Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի`Հայոց Ցեղասպանության ժխտումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու որոշումը - Mediamax.am

5132 դիտում

Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի`Հայոց Ցեղասպանության ժխտումը ՄԻԵԴ-ում բողոքարկելու որոշումը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոգեւորիչ է համարել Շվեյցարիայի կառավարության որոշումը` բողոքարկելու «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2013թ. դեկտեմբերի 17-ի վճիռը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքը 2005 թ-ին  Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ընթացքում  Հայոց ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային սուտ»: Այս հայտարարության համար շվեյցարական դատարանն 2008 թ-ին թուրք գործչին դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Սակայն 2013 թ-ի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել էր Դողու Փերինչեքի հայցը ընդդեմ Շվեյցարիայի` նշելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

 

«Բոլորը գիտեն, որ Շվեյցարիան մշտապես եղել է միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկը, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երեւույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը, եւ մենք ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը մենք եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, այդ որոշման կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը: Շվեյցարիայի կառավարությունն ինքն է որոշում կայացրել, բայց այստեղ մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը”,- այսօր առողջապահության նախարարություն կատարած այցի շրջանականերում կայացած խորհրդակցության ընթացքում ասել է Սերժ Սարգսյանը:

 

ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար եւ չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել:

 

“Վստահ եմ, որ Շվեյցարիայի կառավարությունը հետամուտ է լինելու իր իսկ որոշմանը: Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը, ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում: Բայց բոլորիս հայտնի է, որ այդ երկիրը մեծ ճանապարհ անցած, բարձր արժեքներ դավանող երկիր է, ուստի շվեյցարացիները նաեւ իրենք պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես իրենց ողջ պետական համակարգի ամբողջականությունը»,- ասել է ՀՀ նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին