Փաշինյան. Ադրբեջանն ապացուցել է, որ ինքն է պայթյունի հեղինակը - Mediamax.am

2423 դիտում

Փաշինյան. Ադրբեջանն ապացուցել է, որ ինքն է պայթյունի հեղինակը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ապացուցել է՝ Արցախի գազատարի պայթյունն ինքն է հեղինակել:

Կառավարության նիստի ժամանակ նա հիշեցրել է, որ մարտի 7-ին Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում պայթեցվել էր գազատարը. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը: Ի վերջո նորոգեց, արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Մարտի 18-ին 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնվեց, իսկ մարտի 21-ին, Ադրբեջանն առանց պայթյունների, պարզապես փակեց գազատարի փականը՝ ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը»:

 

Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում:

 

«Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից: Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա ասել է, որ «չի կասկածում՝ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրել, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, քանի որ գազատարի հետ կապված այդ դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրին»:

 

Հայաստանի վարչապետի խոսքով՝ այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը ԼՂ հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու:

 

«Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել պատերազմում: Բայց փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար:

 

Այս իմաստով խիստ խորհրդանշական եւ խոսուն է Ադրբեջանի արտգործնախարարության նախորդ օրը տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցն Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք եւ թույլ տվեք մենք անարգել, միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը:

 

Նման բան տեղի ունենալ չի կարող եւ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, անհատներն Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ եւ լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը՝ բոլոր ատյաններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին