Մարիո Լիվիո. Կյանքը տիեզերքում կգտնվի մեկ-երկու տասնամյակ հետո - Mediamax.am

exclusive
145 դիտում

Մարիո Լիվիո. Կյանքը տիեզերքում կգտնվի մեկ-երկու տասնամյակ հետո


Մարիո Լիվիոն
Մարիո Լիվիոն

Լուսանկարը` Qualcomm Institute

Մարիո Լիվիոն
Մարիո Լիվիոն

Լուսանկարը` TEDxMidAtlantic

Մարիո Լիվիոն
Մարիո Լիվիոն

Լուսանկարը` Qualcomm Institute

Մարիո Լիվիոն
Մարիո Լիվիոն

Լուսանկարը` Qualcomm Institute


Մարիո Լիվիոն ապրիլի 25-ից 28-ը կայացած Starmus La Palma փառատոնի ամենահետաքրքիր բանախոսներից մեկն էր: Նրա «Տիեզերական կյանքի որոնումը» (The Quest for Cosmic Life) դասախոսության հիմքում 2024թ. սեպտեմբերին հրատարակված «Արդյո՞ք Երկիրը բացառիկ է» գիրքն էր, որը Լիվիոն գրել է Նոբելյան մրցանակակիր Ջեք Շոստակի հետ համատեղ:

 

Լիվիոն եւ Շոստակը փորձել են ստանալ այս հարցի պատասխանը. արդյո՞ք կյանքը պատահականություն է, թե «քիմիական անխուսափելիություն»: The Wall Street Journal-ը գրել էր, որ գիրքը «լավ պատկերացում է տալիս այն մասին, թե ուր ենք հասել եւ դեռ ինչ ճանապարհ է պետք է հաղթահարենք կյանքի ծագման եւ տիեզերքի այլ վայրերում դրա հնարավոր գոյության ըմբռնման համար»:

 

Մարիո Լիվիոն, որը հունիսի 19-ին 80 տարեկան կդառնա, դժվար կյանք է ունեցել: Նա ծնվել է Բուխարեստում 1945 թվականին, եւ նրա ծնողները ստիպված էին փախչել Ռումինիայից, Մարիոյին թողնելով տատիկի եւ պապիկի հետ: 5 տարի անց, 1950 թվականին, Մարիոն տատիկի եւ պապիկի հետ ներգաղթեց Իսրայել: Լիվիոն ծառայել է Իսրայելի պաշտպանության ուժերում որպես զինվորական բժիշկ եւ մասնակցել է 1967թ. Վեցօրյա պատերազմին, 1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմին եւ 1982թ. Լիբանանի պատերազմին:

Մարիո Լիվիոն Մարիո Լիվիոն

Լուսանկարը` Qualcomm Institute

Գրեթե քառորդ դար (1991-2015թթ.) Մարիո Լիվիոն աշխատել է «Հաբլ» տիեզերական աստղադիտակով: Իր երկար կարիերայի ընթացքում նա ավելի քան 500 գիտական հոդված եւ մի քանի բեսթսելեր գրքեր է հրապարակել, որոնց թվում են «Ոսկե հատումը», «Փայլուն սխալները», «Գալիլեո», «Արդյո՞ք Աստված մաթեմատիկոս է»:

 

«Ինչպե՞ս է սկսվել կյանքը Երկրի վրա» եւ «Արդյոք միայնա՞կ ենք տիեզերքում» հարցերը, թերեւս, հետաքրքրում են բոլորին: Լիվիոն ասում է, որ այսօր դրանց պատասխանների որոնումն իրականացվում է երկու զուգահեռ, միմյանցից անկախ ուղղություններով: Առաջինը առաջադեմ լաբորատոր հետազոտություններն են, որոնց նպատակն է որոշել կյանքի առաջացման հավանականությունը «զուտ քիմիայից»: Երկրորդը՝ առաջադեմ աստղագիտական դիտարկումներն են Արեգակնային համակարգում եւ այլ աստղերի շուրջ կյանքի հայտնաբերման համար:

Մարիո Լիվիոն Մարիո Լիվիոն

Լուսանկարը` TEDxMidAtlantic

«Մեր պատկերացումները վերջին երեք տասնամյակում էապես փոխվել են: Հիմա մենք գիտենք, որ այլ աստղերի շուրջ մոլորակներ կան, որոնցից շատերի չափերը համադրելի են Երկրի հետ: Օրինակ, Ծիր Կաթին գալակտիկայում կարող է մինչեւ մեկ միլիարդ այդպիսի մոլորակ լինել: Ուստի, գիտենք, որ բացառիկ չենք: Բայց մենք որեւէ այլ մոլորակի վրա դեռ կյանքի նշաններ չենք հայտնաբերել», - պատմում է Լիվիոն:

Մարիո Լիվիոն Մարիո Լիվիոն

Լուսանկարը` Qualcomm Institute

Մոտ ենք արդյո՞ք կյանքի հայտնաբերմանը տիեզերքի այլ վայրերում: Գիտնականն այսպես է պատասխանում.

 

«Եթե այդ հարցն ինձ ուղղեիք 10 տարի առաջ, կասեի, որ գտնվում ենք տասնամյակի հեռավորության վրա: Այսօր կասեմ, որ խոսքը մեկ կամ երկու տասնամյակի մասին է: Բայց մենք, անկասկած, մոտենում ենք: Մենք գտել ենք էկզոմոլորակներ, որոնք ինչ-որ իմաստով նման են Երկրին: Դրանք գտնվում են «բնակելի գոտում», ինչը հնարավոր է դարձնում դրանց մակերեսին հեղուկ ջրի առկայությունը: Եվ արդեն այսօր մենք կարող ենք փորձել որոշել այդ էկզոմոլորակների մթնոլորտների կազմը»:

 

Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեղծված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:

 

Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

Արա Թադեւոսյան (Լա Պալմա-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին