Շնորհավորանքը փորձել են ներկայացնել որպես Պուտին-Ալիեւ լիարժեք զրույց - Mediamax.am

2567 դիտում

Շնորհավորանքը փորձել են ներկայացնել որպես Պուտին-Ալիեւ լիարժեք զրույց


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն այսօր փորձել է Պուտինի ծննդյան օրվա առթիվ Ալիեւի շնորհավորանքը ներկայացնել որպես ղարաբաղյան խնդրի շուրջ լիարժեք հեռախոսազրույց:

Ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ կողմերը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում՝ շատ ընդհանրացված ձեւակերպումներով: Ընդգծվում էր, որ դա նրանց «առաջին զրույցն էր» պատերազմի սկզբից ի վեր:

 

Մինչդեռ Կրեմլի կայքում Ալիեւի հետ Պուտինի զրույցի մասին առանձին հաղորդագրություն չկա:

 

Կա «համակցված» հաղորդագրություն, որում ասված է, որ Ռուսաստանի ղեկավարին հեռախոսով անձամբ շնորհավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաեւը եւ առաջին նախագհ Նուրսուլթան Նազարբաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը:

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի ու Ալիեւի զրույցի մասին լուրերը, ասել է.

 

«Դա հեռախոսային խոսակցություններից մեկն է եւ, իրոք, Ադրբեջանի նախագահը շնորհավորեց Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ, նրանք հակիրճ քննարկել են Ղարաբաղին վերաբերող հարցեր: Երկխոսությունը կշարունակվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին