«Արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի գործառույթը չէ» - Mediamax.am

1618 դիտում

«Արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի գործառույթը չէ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի եւ զինված ուժերի գործառույթը չէ»:

«Մեր մեծագույն մարտահրավերն արտաքին անվտանգության ապահովումն է, բայց ես կրկին ուզում եմ ընդգծել, որ արտաքին անվտանգության ապահովումը միայն բանակի եւ զինված ուժերի գործառույթը չէ, չի եղել եւ չպիտի լինի: Այն հավասարապես մեր դիվանագիտական ծառայության, մեր պետական կառավարման այլ մարմինների գործառույթն է: Այստեղ ուզում եմ նշել նաեւ մեր հատուկ ծառայությունների աշխատանքը, մեր խորհրդարանական դիվանագիտության կարեւոր առաքելությունը եւ աշխատանքը: Եվ ուզում եմ ընդգծել նաեւ, որ ներքին անվտանգության ապահովման գործում նույնպես 2021 թվականին էական մարտահրավերներ ենք հաղթահարել, ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարել ենք առանց ցնցումների: Եվ այս առումով էլ ուզում եմ կրկին ընդգծել մեր ուժային կառույցների, իրավակարգի պահպանման կառույցների աշխատանքը», - ասել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

 

«2021 թվականը սովորական տարի չէր, եւ, ըստ էության, 44-օրյա պատերազմի հետեւանքների մի զգալի մասը հենց 2021 թվականի ընթացքում զգացինք, տեսանք, այդ հետեւանքների հետ առերեսվեցինք: Մեր պետականության առաջ շատ մեծ եւ վտանգավոր մարտահրավերներ էին կանգնած, եւ պետք է արձանագրել, որ կարողացանք կառավարել այդ մարտահրավերները:

 

Իհարկե, դա հեշտ չտրվեց, եւ այդ մարտահրավերների կառավարման գործում էական է, առանցքային է բոլոր ներկաների, մեր պետական բոլոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքը: Ընդ որում՝ այդ մարտահրավերները հաղթահարելով՝ մենք ոչ միայն չվնասեցինք Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկրի միջազգային համարումը, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդեցինք», - ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին