Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:
Անցնող շաբաթը մեկնաբանում է Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Երեւանում տեղի է ունեցել «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը
Անցնող շաբաթվա իրադարձություններից առաջին հերթին կուզեմ առանձնացնել այս համաժողովը: Կարծում եմ, սա շատ կարեւոր մտահաղացում է, որ վաղուց արդեն ճախրում էր օդում, բայց գործնական քայլեր, կարծես, չէին արվում:
Հուսամ, այս անգամ հարցը հերթական զրույցներով ու զգացմունքային պարզաբանումներով չի սահմանափակվի, այլ գիտնականները կհավաքվեն մի սեղանի շուրջ ու լուծումներ կգտնեն: Ինչպես նշեց Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, սահմանադրորեն մեր պետական լեզուն հայերենն է, արեւելահայերենը որեւէ կերպ չի առանձնացվում: Այսպիսով, երբ ասում ենք հայերեն` նկատի ունենք արեւմտահայերենն ու արեւելահայերենը, նաեւ բարբառները:
Մասնավորապես այս շրջանում, երբ Հայաստանում շատ են հայրենադարձները, այս հարցն իսկապես բավականին արդիական է դառնում: Շատ եմ շփվում այս Հայաստանում գտնվող արեւմտահայերի հետ, զգում եմ արեւմտահայերենը փոխարինելու, համակերպվելու, այսինքն՝ լեզուն ջարդելու եւ արեւելահայերեն դարձնելու, նույնիսկ երեւանյան ժարգոնի վերածելու մտայնությունը: Եթե արեւմտահայերենը չօգտագործվի Հայաստանում, սա, կարծում եմ, մշակութային մեծ կորուստ կլինի, որովհետեւ հենց լեզուն է ամենամեծ մշակութային արժեքը:
Հանրային Խորհուրդը կողմ է արտահայտվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի աշտարակի պահպանմանը
Երկար ժամանակ է, ինչ այս հարցը շարունակում է «ծեծվում» է: Կարծես թե, վերջապես ինչ-որ հանգուցալուծման ենք գալիս: Սա ոչ միայն զուտ «Զվարթնոցի» փրկության հարցն է` այն կարող է նախադեպային լինել: Օդանավակայանը համեմատաբար նոր կառույց է, բայց ականատեսն եղանք, թե ինչ հնություններ քանդվեցին Երեւանում: Ամենաաբսուրդայինն այն է, որ հետո որոշում է կայացվում դեկորատիվ կերպով ինչ-որ հին բան ստեղծել:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները
Այս խեղճ մարդիկ շարունակում են բողոքել, որովհետեւ բոլորը չէ, որ ստացել են իրենց հասանելիք աշխատավարձը: Չեմ կասկածում, որ «նաիրիտցիները» կստանան իրենց հասանելիքը, որովհետեւ շատ վճռական են տրամադրված, բայց տարօրինակ է, որ բարձրագույն ատյաններից հնչող տղամարդու խոսքը չի կատարվում:
Յուրաքանչյուր օրն այդ մարդկանց համար կենսական է, ինչու՞ է այսքան ձգձգվում: Հինգշաբթի օրը կառավարության նիստում այս թեման նորից քննարկվեց: Առանց այն էլ վստահության զրոյական մակարդակ կա, կարծում եմ, պաշտոնյաները պիտի հիմա ամեն ինչ անեն մարդկանց վստահությունը վերաշահելու համար: Այլապես, եթե նույնիսկ այսօր ամենաբարձր ատյանից հայտարարեն, որ Մերիլին Մոնրոն գեղեցկուհի է, մենք միեւնույն է կկասկածենք: Նրանց խոսքն արժեք չունի ու ցավում եմ դրա համար:
«Կարին» ազգագրական համույթի սաները` Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, Արարատի գագաթին շուրջպար բռնեցին
Գագիկ Գինոսյանը վառ ապացույցն է, թե ինչեր կարող է անել մարդը ցանկության դեպքում: Բրավո՝ Գինոսյան:
Ձերբակալվել է Սյունիկի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը
Սա առայժմ շատ կարեւոր իրադարձություն է, ընթացքը ցույց կտա, թե ինչ կլինի հետո: Սյունիքի մարզպետի որդու ձերբակալությունը տարբեր կերպ են մեկնաբանում, ասում են, թե սա շատերին լռեցնելու համար է արված: Սրան նախորդող հետաքրքիր իրադարձություն էր տեղի ունեցել` Մանվել Գրիգորյանը պարգեւատրել էր այս երիտասարդին:
Ինչպես պաշտոնյաները չեն հարգում եւ արժեւորում իրենց խոսքը, այդպես էլ արժեզրկվում են նաեւ շատ այլ բաներ` ստեղծելով սոսկալի վիճակ: Այս ամենը կարծես մի ախտ լինի, որ պատել է մեր երկիրն ու սրանից չմաքրվելու դեպքում մետաստազի նման կհոշոտի մեզ:
Գագիկ Գինոսյանը եւ այս երիտասարդը, կարծես, երկու տարբեր նժարներ վրա լինեն: Արժեզրկումը բնազդային ու ինքնապաշտպանական ռեակցիա է առաջացնում ու հզորացնում նժարի հակառակ կողմը:
Օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը
Այսօր գիտենք, որ թանկացած էլեկտրաէներգիայի համար մեր գրպանից չենք վճարելու, բայց մի շատ պարզ հարցի պատասխան այդպես էլ չունենք` իսկ որտեղի՞ց է վճարվելու: Որքան փակ ու գաղտնի պահվի այս հարցի պատասխանը, այնքան ուժեղ հակահարված է առաջացնելու:
Ինչպես Թումանյանն էր ասում` բողոքը վատ բան չէ: Այնպես որ բողոքենք ամեն տեսակ անարդարությունների դեմ, հակառակ դեպքում թվում է, թե ամեն ինչ կարելի է անել: Անկախ իմ վերաբերմունքից ու կարծիքից, մենք մեռած հասարակություն չպիտի լինենք, ինչպիսին երկար տարիներ մեզ փորձում էին դարձնել:
Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը
Գիտեմ, որ մեր զորքերը հրաշալի պատրաստված են, մարտունակ են ու հոգեպես պինդ են: Կուզենամ, որ միշտ շատ ուժեղ ու նախահարձակ լինենք: Մեր բարոյականությունն ու քրիստոնեական արժեքները մեզ դա հաճախ թույլ չեն տալիս, բայց շատ դեպքերում պիտի իմանաս, թե դիմացինդ ով է եւ իր լեզվով խոսես: Հուսամ, որ առանց զոհերի եւ վիրավորների շրջան կլինի մեզ համար:
Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: