Փաշինյան. Օնիկ Գասպարյանը պիտի հեռանա, իսկ նախագահը՝ կողմնորոշվի - Mediamax.am

4057 դիտում

Փաշինյան. Օնիկ Գասպարյանը պիտի հեռանա, իսկ նախագահը՝ կողմնորոշվի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին եւ այդ որոշումը պետք է ի կատար ածվի՝ «այլ տարբերակ չկա»:

Ելույթ ունենալով իր աջակիցների հանրահավաքում, վարչապետն ասել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին իր միջնորդության վերաբերյալ այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

 

«Ասել եմ, որ իմ կարծիքով ինքը պետք է ստորագրի իմ ներկայացրած միջնորդությունը։ Եթե նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։ Շատ պարզ ընտրություն է։

 

Օնիկ Գասպարյանին ես նշանակել եմ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել։ Կամ ինքը ուղղակի թող դիմում գրի՝ հրաժարական տա, կամ նախագահը ստորագրի իմ միջնորդությունը, ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, անհնազանդության բոլոր դրսևորումները: Եկեք սկսենք խոսակցություն: Շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք, ուղղակի օրենքով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Իր ելույթը վարչապետն ավարտել է՝ մի քանի անգամ կրկնելով. «Վե՛րջ թավիշին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին