«Սասնա ծռեր» կուսակցությունը կհիմնադրվի երեք շաբաթից - Mediamax.am

3995 դիտում

«Սասնա ծռեր» կուսակցությունը կհիմնադրվի երեք շաբաթից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր ասել է, որ կուսակցությունը դեռ չի ստեղծվել:

Կուսակցության առաջին համագումարը նախատեսված է սեպտեմբերի 29-ին՝ Կառավարական տուն, 1 հասցեում: 

 

 

«Օրենքով եւ կուսակցական ժողովրդավարության սկզբունքներով սահմանված է, որ պետք է նախ ստեղծվի այդ կուսակցությունը եւ ապա այդ կուսակցությունն օրենքին եւ իր կանոնադրությանը համապատասխան կայացնի որոշումներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վարուժան Ավետիսյանը:

 

Ում հետ համագործակցել, ինչ սկզբունքներով եւ ձեւաչափով՝ որոշվելու է համագումարի ընթացքում: Այս պահին նախաձեռնող խմբի անդամները ապահովում են միայն կազմակերպումը, ծրագրային փաստաթղթերի մշակումը:

 

«Կուսակցության ղեկավարին եւ ղեկավար մարմիններին կընտրեն համագումարի ընթացքում»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

 

Հարցին, թե քաղաքական որ դաշտում է գործելու կուսակցությունը, նախաձեռնող խմբի անդամը պատասխանել է.

 

«Այն կլինի ազգային  ինքնիշխան ժողովրդավար պետության ջատագով եւ կպայքարի այդ արժեքների համար»:

 

Վարուժան Ավետիսյանն ասել է, որ իրենք պատրաստ են հանդիպել Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության անդամներին:

 

«Պատրաստ ենք քննարկել մեր ժողովրդի ներկային եւ ապագային վերաբերող հարցեր, եթե լինի ընդառաջ քայլ, մենք սիրով կողջունենք դա եւ կընդունենք»: 

 

Կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Սաֆարյանն էլ, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործողություններին, ասել է.

 

«Մենք պիտի ֆիքսենք, որ զինյալ ապստամբությունը չի գտնվում էմոցիոնալ դաշտում, այն իրավական դաշտում է: «Սասնա ծռեր» խմբավորումն իրավունք ուներ՝ դիմելու զինված ապստամբության, եւ տրամաբանորեն պետք է լինեին նաեւ զոհեր»:

 

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Գագիկ Եզիազարյանն էլ անդրադարձել է անազատության մեջ գտնվող ընկերներին.

 

«Երկար տարիների ընթացքում հանցավոր գործունեություն ծավալած անձիք գտնվում են ազատության մեջ եւ շարունակում հակապետական գործունեությունը, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները՝ հանձինս Շանթի, Պավլիկի, Արմենի եւ Սմբատի, շարունակում են գտնվել անազատության մեջ: Մնացած մեծ մասն էլ գտնվում է դատաքննության փուլում, եւ ինչու ոչ՝ կա այդ վտանգը, որ բոլորս կարող ենք կրկին հայտնվել ճաղերից այն կողմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին