Էրդողանը Երեւանին առաջարկել է «երկարաժամկետ ռազմավարական» մոտեցում որդեգրել - Mediamax.am

2926 դիտում

Էրդողանը Երեւանին առաջարկել է «երկարաժամկետ ռազմավարական» մոտեցում որդեգրել


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ խաղաղության պայմանագրի ստորագրումը խաղաղության եւ կայունության հույսի նոր աղբյուր կլինի ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում»:

Այդ մասին Էրդողանը հայտարարել է փետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո արված հայտարարության մեջ։

 

«Այս գործընթացում մենք գործում ենք միասին՝ ուս ուսի տված Ադրբեջանի հետ։ Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Շատ կարեւոր է, որ այդ պատուհանը չփակվի։ Վստահ եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարի պրիզմայով։ Մենք խրախուսում ենք երրորդ կողմերին կառուցողականորեն նպաստել գործընթացին, այլ ոչ թե թունավորել այն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ մի քանի օր առաջ երկու երկրների սահմանին տեղի ունեցած իրադարձությունները չեն կրկնվի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Իլհամ Ալիեւն իր հայտարարության մեջ նշել է, որ «այսօր Թուրքիայի խոսքը լսում են ամբողջ աշխարհում»։

 

«Բազմաթիվ հարցեր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում կախված են Թուրքիայի դիրքորոշումից։ Թուրքիան մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության երաշխավորն է։ Թուրքիայի հզոր արդյունաբերական ներուժը, նրա հզոր տնտեսությունը, ինչպես նաեւ նրա ռազմական հզորությունը հիացնում են բոլոր նրանց, ովքեր պատկանում են թյուրքական աշխարհին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

«Հիմք ընդունելով Դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը՝ մենք միասնական ենք բոլոր հարցերում։ Մենք ավելացնում ենք մեր ուժը, եւ, իհարկե, թյուրքական աշխարհի միավորումը, ընդհանուր արմատներ ունեցող ժողովուրդների միասնությունը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության յուրաքանչյուր անդամի ամրապնդմանը։ Այսօր այս հարցի շուրջ ծավալուն քննարկումներ ենք ունեցել։ Հուլիսին Շուշիում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Իմ հրավերով այդ հանդիպմանը կմասնակցի նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահը, եւ դա եւս մեկ հզոր խթան կհաղորդի մեր ընդհանուր գործին՝ թյուրք ժողովուրդների միասնության գործին»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին