Գերիների թեման Միրզոյան-Մատվիենկո հանդիպմանը՝ երկու մեկնաբանությամբ - Mediamax.am

1606 դիտում

Գերիների թեման Միրզոյան-Մատվիենկո հանդիպմանը՝ երկու մեկնաբանությամբ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

«Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց», - ասված է Հայաստանի Ազգային Ժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Արարատ Միրզոյանն, իր հերթին, բարձրացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը եւ ասել է, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

 

Մեդիամաքսը նշում է, որ ՌԴ Դաշնության խորհրդի կայքում Մատվիենկոյի եւ Միրզոյանի հանդիպման մասին հաղորդագրության մեջ ռազմագերիների թեման չի հիշատակվում: Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հաղորդագրության մեջ ասված է հետեւյալը.

 

«Դաշնության խորհրդի նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ջանքերի շնորհիվ հաջողվել է նորմալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, երկխոսությունը տեղափոխել խաղաղ հուն: «Դա ողջամտության հաղթանակ էր: Եվ հիմա պետք է շարունակել փոխգործակցությունը, որպեսզի քայլ առ քայլ լուծել սուր հարցերը»: Վալենտինա Մատվիենկոն նաեւ նշել է ռուս խաղաղապահների կարեւոր դերակատարությունը բոլոր կողմերի փոխգործակցության ապահովման գործում՝ բնակիչների խաղաղ կյանքի կազմակերպման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին