5 հարց ու պատասխան բարձրագույն կրթության եւ գիտության օրինագծի մասին - Mediamax.am

exclusive
16665 դիտում

5 հարց ու պատասխան բարձրագույն կրթության եւ գիտության օրինագծի մասին


Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սամվել Կարաբեկյանը
Սամվել Կարաբեկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում
Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը, որը ոչ վերջնական, աշխատանքային տարբերակով է ներկայացվել մասնագիտներին՝ լսելու նրանց կարծիքն ու առաջարկները, դարձել է ակտիվ քննարկումների եւ քննադատությունների թեմա։ Մինչ մարդիկ բանավիճում են նախագծի աշխատանքային տարբերակի որոշ դրույթների շուրջ, Մեդիամաքսը փորձել է առանձնացնել ուշագրավ կետերն ու «Պարզաբանում» խորագրում պարզ ներկայացնել դրանք: 

 

1․ Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի պետական քաղաքականության ի՞նչ սկզբունքներ են առաջ քաշվում օրենքում: 

 

Ըստ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են՝ իրավահավասարության ապահովումն ու խտրականության բացառումը, բուհական ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության ապահովումը, բարձրագույն կրթության մատչելիությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, ակադեմիական շարժունությանը նպաստելը, հայագիտական հետազոտությունների գերակայությունը եւ այլն։ 

 

Օրենքի նախագծում պետական քաղաքականությունն առաջնորդվում է նաեւ Եվրոպական բարձրագույն կրթության ու հետազոտական տարածքին Հայաստանի բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ինտեգրման սկզբունքով, միեւնույն ժամանակ շեշտադրելով՝ ազգային կրթական առաջադեմ ավանդույթների եւ նվաճումների պահպանումն ու զարգացումը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ապահովումը։ 

 

Կարեւորվում է բարձրագույն կրթության շարունակականությունը, բուհերի եւ գիտական կազմակերպությունների հետ պետական մարմինների ու մասնավոր գործընկերների համագործակցության ամրապնդումը՝ բուհի եւ գիտական կազմակերպության ինքնավարության սկզբունքի պահպանմամբ:

 

2․ Ի՞նչ հնարավորություններ են տրվում ուսանողներին։ 

 

Օրինագիծը կարգավորում է հայաստանյան, ինչպես նաեւ օտարերկրյա բուհերի համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: 

 

Ընդունելության նոր համակարգով ուսանողը հնարավորություն կունենա դիմել իր նախընտրած մասնագիտության համար, իսկ քննություններ հանձնելուց եւ միավորներ հավաքելուց հետո ինքնուրույն որոշել, թե որ բուհում է ցանկանում ստանալ այդ մասնագիտությունը։։

 

Այժմ գործող կարգի համաձայն՝ բուհ ընդունվելու համար դիմորդը նախապես՝ մինչեւ քննություններ հանձնելը, հայտում նշում է մի քանի բուհ եւ մասնագիտություն, ապա իր վաստակած միավորներով ընդունվում դրանցից մեկը՝ առանց փոխելու հնարավորության:

 

Նոր օրենքի նախագիծը ուսանողին թույլ կտա ընտրել իր ուսումնառության անհատական ձեւաչափը, ինչը, ըստ օրինագծի հեղինակների, շեշտակիորեն ընդլայնելու է ուսումը աշխատանքի հետ համատեղելու հնարավորությունները, միաժամանակ՝ ապահովելով կրթության որակի պատշաճ մակարդակը։ 

Սամվել Կարաբեկյանը Սամվել Կարաբեկյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը Մեդիամաքսին ասել է, որ բուհ ընդունվելուց հետո ուսանողը պարտադիր սովորելու է կրթական ծրագրի՝ մասնագիտությամբ պայմանավորված հատվածը, իսկ ծրագրի 30-40%-ը նա կարող է ձեւավորել ինքնուրույն՝ ընտրելով առարկաներ կամ մոդուլներ իր կամ այլ բուհերից։ Ուսանողը կարող է ընտրել մասնակի բեռնվածությամբ ուսանելու տարբերակը՝ համատեղելով ուսումը աշխատանքի եւ այլ զբաղմունքների հետ ու ելնելով իր ֆինանսական հնարավորություններից։

 

«Ուսանողը կարող է ինքնուրույն որոշել իր ուսումնառության տեմպը, տեւողությունը, ընդհանուր կրթական հետագիծը։ Ենթադրվում է, որ այսպիսի կարգավորման դեպքում կրթական ծրագիրը պետք է ունենա ճկուն կառուցվածք եւ որոշակի պարտադիր հատված, որը հանգեցնում է մասնագիտական որակավորման։ Ուսանողը կարող է խորհրդատուների հետ ընտրել այդ 30-40%-ը այնպես, որ ունենա հավելյալ մասնագիտական հմտություններ եւ հետագայում աշխատանքի շրջանակն ընդլայնելու հնարավորություն»,- ասել է Սամվել Կարաբեկյանը։

 

3․Ի՞նչ մեխանիզմներ է օրենքի նախագիծը նախատեսում բուհական ինքնավարության ապահովման համար։ 

 

Օրենքի նախագծով ամրագրված է, որ բուհն իր ինքնակառավարման իրավունքն իրացնում է բուհական ինքնավարության, ակադեմիական եւ հետազոտությունների ազատության ու կոլեգիալության սկզբունքներով՝ հաշվետվողականության պահանջների պահպանմամբ:

 

Նշվում է, որ բուհն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան ունի՝

 

կրթական եւ գիտահետազոտական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու եւ կառավարելու իրավասություն,

կառուցվածքը, կառուցվածքային միավորները ինքնուրույն սահմանելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաեւ ներքին կառավարչական կարգերը եւ ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն, 

ակադեմիական, վարչական, տնտեսական եւ օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման եւ ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու եւ կառավարելու իրավասություն,

ինքնուրույն իր բյուջեն ձեւավորելու, ֆինանսական եւ այլ միջոցները կառավարելու, եկամուտները ձեւավորելու եւ ծախսեր կատարելու իրավասություն:

 

Օրենքի նախագծի պահանջն է բուհի՝ ռազմավարական ծրագիրը եւ ակադեմիական բարեվարքության կանոնակարգ ունենալը։ 

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը, ով ուսումնասիրել է օրենքի նախագիծն ու փոփոխության առաջարկներ ներկայացրել, Մեդիամաքսին ասել է, որ օրինագիծը հանրային բուհերի ինքնավարության ապահովման տեսակետից խնդրահարույց է։ Ներկա կարգավորումներով՝ գրեթե բոլոր հանրային բուհերում կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների (կառավարման) խորհրդի 25%-ը նշանակում է նախարարությունը, 25%-ը՝ կառավարությունը, 25%-ն ընտրվում է դասախոսներից, 25%-ն էլ՝ ուսանողներից։  Կառավարման խորհուրդն էլ ընտրում է ռեկտորին։ 

 

Այսինքն, բուհի կառավարման բարձրագույն մարմնի կեսը ձեւավորվում է պետական իշխանության կողմից, վերջինս էլ լայն հնարավորություններ ունի ռեկտոր ընտրելու հարցում։ 

 

Գրեթե նույն կարգավորումներն են նախատեսված նաեւ նոր նախագծով, այն բացառությամբ, որ բուհի դասախոսների եւ ուսանողների ներկայացուցիչների մասնակցությունը տոկոսային առումով նույնիսկ ավելի է սահմանափակվում։ 

 

4․ Բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման հարցն ինչպե՞ս է կարգավորում նախագիծը։  

 

Ի տարբերություն այժմ գործող օրենքի՝ նախագծով սահմանված չէ, որ բուհերում «Հայոց լեզվի» եւ «Հայոց պատմության» պատմության դասավանդումը պարտադիր է, սակայն եթե օրենքն այդ պահանջը չի դնում, չի նշանակում, որ բուհը չի կարող որոշում կայացնել եւ առարկաների ուսուցումը պարտադիր դարձնել։ Այսինքն, այս առարկաների դասավանդումը թողնված է բուհի հայեցողությանը։ 

Լուսանկարը` Ֆոտոլուր

Այս կետի շուրջ առաջացած դժգոհությունները հասել են մինչեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրաժարականի պահանջին։ Նախարարությունն էլ հայտարարել է, որ «օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական եւ գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետեւաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։

 

5․ Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ ի՞նչ կարգավորում է առաջարկում օրինագիծը։

 

Առաջարկվող օրենքի նախագծի 24-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձրագույն գիտական կոչումներ ունեցող եւ Հայաստանի կամ օտարերկրյա ճանաչված գիտնականների ինքնակառավարվող միավորում է։ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպական-իրավական ձեւի եւ գործունեության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:

 

Նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը Մեդիամաքսին ասել է, որ  ներկայում էլ ակադեմիայի հիմնադիրը Կառավարությունն է, եւ ըստ ԳԱԱ մասին օրենքի՝ կառավարությունը հենց այն մարմինն է, որը կարող է լուծարել այն կամ վերակազմավորել։ 

 

«Նախագծով ակադեմիայի կազմակերպական ձեւի կամ կառուցվածքի որոշման հարցը տրված էր կառավարությանը եւ որեւէ բան չի փոխվում այս օրինագծով։ Թյուր կարծիք է ստեղծվում է, որ օրինագիծն ուղղված է Ակադեմիան «վերացնելուն», նման կարծիքները որեւէ հիմք չունեն, եթե հետեւենք օրինագծի տառին եւ ոգուն։ Այս օրինագծով ընդամենն ավելի մեծ ինքնավարություն է տրվում գիտական կազմակերպություններին՝ որոշելու, թե ինչպիսի կազմակերպական ձեւերով կարող են ավելի արդյունավետ շարունակել իրենց գիտական գործունեությունը։ Մի մասը կարող է ձեւավորել գիտական ցանցեր՝ միավորվելով, որոշ մասը, եթե ունի համապատասխան ֆինանսական հնարավորություններ, կարող է նախընտրել լինել ինքնուրույն գիտական կենտրոն, չի բացառվում, որ որոշ հաստատություններ որոշեն, որ ավելի սերտ կապ են ունենալու համալսարանների հետ։ Բազմաթիվ մոդելներ կան, որոնց ընտրությունը տրվում է գիտական կազմակերպություններին»,- ասել է Սամվել Կարաբեկյանը։ 

 

ԵՊՀ դասախոս Արսեն Թավադյանն էլ նկատել է, որ «ճիշտ է, ակադեմիայի մասին օրենքով հիմնադրին այդպիսի լիազորություն տրված է, բայց նույն օրենքով Ակադեմիայի վրա դրված են հստակ գործառույթներ, որոնք նպաստում են գիտության զարգացմանը եւ գիտական գործունեության ապահովմանը։ Այսինքն, ներկայիս կարգավորումներով, առանց ամբողջ գիտական ոլորտի փոփոխության եւ ՀՀ Ազգային ժողովի համաձայնության, Ակադեմիան փաստացի լուծարել անհնար է»։

Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում

 

Արսեն Թավադյանի դիտարկմամբ՝ առաջարկվող նախագծով Ակադեմիային նվիրված է մեկ հոդված, որը փաստացի ասում է, որ Ակադեմիան դառնում է զուտ խորհրդատվական մարմին, իսկ վերջինիս գործառույթները սահմանվելու են ՀՀ կառավարության կողմից՝ ի տարբերություն ներկա կարգավիճակի, երբ դա սահմանվում է օրենքով։

 

«Բացի դրանից, որեւէ փաստաթղթով չկա հստակ հայեցակարգ Ակադեմիայի դերի մասին։ Արդյունքում, Ակադեմիան, այն ձեւով, որ հիմա կա, դադարելու է գոյություն ունենալ։ Ընդ որում, հայեցակարգի բացակայության պայմաններում, պետությունը փաստացի առաջարկում է Ակադեմիայի գործառույթները վերացնել՝ ընդհանրապես չսահմանելով, թե ինչ նպատակներ է հետապնդում։ Այսպիսի մոտեցումն անթույլատրելի է որեւէ ոլորտում, հատկապես գիտության մեջ։ Այնուամենայնիվ, նախարարության վարքագիծը հույս է ներշնչում, որ իրենք բաց են քննարկման համար եւ պատրաստ են լսել բոլոր առաջարկները, ինչը դրական է։ Ուստի, առաջարկում եմ Ակադեմիայի, եւ ընդհանրապես կրթության ու գիտության ամբողջ ոլորտում բարեփոխումների հայեցակարգը մշակել, հրապարակել, քննարկել հասարակության հետ, հետո միայն դրա հիման վրա մշակել օրենքի նախագիծ»,- ասել է Արսեն Թավադյանը։ 

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին