ՌԴ-ն ձգտում է, որ Կովկասը տնտեսապես հնարավորինս բաց լինի - Mediamax.am

1575 դիտում

ՌԴ-ն ձգտում է, որ Կովկասը տնտեսապես հնարավորինս բաց լինի


Լուսանկարը` livejournal.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը ցանկանում է, որ Հարավային Կովկասը տրանսպորտային եւ առեւտրա-տնտեսական առումով առավելագույնս բաց լինի:

Այդ մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Ռոսիյա Սեգոդնյա»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով այն ենթադրությունը, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2011 թ. կնքված եւ փաստացի չգործող մաքսային վարչարարության մասին համաձայնագիրը կարող է ոչ արդիական դառնալ, քանի որ առաջացել է Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տրանսպորտային ուղի ունենալու հեռանկարը:

 

«Ռուսաստանը հետեւողականորեն դեմ է ցանկացած առեւտրային շրջափակումներին եւ սահմանափակումներին, այդ թվում ՝ Հարավային Կովկասում, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հանդիսանում է առեւտրի ուղիների բնական խաչմերուկ: Տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը համապատասխանում է այս տարածաշրջանի բոլոր երկրների ռազմավարական շահերին: Այս ձգտումը արձանագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով:

 

Այս հիմքի վրա մենք արդեն սկսել ենք համապատասխան աշխատանքները Բաքվի եւ Երեւանի հետ: Միեւնույն ժամանակ, մենք չենք մոռանում ավելի լայն համատեքստը՝ նկատի ունենալով Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման ապահովմանը նպաստելու մեր մյուս գործընկերների հնարավորություններն ու ցանկությունը: Փաստացի, մենք խոսում ենք տարածաշրջանի բոլոր դերակատարների ջանքերը համադրելու հնարավորության մասին, որպեսզի Հարավային Կովկասը տրանսպորտային եւ առեւտրա-տնտեսական առումով առավելագույնս բաց լինի», - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

 

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրին, ապա, ըստ Ռուդենկոյի, «ռուսական կողմը տրամադրված է շարունակել կառուցողական աշխատանքը եւ գտնել փոխընդունելի լուծումներ, որպեսզի 2011-ի համաձայնագիրն աշխատի հնարավորինս արագ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին