Շվեյցարացի աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Միշել Մայորը Գարիկ Իսրայելյանի եւ Բրայան Մեյի հիմնադրած Starmus փառատոնի խորհրդանիշներից մեկն է:
Չնայած պատկառելի տարիքին (պրոֆեսորը 83 տարեկան է), նա ոչ միայն փառատոնի մշտական խոսնակներից է, այլեւ ակտիվորեն մասնակցում է Starmus-ի մշակութային եւ ժամանցային ծրագրերին՝ երբեմն ավելի արագ տեղաշարժվելով, քան շատ երիտասարդ մասնակիցներ:
Այդպես էր նաեւ ապրիլի 25-ից 28-ը Լա Պալմայում կայացած Starmus La Palma փառատոնում, որի Նոբելյան մրցանակակիր 7 խոսնակներից մեկը Միշել Մայորն էր:
2019 թվականին Միշել Մայորն ու Դիդիե Քուելոզը Նոբելյան մրցանակի են արժանացել արեգականման աստղի շուրջ պտտվող էկզոմոլորակի հայտնագործման համար։
Միշել Մայորն առաջին էկզոմոլորակը բացահայտել է 30 տարի առաջ՝ 1995 թվականին: Դրանից հետո հազարավոր այդպիսի մոլորակներ են բնութագրվել, սակայն «առաջամարտիկի» տիտղոսը պատկանում է Մայորին:
«Զբաղվում էի գալակտիկաներով, եւ այդ ուսումնասիրությունների համար ինձ հարկավոր եղավ մշակել լավ սարքավորում, որը բավական բարձր ճշգրտությամբ տեսագծային արագություններն էր գրանցում: Երեք փուլով տարբեր մակարդակի սարքավորումներ մշակեցինք, երկրորդն արդեն բավարար էր արտաարեգակնային մոլորակ որսալու համար: Այնպես ստացվեց, որ տեխնիկական կողմից մոտեցանք այդ հարցին, մեր ստեղծած տեխնիկական հնարավորությունները կիրառեցինք էկզոմոլորակի հայտնաբերման համար եւ հաջողության հասանք»,- տարիներ առաջ պատմել էր գիտնականը:

Լուսանկարը` Max Alexander/Starmus
Լա Պալմայում Միշել Մայորի դասախոսության թեման էր «Ծիր Կաթինի միլիարդավոր մոլորակները՝ հայտնագործությունների եւ նոր մարտահրավերների 30 տարիները (Billions of planets in the Milky Way - 30 years of discoveries and new challenges):
Մայորն ասում էր, որ մեր Արեւի նման աստղի շուրջը առաջին մոլորակի հայտնաբերումից երեք տասնամյակ անց հազարավոր մոլորակային համակարգեր են հայտնաբերվել:
Այդ հայտնագործությունները բացահայտեցին այս համակարգերի զարմանալի բազմազանությունը, որոնք շատ տարբեր են մեր Արեգակնային համակարգից՝ մի քանի ժամ տեւողությամբ ուղեծրային պարբերություններ, շատ բարձր էքսցենտրիկությամբ մոլորակներ, օվկիանոսային մոլորակներ, ժայռոտ կամ գազային հսկա մոլորակներ՝ երբեմն հետադարձ ուղեծրերով եւ այլն:
Միշել Մայորն ասում է, որ այս հայտնագործությունների էյֆորիայից հետո այժմ սկսվում է էկզոմոլորակների մթնոլորտների ուսումնասիրման դարաշրջանը:
Պատասխանելով բոլորին հետաքրքրող «գոյություն ունի՞ կյանք տիեզերքի այլ վայրերում» հարցերին Միշել Մայորն ասում է, որ մոլորակային մթնոլորտների վերլուծությունը կարող է բացահայտել կենսաբանական նշաններ, այն սպեկտրալ բնութագրերը, որոնք պայմանավորված են կյանքի զարգացմամբ: Էկզոմոլորակների սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների առաջընթացը թույլ է տալիս մտածել, որ արտերկրային կյանքի որոնումը հնարավոր է, նշում է նա:
Միշել Մայորը մի քանի անգամ եղել է Հայաստանում:
«15 տարի առաջ Կանարյան կղզիներ կոնֆերանսի էի գնացել, ինձ խորհուրդ տվեցին հանդիպել Գարիկ Իսրայելյանի հետ եւ որոշ հարցեր քննարկել, որոնք կարող էին նպաստել մեր հետազոտություններին: Արտաարեգակնային մոլորակների եւ աստղերի՝ սպեկտրների վերլուծությունը քննարկեցինք: Այդ օրվանից հետաքրքիր համագործակցություն մեկնարկեց եւ մենք երկար տարիներ շարունակեցինք աշխատել միասին: Հետո, երբ Գարիկի մոտ փառատոնի մտքեր կային, նա ինձ հրավիրեց մասնակցել առաջին Starmus-ին: Ես ներգրավվեցի եւ դարձա փառատոնի մշտական մասնակից»,- մի քանի տարի առաջ Մեդիամաքսին պատմել էր պրոֆեսորը:

Լուսանկարը` Max Alexander/Starmus
Միշել Մայորը առաջին անգամ Հայաստան էր եկել 2007 թվականին՝ մասնակցելու Եվրոպական աստղագիտական համագումարին, իսկ երեք տարի անց Երեւանում Գարիկ Իսրայելյանի եւ Նունու Սանտոշի հետ միասին արժանացավ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին:
2017թ. մայիսին գիտնականը Երեւանում «Արտաարեգակնային մոլորակներ եւ աստղակենսաբանություն» թեմայով աշխատաժողովի, իսկ 2022 թվականին՝ Starmus Yerevan փառատոնի խոսնակներից էր:
Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեղծված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:
Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Արա Թադեւոսյան (Լա Պալմա-Երեւան)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: