Safe & [Nu]clear. Միջուկային էներգիայի զարգացման լավագույն ուղին - Mediamax.am

exclusive
4912 դիտում

Safe & [Nu]clear. Միջուկային էներգիայի զարգացման լավագույն ուղին


Լուսանկարը` REUTERS

Ագնետա Ռիզինգը
Ագնետա Ռիզինգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ագնետա Ռիզինգը
Ագնետա Ռիզինգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատրիսիա Վիլանդը
Պատրիսիա Վիլանդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհում անվտանգ եւ մաքուր էներգիայի արտադրությունը, ըստ փորձագետների, հնարավոր է էներգիայի բոլոր աղբյուրների համագործակցության արդյունքում: Այդ աղբյուրների թվում զգալի մասը բաժին է հասնում միջուկային էներգիային: Ոլորտի մասնագետները պնդում են, որ տեխնոլոգիաները, որոնցով այսօր առաջատար երկրները ստանում են միջուկային էներգիա, կանաչ են եւ անվտանգ, բայց լիարժեք արդյունքների համար էներգիայի աղբյուրների միջեւ անհրաժեշտ է հարմոնիա հաստատել: 

Միջուկային էներգիայի այսօրվա խնդիրների, տարբեր երկրներում այն ճիշտ ուղով զարգացնելու եւ այս ոլորտում գիտական ներուժի մասին Մեդիամաքսը զրուցել է «Միջազգային միջուկային ասոցիացիայի» (WNA) գլխավոր տնօրեն Ագնետա Ռիզինգի եւ Միջազգային միջուկային համալսարանի (WNU) տնօրեն Պատրիսիա Վիլանդի հետ:

 

Միջուկային էներգիայի ոլորտի գլխավոր մարտահրավերները

 

Ագնետա Ռիզինգ. «Միջուկային էներգիայի ոլորտում առաջնային խնդիրն այսօր ներդրումների կանոնակարգումն է: Հարկավոր է ապահովել պատշաճ ներդրումային միջավայր, քանի որ ներդրումների ներգրավման ընթացքում կարեւոր է հաշվի առնել միջուկային էներգիայից ստացվող բոլոր օգուտները:

 

Ես մտահոգված եմ ածխածնային էլեկտրաէներգիայում հնարավոր անբավարար առաջընթացի պատճառով. մենք պետք է կարողանանք նվազեցնել ածխածնի արտանետումները:

 

Մեկ այլ խնդիր է միջուկային էներգիան նոր երկրներ հասցնելը եւ դրա արդյունավետության ապահովումը՝ տարբեր երկրներում գործող կանոնակարգերին համաձայն: 

 

Չեմ կարող ասել, թե միջուկային էներգիայի զարգացումը կարող է լավ լինել ցանկացած երկրի համար, բայց միջազգային աջակցություն միշտ հնարավոր է գտնել: Միջուկային էներգիայի ոլորտը զարգացնելու համար դուք շատ մեծ թվով մարդկանց կարիք չունեք, մեկ մարդը կարող է միաժամանակ աշխատել տարբեր ուղղություններում եւ հրաշալի կառավարել դրանք»:

 

Պատրիսիա Վիլանդ. «Դժբախտաբար, երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակն ազդում է գիտության վրա: Երկրները պետք է լավ բյուջե ունենան հետազոտական կենտրոնների ու համալսարանների համար, եւ պաշտոնյաները պետք է համոզվեն, որ գիտությունն ու տեխնոլոգիաներն առաջնային են: Հավանաբար, սա է գիտության, եւ մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի գլխավոր խնդիրը: 

 

Պատրիսիա Վիլանդը Պատրիսիա Վիլանդը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Միջուկային ոլորտում մի հետաքրքիր բան կա՝ միջազգային ցանցերի ստեղծումն ու համագործակցությունը: Միջուկային էներգիայի խնդիրներից է հասարակության վերաբերմունքը. պետք է ապահովել միջուկային էներգիայի վերաբերյալ հաղորդակցություն եւ օգտագործել սոցիալական  ցանցերը՝ քննարկելու միջուկային տեխնոլոգիաների իրական օգուտները»:

 

Անվտանգ եւ կանաչ

 

Ագնետա Ռիզինգ. «Լավագույն ուղին մարդկանց վստահեցնելու, որ միջուկային էներգիան անվտանգ է, պատմությունն ուսումնասիրելն է ու հարցնելը. «Երբ կառավարությունն ասում է, որ ապագան պետք է առանց ածխածնի լինի, կայուն, 24-ժամյա եւ ցածրարժեք էլեկտրականության ի՞նչ տարբերակներ կան: Մենք կկարողանա՞նք կառավարել այդ տարբերակները»: Այնուհետեւ՝ դուք կպարզեք, որ միջուկային էներգիան շատ լավ օրինակ է:  

 

Եթե դիտարկեք բոլոր տարբեր ասպեկտները, որոնք կարող են վնասակար լինել շրջակա միջավայրի համար, կարող եք տեսնել, որ ատոմային էներգիան ամենավտանգ արդյունաբերություններից մեկն է»:

 

Պատրիսիա Վիլանդ. «Միջուկային էներգիան արդեն կանաչ է, այնպես որ հետազոտությունները պետք է հիմնվեն տեխնոլոգիաների վրա: Միջուկային ոլորտի գիտնականները պետք է աշխատեն նոր նյութերի վրա, քանի որ արդյունաբերությունը շատ արագ է զարգանում եւ որոնում է լուծումներ, որոնք կարող է առաջարկել գիտությունը: Մենք նաեւ կարող ենք աշխատել այլ արդյունաբերությունների հետ»:

 

Հարմոնիա էներգիայի աղբյուրների միջեւ

 

Ագնետա Ռիզինգ. «Մենք էներգիայի այլ աղբյուրների մատակարարների հետ համատեղ ջանքերի կարիք ունենք, արդյունքում ապագայում մենք կունենանք ավելի լավ էներգիաների խառնուրդ եւ ավելի լավ աշխարհ: Սա մեր ընդհանուր խնդիրն է, որովհետեւ արտանետումները եւ օդի աղտոտվածությունն աշխարհում զգալի չափերի են հասել:

 

Ագնետա Ռիզինգը Ագնետա Ռիզինգը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օպտիմալացնել համակարգը՝ օգտագործելու համար էներգիայի յուրաքանչյուր աղբյուր՝ տարբեր երկրների եւ համաշխարհային մասշտաբի շահերի համար: Միջուկային էներգիան շատ կարեւոր դեր ունի որոշ երկրներում, մինչդեռ այլ երկրներում ավելի արդյունավետ է արեւային էներգիայի ստացումը, այնպես որ մոտեցումը միասնական չի կարող լինել: Մենք պետք է օպտիմալացնենք համակարգն ու այն դարձնենք հուսալի, անվտանգ ե՛ւ բնության, ե՛ւ մարդկանց առողջության համար: Ապագայի մեր տեսլականն էներգիայի բոլոր աղբյուրների միջեւ հարմոնիա ստեղծելն ու խելացի ձեւով դրանք միավորելն է»:

 

Գիտնականները եւ խելացի տեխնոլոգիաները

 

Պատրիսիա Վիլանդ. «Համալսարաններում շատ ծրագրեր կան, որոնք միջուկային ոլորտի արհեստավարժ մասնագետներ են պատրաստում, սակայն ատոմակայանները ոչ միայն միջուկային ինժեներների, այլեւ այլ ոլորտների մասնագետների կարիք ունեն:

 

Կան շատ ուսումնասիրություններ, բայց դրանք մոտ ժամանակներում արդյունքներ չեն ունենա, մինչդեռ միջուկի տրոհումը պետք է լինի լիարժեք կենսունակ տարբերակ, եւ ռեակտորներից շատերի ուսումնասիրումը նպատակ ունի գտնել լավագույն հովացման եւ լրացուցիչ համակարգերը»:

Ագնետա Ռիզինգ. «Շատ գիտնականներ կարող են խելացի տեխնոլոգիաները ներդնել միջուկային էներգիայում: Դուք կարող եք զարգացնել դա, մասնագետներին ուղարկել այլ համալսարաններ, վերապատրաստել մարդկանց, արտասահմանյան փորձը ներդնել:

 

Ժամանակն է սկսել ատոմային էներգիայի պլանավորումը տարբեր երկրների հետ, քննարկել, պատրաստել մարդկանց, ներգրավել երիտասարդ սերնդին: Երիտասարդները պարզապես սիրում են աշխատել այս տեխնոլոգիայի հետ: Երբեմն, նրանք դասընթացների ժամանակ ասում են. «Կարո՞ղ եք մեզ ռեակտոր տալ: Մենք հիմա ուզում ենք գործել եւ կառուցել այն մեր երկրում»: Այնպես որ, կարծում եմ՝ նրանք շատ հետաքրքրված են»:

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին