Ալիեւ. «Հայաստանը թող ընդունի իրականությունը՝ գլուխը պատին խփելու փոխարեն» - Mediamax.am

3463 դիտում

Ալիեւ. «Հայաստանը թող ընդունի իրականությունը՝ գլուխը պատին խփելու փոխարեն»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Զանգելանում մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայով:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի. Հայաստանը փորձեց խուսափել դրանից, քանի որ խաղաղության պայմանագիրը նշանակում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում։ Եթե սահմաններ ենք սահմանում, ապա «Լեռնային Ղարաբաղի» ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը»,- ասել է Ալիեւը։

 

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է. մենք լուծել ենք այս հարցը, եւ դա ընդունում է ողջ աշխարհը՝ ուզենա, թե չուզենա Հայաստանը։ Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր չկա։ «Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների բառապաշարում եւս չկա, եւ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ապացուցեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը եւ, ինչպես ասում են, գլուխը պատին է խփում, բայց սա է իրականությունը, եւ նա պետք է հաշտվի դրա հետ»,- հայտարարել է Ալիեւը։

 

Նա նշել է, որ «Ադրբեջանը վճռորոշ ձայն ունի հետկոնֆլիկտային օրակարգի ձեւավորման հարցում»։

 

«Բայց մենք ոչ մի անիրատեսական պահանջ չենք առաջադրում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը. եկեք սահմանները որոշենք, թող յուրաքանչյուրն ապրի իր երկրում եւ չխառնվի ուրիշի գործերին»,- ասել է Ալիեւը։

 

«Մյուս կարեւոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ եւ՛ երկաթուղին, եւ՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով եւ Զանգեզուրով։ Մենք ենք թելադրում օրակարգը: Ինչո՞ւ: Ելնելով պատերազմի արդյունքներից։ Մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է»,- նշել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին