Մահմուդ Աբասը Երուսաղեմի հայկական թաղամասի վերաբերյալ անորոշ պատասխան է տվել - Mediamax.am

5737 դիտում

Մահմուդ Աբասը Երուսաղեմի հայկական թաղամասի վերաբերյալ անորոշ պատասխան է տվել


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը

Լուսանկարը` http://www.hurriyetdailynews.com


Երեւան: Մեդիամաքս: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «բոլոր մոնոթեիստական կրոնները իրավունք ունեն ազատորեն իրականացնել իրենց ծեսերը Երուսաղեմում, որը Պաղեստինյան պետության մայրաքաղաքն է»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին Մահմուդ Աբասը հայտնել է ԵԽԽՎ նիստի ժամանակ` պատասխանելով հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հանդեպ պաղեստինյան իշխանությունների դիրքորոշման մասին հարցին:

 

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, պաղեստինյան ինքնավարության ղեկավարի պատասխանն «անորոշ» էր:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2000թ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեմ է Երուսաղեմի հայկական եւ քրիստոնեական թաղամասերի բաժանմանը:

 

2000թ. օգոստոսին, Քեմփ-Դեվիդում կայացած բանակցությունների ձախողումից հետո, Յասեր Արաֆաթը հերքել էր իսրայելյան հաղորդագրությունները այն մասին, թե ինքը համաձայնվել էր Իսրայելի հսկողության տակ թողնել Երուսաղեմի Հայկական թաղամասը:

 

Այն ժամանակ Արաֆաթը պաղեստինյան Al-Ayyam թերթին ասել էր. «Հայկական թաղամասը մեզ է պատկանում. մենք ու հայերը մեկ ժողովուրդ ենք»: 2002թ. հոկտեմբերին Արաֆաթը Լոնդոնում լույս տեսնող արաբական Al-Hayat թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Իսրայելը ուզում էր վերահսկել Երուսաղեմի հայկական թաղամասը, իսկ ես ասացի նրանց, որ երբեք չեմ դավաճանի հայերին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին