Փաշինյան. Ադրբեջանն ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից - Mediamax.am

2822 դիտում

Փաշինյան. Ադրբեջանն ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ, իրար հակասող հայտարարություններ է անում, որոնք պետք է արժանանան պատշաճ հակազդեցության:

«44-օրյա պատերազմից հետո Սյունիքում անվտանգային իրադրության շուրջ փոփոխություն ունենք, որն ավելի է սրվում Ադրբեջանի ղեկավարության սադրիչ եւ անկանոն հայտարարություններով, որոնք հակասում են մեկը մյուսին: Մի կողմից, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ եւ ակնկալիքներ չունի, մյուս կողմից՝ ասում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին: Այսօր էլ Ադրբեջանի ԱԳՆ-ը ստիպված էր հերքել իրենց ղեկավարին՝ ասելով, որ խոսք չկա ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունների մասին»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան:

 

«Ադրբեջանի ղեկավարությունը նման սադրիչ հայտարարություններով պարզապես ուզում է վիժեցնել գործընթացը, ուզում է ետ կանգնել պայմանավորվածություններից՝ սրելով իրավիճակը տարածաշրջանում, եւ շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը»,- ասել է նա:

 

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է բարձրացնել ՀՀ սահմանների եւ, մասնավորապես, Սյունիքի մարզի սահմանների պաշտպանության եւ անվտանգության մակարդակը. «Հարցը պետք է բաժանել երկու մասի՝ սահմանի պահպանություն եւ երկրի անվտանգության պաշտպանույթուն։ Սահմանի անվտանգությունը պետք է ապահովեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ անվտանգային հարցերով զբաղվի բանակը, զինված ուժերը։

 

Հայաստանում սկսվել է ԶՈւ բարեփոխումների լայնածավալ ծրագիր, որն իրականացնում ենք ՌԴ-ի հետ։ Ծրագրի իրականացման եւ բարոփոխումների համատեքստում պետք է հաշվի առնենք եւ հաշվի նստենք այն բոլոր հետեւությունների հետ, որոնց առերեսվել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում։

 

Պետք է ունենանք ուժեղ բանակ, որը կլինի արժանի դաշնակից եւ ՀՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության հիմնական երաշխավորը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին