Անցնող շաբաթը Գիսանե Պալյանի հետ - Mediamax.am

exclusive
2238 դիտում

Անցնող շաբաթը Գիսանե Պալյանի հետ


Գիսանե Պալյանը
Գիսանե Պալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դադարից հետո Մեդիամաքսը շարունակում է «Անցնող շաբաթը» նախագիծը: Տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ մեր խնդրանքով մեկնաբանում են անցնող շաբաթվա իրադարձությունները Հայաստանում, աշխարհում, ինչպես նաեւ իրենց կյանքում:

Անցնող շաբաթը մեկնաբանում է Empyray ռոք-խմբի դաշնակահարուհի, երաժիշտ Գիսանե Պալյանը:

Տավուշում հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչներ են զոհվել

Մենք կարծում ենք, որ խաղաղ պայմաններում ենք ապրում, բայց սահմանամերձ գյուղերում մշտապես անհանգիստ իրավիճակ է: Օրերս մի ռեպորտաժ էի դիտում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ասում էին, որ ոչ մի դեպքում չեն լքի իրենց տները, որտեղ ծնվել ու մեծացել են: Չեմ կարողանում բնութագրել այն զգացողությունները, որ ունեմ այս ամենի վերաբերյալ, սա անձնական ցավ է յուրաքանչյուրիս համար: Չորս տարեկան որդի ունեմ, մի օր էլ նա է ծառայելու հայոց բանակում: Որպես մայր եմ նայում բոլոր զինվորներին, ովքեր սահմանին են:

Խաղաղություն ու կապույտ երկինք եմ ցանկանում, հավատացեք, մնացյալ բոլոր հարցերը լուծելի են:

Պաշտոնապես բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը

Որպես ծնող ողջունում եմ մեր երկրում ուսումնական հաստատությունների զարգացումը: Կոնկրետ այս դպրոցի հետ կապված կարող եմ դրական ու բացասական կողմ նշել:

Նախ` շատ լավ է, որ ուսումնական հաստատություն է բացվում Երեւանից դուրս: Այսօր ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում, ավելին՝ քաղաքի կենտրոնում: 20 տարի բնակվել եմ Երեւանի կենտրոնում`Մաշտոցի պողոտա-Ամիրյան խաչմերուկում, հիմա էլ ապրում ենք 15-րդ թաղամասում ու շատ վառ եմ տեսնում այդ տարբերությունը: Այս դեպքում զարգանում է Դիլիջանը, ինչը շատ ողջունելի է:

Բայց «Այբ» կրթահամալիրի մասին կարծիքս այն է, որ միեւնույն է` այն «ընտրյալների» երեխաների համար է: Ուսման վճարն այնտեղ իսկապես բարձր է, կարծում եմ, միջին աշխատավարձով ապրող քաղաքացին իր երեխային չի կարող նման ուսում տալ, անգամ եթե երեխան շատ խելացի է: Տեղյակ եմ, որ դպրոցում գործում են նաեւ կրթաթոշակներ, բայց պարզ չէ, թե առաջին հերթին ում երեխաներն են ստանում այդ կրթաթոշակները, որոնք, կարծում եմ, սահմանափակ են:

Երեւանում բացվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

Նորից պիտի նշեմ, որ միշտ ուրախանում եմ կրթական ոլորտում տեղի ունեցող զարգացումներով: Անկախ նրանից, թե դեպի ուր է գնում Հայաստանն այսօր, ուր կգնա վաղը, ում հետ բարեկամական հարաբերությունների մեջ կլինի ապագայում, կրթական ոլորտն ամենակարեւորներից է:

Սակայն ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործում ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

ՀՀ հյուպատոսը այցելել է Հալեպի հայ ծերերին ու մանուկներին (ՀՀ հյուպատոսությունը Հալեպում մնացած դիվանագիտական միակ ներկայացուցչությունն է)

Կարծում եմ, սա բնական քայլ էր` մնալ մեր հայրենակիցների կողքին ու աջակցել նրանց: Սա անհասկանալի պատերազմ է, անբացատրելի իրավիճակ. բազմաթիվ ուսանողներ ունեմ Սիրիայից, հաճախ զրուցում ենք, փորձում եմ հասկանալ իրավիճակը:

Հալեպում այսօր դեռ շատ հայեր կան եւ գովելի քայլ է, որ մեր հյուպատոսությունն այն մարդկանց կողքին է, ովքեր չեն լքել իրենց բնակավայրը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ «պետք է ակնկալենք միլիոնավոր փախստականներ Սիրիայից»

Կարծում եմ, որ փախստականներին ընդունող պետություններն առաջին հերթին պիտի առաջնորդվեն մարդասիրական տեսանկյունից: Շատ ուրախալի էր տեսնել, որ կային երկրներ, որոնք պատնեշներ կառուցելու փոխարեն ընդունեցին փախստականներին, շատ լավ  հասկանալով, որ հետադարձ ճանապարհը հավասարազոր է մահվան:

Այլ հարց է, թե ինչպես են վերաբերվելու նրանց տեղացիները, մասնավորապես՝ ելնելով կրոնական նկատառումներից:

Գրի առավ Լենա Գեւորգյանը
Լուսանկարեց Մարիամ Լորեցյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին