Անցնող շաբաթը Եգոր Գլումովի հետ - Mediamax.am

exclusive
1587 դիտում

Անցնող շաբաթը Եգոր Գլումովի հետ


Եգոր Գլումովը
Եգոր Գլումովը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դադարից հետո Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է հաղորդավար Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյանը):

ՀՀ նախագահն ասել է, որ 2016 թվականին Վանաձորում կբացվի «Թումո»  կենտրոնի մասնաճյուղը

«Թումո» կենտրոնը քայլում է Հայաստանով` «Թումո» կենտրոններ կան Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում ու շուտով կլինի նաեւ Վանաձորում: Իհարկե` սա հիասքանչ նորություն է, բայց ես կուզեի, որ «Թումո»-ներ բացվեին նաեւ փոքրիկ ու հեռավոր գյուղերում, կարծում եմ, դա ավելի ճիշտ կլիներ: Պատկերացրեք, օրինակ` Մարտակերտից երեխաները մոտ 45 րոպե պետք է գնան Ստեփանակերտ, այն էլ մի քանի ժամով: Պետք է զարգացնել «Թումո»-ն մասշտաբային առումով:

Կարծում եմ, վերջապես մեր կառավարությունն էլ հասկացավ, որ մենք բացի ուղեղից ու գաղափարից աշխարհին ներկայացնելու այլ բան չունենք: Հենց դա է ապագան, ոչ թե նավթը, ոսկին կամ մոլիբդենը:

Ներկայացվել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բնույթը

Ընդհանրապես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է այս ժամանակահատվածում ինչ-որ բան քննարկել ԵՄ-ի հետ: Եվրոպան ինքն այսօր այնպիսի խնդիրների մեջ է, որ Հայաստանի ու «հայաստանանման» երկրների խնդիրներն իր համար երկրորդական են:

Օրինակ, ի՞նչ կարող է մեզ հետ քննարկել Եվրոպան գյուղատնտեսության ոլորտում: Ի՞նչ խորհուրդ նրանք կարող ենք տալ մեզ, եթե զարմացած մեր լոլիկներն ու վարունգներն են համտեսում ու հետաքրքրվում, թե ինչպե՞ս ենք աճեցրել: Ինձ թվում է, ավելի լավ է Եվրոպան մեզ հիմա հանգիստ թողնի, որ կարողանանք պահպանել մեր բնականը` մաքուր ջուրը, հողը: Թող մենք էլ մնանք ինքնատիպ մի երկիր, որտեղ եվրոպացիները կգան ու համով կուտեն, իրենց հետ էլ տարբեր տեղական ապրանքներ կտանեն: Եվրոպայի հետ մենք կարող ենք համագործակցել մշակույթի, սպորտի կամ տուրիզմի զարգացման ոլորտներում:

Կառավարությունում քննարկվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը

Ինձ միշտ թվում է, թե նման քննարկումները հետաքրքրում են միայն կառավարությունում աշխատող մոտ 147 մարդու: Ժողովուրդը երբեւէ չի տեղեկանում այդ բարելավման ծրագրերին: Կարծում եմ, մարդիկ նույնիսկ չգիտեն, որ նման բան կա: Եկել է ժամանակը, որ խոսելու փոխարեն վերջապես ինչ-որ բաներ արվեն: Եկեք փորձենք քննարկելու եւ որոշելու փոխարեն գործել` բոլորն էլ գիտեն, թե ինչպես է պետք պայքարել օրինակ` կաշառակերության դեմ: Ունենք Չինաստանի, Թայվանի, Սինգապուրի օրինակները:

«Տաթեւեր» ճոպանուղին հինգ տարեկան դարձավ

Չզգացի, թե ինչպես անցան այս հինգ տարիները: Հենց ամենասկզբից ոչ միայն պարզապես հետեւել եմ այս  նախագծի զարգացման ընթացքին, այլեւ մասնակցել եմ որոշ աշխատանքների: Օրինակ` ճոպանուղու աուդիոուղեցույցի տեքստերն ինքս եմ գրել ու կարդացել դրանք:

Այն ամենն, ինչ արվում է Տաթեւում, շատ լավ ու վառ օրինակ է, թե ինչպես կարելի է զարգացնել տուրիզմը 21-րդ դարում: Չմոռանանք, թե ինչ հսկայական գումարներ են ներդրվել այս նախագծում, որը ոչ թե կոմերցիոն, այլ համապարփակ մի ծրագիր է, որը կզարգացնի տարածաշրջանի տուրիստական ներուժը:

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի նպատակը Սիրիայում ահաբեկիչներին հաղթելն է

Այնպես չէ, որ Պուտինի այս խոսքերն անկեղծություն էին: Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահները, որոնք պայքարում էին ահաբեկչության դեմ, տասնյակ տարիներ շարունակ այդպես էին ասում: Այսօր Սիրիան դարձել է երկու գաղափարների պատերազմ՝ վախենում եմ, որ մոռանան ահաբեկիչներին ու ինքնահաստատման փուլ սկսեն:

Մենք ապրում ենք այնպիսի դարում, երբ բոլորն իրար մասին ամեն ինչ գիտեն` ով ում հետ է հանդիպում, ինչ է անում: Այնպես որ, չեմ կարծում, թե իրականում նրանք չգիտեն, թե որտեղից են աճում ահաբեկչության ոտքերն ու ձեռքերը: Եթե մեծ պետություններն ուզենային, հավատացեք, ամեն ինչ կհանդարտվեր:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին