր ոլորտներում:

 

- Աղքատության, գենդերային անհավասարության դեմ պայքարի եւ շրջակա միջավայրի կայուն զարգացման ոլորտներում:

 

- Պարոն Բուզետտո, ԿԶՆ-ներն պարտադիր իրավական ուժ չունեն: Այս դեպքում, ինչպե՞ս եք ակնկալում, որ տարբեր երկրների կառավարությունները կիրականացնեն դրանք: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են դիտարկելու այս կամ այն երկրի՝ այդ նպատակների իրականացման առաջընթացը:

 

- Իսկապես, ԿԶՆ-ներն պարտադիր իրավական ուժ չունեն, սակայն այժմ ՄԱԿ-ը եւ իր անդամ բոլոր երկրներն աշխատում են՝ մշակելու համաշխարհային ցուցիչներ, որոնք կօգնեն երկրներին գնահատել գործընթացը: Ակնկալվում է, որ Հայաստանը կմշակի երկրի առաջընթացը գնահատելու իր սեփական ցուցիչները: Մենք կօգնենք Հայաստանին անել դա: Կարծում եմ, ամբողջ գաղափարը կառավարությունների եւ մարդկանց միջեւ «փոխադարձ հաշվետվողականության» նոր մշակույթի ներդրումն է:

 

Առաջիկա մի քանի տարիների ընթացքում կներդրվեն ստուգումների բազմաթիվ միջոցներ, որոնք թույլ կտան մեզ վստահ լինել, որ բոլոր երկրները կարող են հաշվետու լինել միմյանց նկատմամբ ԿԶՆ-ների իրականացման առաջընթացի համար: Համաշխարհային ցուցիչներից առավել կարեւոր է այն, թե ինչպե՞ս է Հայաստանը մշակելու եւ իր համար տեղայնացնելու այդ ցուցիչները:

Բրեդլի Բուզետտոն Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջիկա ամիսների ընթացքում մենք աշխատելու ենք ՀՀ կառավարության հետ՝ մշակելու մոնիտորինգի եւ գնահատման համակարգը, եւ շատ կարեւոր կլինի տեսնել, թե որքա՞ն վստահելի են այս համակարգի արդյունքները:

 

Կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը ոչ այնքան Հայաստանի կառավարության ներգրավումն է, որքան քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի եւ ընդհանուր առմամբ հայ հասարակության մասնակցությունն է այս գործընթացին: Սա հնարավորություն է բոլորի համար:  

 

- Ձեր կարծիքով, որքանո՞վ է Հայաստանի կառավարությունը կարեւորում ԿԶՆ-ները:  

 

- Մենք աշխատում ենք կառավարության հետ՝ օգնելով Հայաստանին սահմանելու իր առաջնահերթությունները եւ մշակելու իր սեփական, ազգային ԿԶՆ-ները: Կարծում եմ, որ կառավարությունը մեծապես կարեւորում է  այս նպատակների իրականացումը: Հայաստանը նախկինում հավատարիմ էր Հազարամյակի զարգացման նպատակներին, եւ կարծում եմ՝ նրանք կկարեւորեն նաեւ Կայուն զարգացման նպատակները:

  

Սակայն պետք է, որպեսզի ողջ հասարակությունն ընդգրկվի այս գործում, քանի որ սա դրսից ներմուծված թիրախների ցուցակ չէ: ԿԶՆ-ները պետք է օգնեն ձեւավորել եւ խթանել Հայաստանի զարգացման առաջնահերթությունները: Այդ նպատակները համահունչ են Հայաստանի զարգացման համար արդեն իսկ գոյություն ունեցող ծրագրերի հետ: ԿԶՆ-ները Հայաստանի զարգացումն արագացնելու եւ երկիրն այս գլոբալ գործընթացի մաս դարձնելու հնարավորություն են:    

Բրեդլի Բուզետտոն Բրեդլի Բուզետտոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած Հայաստանը փոքր երկիր է, այն նշանակալի դեր է խաղացել ԿԶՆ-ների մշակման եւ այս ողջ գործընթացի իրականացման հարցում: Հայաստանը համաշխարհային մակարդակով կարեւոր դերակատար է ՄԱԿ-ում: ՄԱԿ-ն արտաքին մարմին չէ: Հայաստանը ՄԱԿ-ի մաս է, ՄԱԿ-ն էլ՝ Հայաստանի: Հայաստանն իսկապես ակտիվ  դեր է խաղում համաշխարհային զարգացման օրակարգի, ինչպես օրինակ, ԿԶՆ-ների առաջ մղման գործում եւ սա լուրջ ներդրում է երկրի հեղինակության համար: ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը չափազանց ակտիվ ներգրավվածություն ունի կայուն զարգացման նպատակների առաջ մղման գործում:

 

Բրեդլի Բուզետտոյի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին