Առաջին անգամ նրանց տեսա Starmus փառատոնում Բրատիսլավայում 2024 թվականին, եւ սկզբում կարծեցի, թե հոգատար թոռնուհին օգնում է իր պապիկին բեմ բարձրանալ։
«Պապիկը» մեր ժամանակների մեծագույն գիտնականներից է՝ աստղաֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Քիպ Թորնը։ «Թոռնուհին»՝ նկարչուհի Լիա Հալորանն է։

Լուսանկարը` Christopher Michel
Քիպ Թորնը հունիսի 1-ին 85 տարեկան կդառնա, Լիա Հալորանը՝ 48 տարեկան է, բայց նրանք պապիկ եւ թոռնուհի չեն, այլ գիտությունը հանրայնացնող զինակիցներ, որոնց համագործակցությունը սկսվել է ավելի քան երկու տասնամյակ առաջ։
Ապրիլի 25-ից 28-ը Լա Պալմայում կայացած Starmus La Palma փառատոնում Թորնը եւ Հալորանը ներկայացնում էին «The Warped Side of Our Universe: An Odyssey through Black Holes, Wormholes, Time Travel, and Gravitational Waves» («Մեր տիեզերքի ծռված կողմը. Ոդիսական սեւ խոռոչների, որդանցքերի, ժամանակի ճամփորդությունների եւ գրավիտացիոն ալիքների միջով») գիրքը։

Թորնը իր կյանքն ու կարիերան նվիրել է տիեզերքի գաղտնիքների բացահայտմանը եւ նկարագրությանը։ Բայց, պատմեց գիտնականը, այս գրքի նպատակը աստղաֆիզիկական տեսությունների ներկայացումը չէ, այլ ցանկությունը «փոխանցել գաղափարների էությունը եւ զգացմունքները՝ առանց տեխնիկական մանրամասների մեջ խորանալու»։

Լիա Հալորանը այս հաստափոր հատորի համար ավելի քան 300 նկարազարդում է կատարել: Դրանք «ուղեկցում են» Քիպ Թորնի պոեզիան։ Այո, «պապիկը» բանաստեղծություններ է գրում, դրանցում սեր խոստովանելով ոչ միայն Տիեզերքին, այլեւ իր տիկնոջը՝ Քերոլիին։
Նկարչուհին պատմեց, որ իր առաջին «ծանոթությունը» Նոբելյան մրցանակակրի հետ հեռակա էր, երբ 1990-ականների կեսերին մայրը նրան նվիրեց Թորնի «Սեւ խոռոչներ եւ ժամանակի ծռումներ. Էյնշտեյնի վրդովեցուցիչ ժառանգությունը» գիրքը։ Գիրքը կարդալուց հետո UCLA համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանողուհին որոշեց նաեւ աստղագիտության դասընթացների հաճախել։ Ավելի ուշ, արդեն Յեյլի համալսարանի ասպիրանտուրայում ուսանելիս, Լիան սկսեց մետաղի վրա փորագրություններ կատարել՝ ոգեշնչվելով Թորնի գրքի գաղափարներից։

2000-ականների սկզբին Լիա Հալորանին հաջողվեց հանդիպել Քիպ Թորնի հետ եւ առաջարկել նկարազարդել նրա գիտական աշխատանքները՝ դրանք «սովորական մարդկանց» համար հասանելի դարձնելու համար։ Առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Թորնը խնդրել էր սեւ խոռոչներ պատկերող էսքիզներ անել մի երիտասարդ կինոռեժիսորի համար։ Նա Քրիստոֆեր Նոլանն էր՝ ապագա Interstellar ֆիլմի ռեժիսորը։ Քիպ Թորնը ոչ միայն հանդես եկավ որպես ֆիլմի գիտական խորհրդատու եւ գործադիր պրոդյուսեր, այլեւ գրեց «Ինտերստելլարի գիտությունը» գիրքը։
Ի դեպ, 2024 թվականին Քրիստոֆեր Նոլանը դարձավ գիտության հանրայնացման համար շնորհվող Սթիվեն Հոքինգի անվան մեդալի դափնեկիրներից մեկը, որը հիմնադրվել է Starmus-ի կողմից։

Լուսանկարը` Starmus
Քիպ Թորնը եւ Լիա Հալորանը Լա Պալմայում պատմեցին, որ «Մեր տիեզերքի ծռված կողմը» իրենց վերջին 13 տարիների զրույցների յուրատեսակ խտացումն է։
Թորնը բարձր է գնահատում Հալորանի՝ այնպիսի վերացական հասկացություններ վիզուալիզացնելու կարողությունը, ինչպիսիք են, օրինակ, վակուումային տատանումները։

«Երբ պատմում էի դրանց մասին, Լիան հարցրեց. «Ի՞նչ տեսք ունեն»: Ես էլ պատասխանեցի. «Չգիտեմ, կտեսնեմ միայն այն ժամանակ, երբ դու դրանք նկարես», - ասաց Թորնը։
«Հենց այս ազատությունն է մեր համագործակցության հաջողության գրավականը», - հաստատեց Լիա Հալորանը։
Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեղծված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:
Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Արա Թադեւոսյան (Լա Պալմա-Երեւան)
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: