Դեռեւս 2024 թվականին Բրատիսլավայում կայացած Starmus Earth փառատոնի ժամանակ իմացել էի, որ կա երկրպագուների բազմազգ մի խումբ, որի անդամները փորձում են ներկա լինել բոլոր Starmus-ներին: Խմբի ոչ պաշտոնական անունն է Starmus Gang՝ հենց այդպես է կոչվում նրանց խումբը Whatsapp հավելվածում:
Այս տարի Լա Պալմայում կայացած Starmus La Palma փառատոնի «կուլիսներում» զրուցեցի խմբի անդամներից չորսի հետ: Շնորհակալ եմ Արմինե Պետրոսյանին ցուցաբերած աջակցության համար:
Խավիեր Ռոսալես. Starmus-ը սնում է եւ՛ ինտելեկտը, եւ՛ հոգին
Խավիեր Ռոսալեսը 45 տարեկան է, ծնունդով Վենեսուելայից է, վերջին 20 տարին ապրում է Միացյալ Թագավորությունում։
Խավիերը աշխատել է աշխարհի ամենահայտնի ընկերություններում: Հիմա նա կարեւոր պաշտոն ունի Amazon-ում, նախկինում ղեկավար դիրքեր է զբաղեցրել McKinsey & Company-ում եւ Procter & Gamble-ում։ Կարիերային զուգընթաց մշտապես փորձել է կենդանի պահել հետաքրքրությունը գիտության եւ, մասնավորապես, աստղագիտության հանդեպ:

Լուսանկարը` անձնական արխիվ
Խավիերը Starmus-ի մասին իմացել է պատահաբար՝ Մադրիդից Լոնդոն ուղեւորվելիս Iberia ավիաընկերության ճամփորդական ամսագիրը թերթելիս:
«Իմ առաջին Starmus փառատոնը Տեներիֆեում էր, եւ դա այնքան հզոր փորձառություն էր, որ ես նվիրված մասնակից դարձա։ Նվագախումբը կատարում էր Հանս Ցիմերի ստեղծագործությունները, մասնավորապես, «Ինտերստելար» ֆիլմի սաունդթրեքը, դա ուղեկցվում էր սեւ խոռոչների բախումների մասին մոդելավորումներով եւ Կիպ Թորնի մեկնաբանություններով՝ անմոռանալի էր։ Դա Starmus-ի էության կատարյալ ներկայացում էր՝ զարմանահրաշ գիտության համադրումը գեղարվեստական եւ հուզական ազդեցության հետ», - պատմում է Խավիերը:
Խոստովանում է, որ փառատոնի ընթացքում Սթիվեն Հոքինգին տեսնելը եւ լսելը եւս մոգական ազդեցություն ուներ:

Լուսանկարը` Max Alexander/Starmus
Կիսվելով Starmus La Palma փառատոնի մասին տպավորություններով, Խավիեր Ռոսալեսն առանձնացնում է այն աշխատանքը, որը փառատոնի կազմակերպիչները կատարել էին տեղի համայնքի եւ հատկապես դպրոցների հետ: Պատմում է, որ Starmus-ի գիտական ճամբարում Ջեյն Գուդոլի եւ ապագա իսպանացի տիեզերագնացների ելույթները երիտասարդ լսարանին շատ էին ոգեւորել:
«Starmus-ի շնորհիվ պահպանել եմ ողջ կյանքի ընթացքում սովորելու հանձնառությունս եւ հավատարիմ եմ մնացել կրքերիս՝ գիտությանը ու տիեզերքին։ Համոզվել եմ, որ այս հետաքրքրությունների խթանումը օգնում է ինձ առողջ, հավասարակշռված եւ իմաստալից կյանք ապրել։ Starmus-ը միմյանց է կապում շատ հետաքրքրասեր եւ ոգեշնչված մարդկանց: Սա մի փառատոն է, որը սնում է եւ՛ ինտելեկտը, եւ՛ հոգին», - ասում է Խավիերը:

Լուսանկարը` անձնական արխիվ
Starmus-ի շնորհիվ Խավիեր Ռոսալեսը նաեւ նոր կրթություն է ստացել: Առաջին փառատոնից հետո որոշեց երկու տարի սովորել Լոնդոնի Համալսարանական քոլեջում եւ հիմա աստղագիտության եւ աստղաֆիզիկայի վկայական ունի։
Չարո Մադրիգալ. Starmus-ն իսկապես փոխել է կյանքս
Չարո Մադրիգալը 42 տարեկան է, ապրում է Մադրիդում։ Մասնագիտությամբ աստղաֆիզիկոս է, աշխատում է որպես արբանյակային օպերատոր։
«2016 թվականի մայիսին ներկա էի Anathema խմբի համերգին Մադրիդում եւ իմացա, որ մեկ ամիս անց նրանք գնալու են Տեներիֆե՝ Starmus կողվող միջոցառմանը։ Երբ ծանոթացա փառատոնի դասախոսությունների եւ մասնակիցների ցանկին, անմիջապես տոմս գնեցի», - պատմում է Չարոն:

Լուսանկարը` անձնական արխիվ
«Առաջին Starmus-ից հետո որոշեցի, որ աստղաֆիզիկան այլեւս չպետք է սոսկ հոբբի լինի ինձ համար։ Մի քանի ամիս անց համալսարան ընդունվեցի եւ երկու տարի հետո աստղաֆիզիկայի մագիստրոսի դիմլոմ ստացա։ Այդ ժամանակ 35 տարեկան էի եւ կանգնած է մարտահրավերի առջեւ՝ գտնել իմ տեղը տիեզերագիտության ոլորտում։ Երեք տարի անց հրավեր ստացա Գերմանիայի Օդատիեզերական կենտրոնից եւ 2,5 տարի աշխատեցի այնտեղ։ Ի դեպ, Գերմանիայում ծանոթացա ապագա երկրորդ կեսիս հետ: Այնպես որ, Starmus-ն իսկապես մեծ դերակատարություն է ունեցել իմ կյանքում», - ասում է Չարո Մադրիգալը:
Մայքլ Օմեր. Ափսոսում եմ, որ բաց եմ թողել առաջին փառատոնները
Մայքլ Օմերը դաշնակահար եւ կոմպոզիտոր է։ Ամենից շատ սիրում է ջազային իմպրովիզացիաներ անել, որոնցով հանդես է եկել Լոնդոնում եւ Բրոդվեյում։
«Starmus-ի մասին տեղեկացա պատահաբար՝ համացանցում գտնելով փառատոնի կայքը: Ափսոսում եմ, որ բաց եմ թողել առաջին փառատոնները՝ ներկա եմ եղել
Ցյուրիխի, Բրատիսլավայի եւ Լա Պալմայի Starmus-ներին:

Լուսանկարը` Max Alexander/Starmus
Ամենապայծառ հիշողությունս Ցյուրիխում 2019 թվականի փառատոնի բացման համերգն է՝ Հանս Ցիմերի, Բրայան Մեյի, Բրայան Ինոյի, Փիթեր Գեբրիելի, սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ եւ Apollo 11-ի տիեզերագնաց Բազ Օլդրինի ներկայությամբ», - ասում է Մայքլը:
Starmus-ը նրա համար նաեւ ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է դարձել.
«Իմ գործերից շատերի համար ոգեշնչման աղբյուր են դարձել տիեզերքը եւ տիեզերական իրադարձությունները: «To the Stars» ստեղծագործությունը նվիրել եմ ամերիկյան Challenger տիեզերանավի անձնակազմի հիշատակին»:
Բրեդ Դիբլ. «Կարծես, Նյուտոնի կամ Էյնշտեյնի կողքը նստած լինեի»
Բրեդ Դիբլը 59 տարեկան է, ապրում է Կանադայի Օնտարիո նահանգի Միդհըրստ քաղաքում: Բժիշկ-սրտաբան է։
«Starmus-ի մասին իմացա Astronomy ամսագրից 2016 թվականի սկզբին եւ որոշեցի մեկնել Տեներիֆե՝ Starmus III փառատոնին։ Դրանից հետո միայն մեկ Starmus եմ բաց թողել, որը տեղի ունեցավ Երեւանում 2022 թվականի սեպտեմբերին՝ չկարաղոցա համադրել աշխատանքային ժամանակացույցիս հետ», - պատմում է Բրեդը:
Նա եւս հատուկ հիշողություններ ունի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի մասին: Հոքինգի սայլակը դահլիճում իր նստատեղից ոչ շատ հեռու էր, ուստի նա մի քանի օր վայելում էր մեծ գիտնականի ներկայությունը: «Կարծես, Նյուտոնի կամ Էյնշտեյնի կողքը նստած լինեի», - ասում է նա:

«Միշտ գիտության մեծ երկրպագու եմ եղել։ Աստղագիտությունը եւ տիեզերագիտությունը այն թեմաներն են, որոնց մշտապես վերադառնում եմ, սակայն ինձ հետաքրքրում են նաեւ կենսաբանությունը, ֆիզիկան, քիմիան եւ մարդաբանությունը, եւ ժամանակի ընթացքում այդ բոլոր ուղղությունները տեղ գտան Starmus-ի ծրագրում:
Ինձ նման գիտելիքի ծարավ մարդու համար Starmus-ը կատարյալ միջավայր է՝ հասկանալու, թե ինչպես է ամեն ինչ աշխատում եւ վայելելու այդ բացահայտումների գեղեցկությունը», - ասում է Բրեդ Դիբլը:
Խոսելով Starmus Gang-ի մասին, նա ասում է, որ 2016 թվականին երեք հոգի են, 2019-ին միացավ եւս մեկը: Հիմա իրենց ոչ պաշտոնական միավորումն արդեն 6 անդամ ունի:
Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեղծված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:
Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Արա Թադեւոսյան (Լա Պալմա-Երեւան)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: