6 հարց ու պատասխան՝ էլ. դեղատոմսերի ներդրման եւ ԱՐՄԵԴ համակարգի մասին - Mediamax.am

736 դիտում

6 հարց ու պատասխան՝ էլ. դեղատոմսերի ներդրման եւ ԱՐՄԵԴ համակարգի մասին


Լուսանկարը` armeniasputnik.am


Արդեն ներկայացրել ենք Հայաստանի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվությունը էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ: Այսօր ներկայացնում ենք ԱՐՄԵԴ համակարգի տրամադրած պարզաբանումը:

1. Արդյո՞ք ԱՐՄԵԴ համակարգը պատրաստ է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանն ու ծանրաբեռնվածությանը: Արդյո՞ք համակարգում լինում են խափանումներ:

ԱՐՄԵԴ-ը միանգամայն պատրաստ է ծանրաբեռնվածությանը: Մինչեւ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումը ԱՐՄԵԴ-ում իրականացվել են օպտիմալացումներ, եւ համակարգը ներկայում ավելի արագ է աշխատում: Համակարգի դանդաղության խնդիր չկա: Դեղատոմսերի լրացումը, նորմալ համակարգչի եւ ինտերնետի առկայության պարագայում, տեւում է 1-3 րոպե:

2. Մինչեւ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը փորձարկվե՞լ է դրա կիրառությունը:

Մինչեւ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը՝ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով կենտրոնացված գնումներով եւ՛ անվճար պայմաններով, եւ՛ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար երկու միլիոնից ավելի դեղատոմս է դուրս գրվել:

3. Արդյո՞ք էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի բարդացնում բժշկի աշխատանքը, չի ավելացնում նրանց ծանրաբեռնվածությունը:

Թղթային դեղատոմսը լրացնելիս բժիշկը յուրաքանչյուր անգամ պետք է լրացնի պացիենտի տվյալները՝ անուն, ազգանուն, տարիք եւ այլն, ինչպես նաեւ դեղի անվանումը, չափաքանակը, ընդունման եղանակը: Էլեկտրոնայինի դեպքում պացիենտի տվյալներն ամեն անգամ մուտք անելու կարիք չկա, քանի որ դրանք պահպանվում են համակարգում. հարկավոր է մուտքագրել միայն պացիենտի սոցիալական քարտը կամ անձնագիրը կամ անուն, ազգանուն, ծննդյան թիվը, իսկ դեղատոմսը հիմնականում լրացվում է անվանումներն ընտրելու ավտոմատ ձեւով, ինչը շատ ավելի արագ է ստացվում:

4. Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը արդյո՞ք դեղատների վրա լրացուցիչ ֆինանսական կամ տեխնիկական ծանրաբեռնվածություն չի առաջացնում:

Դեղատների կողմից ԱՐՄԵԴ համակարգին միանալը` դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների վրա ֆինանսական որեւէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ԱՐՄԵԴ համակարգով աշխատելու պատճառով, չի կարող լինել: Այսինքն, հաշիվ բացելու, խորհրդատվության, ուսուցման եւ այլ ծառայությունների համար սակագին սահմանված չէ:

5. ԱՐՄԵԴ-ը էլեկտրոնային հարթակ է տրամադրում բուժհաստատություններին, եւ սպասարկման համար սակագին ունի: Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումով բուժհաստատությունների համար սակագնի ավելացում նախատեսվո՞ւմ է:

Ո՛չ, որեւէ ֆինանսական փոփոխություն նաեւ բուժհաստատությունների համար առկա չէ: Նրանք շարունակում են աշխատել նույն կերպ ու նույն սկզբունքով, ինչ նախկինում: Հատուկ էլեկտրոնային դեղատոմս լրացնելու համար նրանք գումար չպետք է վճարեն։ Բուժհաստատությունների համար սակագներ նախատեսված են այցերի մուտքագրման համար՝ անկախ տվյալ այցում դեղատոմսի առկայությունից։

6. Հնարավո՞ր է, որ պացիենտի տվյալները համակարգի միջոցով հասանելի դառնան այլ անձանց:

Դա բացառված է: Տվյալները խստագույնս պաշտպանված են: Բժիշկը լրացնում է էլեկտրոնային դեղատոմսը, դեղագետը տեսնում է միայն դեղորայքի անվանումն ու չափաբաժինը. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն դեղատան աշխատակցի համար հասանելի չէ:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին