Ջորջ Սորոսը նոր ինստիտուտ է ստեղծում. 4 հարց ու պատասխան - Mediamax.am

exclusive
16184 դիտում

Ջորջ Սորոսը նոր ինստիտուտ է ստեղծում. 4 հարց ու պատասխան


Լուսանկարը` REUTERS


The Boston Globe թերթը հրապարակել է «Ջորջ Սորոսը եւ Չարլզ Կոխը միավորվում են, որպեսզի վերջ դնեն «հավերժ պատերազմի» ամերիկյան քաղաքականությանը» (In an astonishing turn, George Soros and Charles Koch team up to end US ‘forever war’ policy) հոդվածը, որը պատմում է «Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտի» ստեղծման մասին:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածի առանցքային դրվագները:

 

Ի՞նչ են ստեղծում

 

Քաղաքական եւ գաղափարական տարբեր բեւեռներում գտնվող միլիարդատերեր Ջորջ Սորոսը եւ Չարլզ Կոխը միավորվել են, որպեսզի ստեղծեն «Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտ» (Quincy Institute for Responsible Statecraft) վերլուծական կենտրոնը:

 

ԱՄՆ-ի վեցերորդ նախագահի անունը պատահական չէ ընտրված՝ Ջոն Քուինսի Ադամսը 1821 թ. Անկախության օրվա առթիվ իր պատմական ելույթում հայտարարել էր.

 

«Միացյալ Նահանգները չեն մեկնելու արտասահման փնտրելու հրեշների, որոնց պետք է ոչնչացնել: ԱՄՆ-ը ողջունում են ազատությունը եւ անկախությունը բոլորի համար, նրանք պաշտպանում եւ առաջնորդում են միայն իրենք իրենց»:

 

Ո՞րն է նպատակը

 

Նոր վերլուծական կենտրոնն առաջ է մղելու այն աշխարհայացքը, որը հիմնված է դիվանագիտության եւ զսպվածության, այլ ոչ թե սպառնալիքների, պատժամիջոցների եւ ռմբակոծությունների վրա, գրում է The Boston Globe-ը:

 

«Վաշինգտոնում, որտեղ ցանկացած խոշոր վերլուծական կենտրոնն առաջ է մղում նեոկոնսերվատիզմի կամ լիբերալ ինտերվենցիոնիզմի տարբերակներից մեկը, նման տեսակետները ծայրահեղական են թվում: Սորոսն ու Կոխը միավորվում են, որպեսզի վերակենդանացնեն խաղաղ Միացյալ Նահանգների հանգչող հայեցակարգը»,- գրում է թերթը:

 

Ադրբեջանի թշնամի Ջորջ Սորոսը

«Մենք մտադիր ենք կասկածի տակ դնել ամերիկյան արտաքին քաղաքականության հիմքերը, ինչը չի արվեն առնվազն վերջին քառորդ դարի ընթացքում»,- ասել է նոր կենտրոնի համահիմնադիր, Իրանա-ամերիկյան ազգային խորհրդի նախկին նախագահ Տրիտա Պարսին (Trita Parsi) :

 

Որքա՞ն գումար է հատկացվում

 

Կենտրոնի հովանավորներն ու հիմնադիրները՝ Սորոսի «Բաց հասարակություն»  հիմնադրամը եւ Չարլզ Կոխի հիմնադրամը, նվիրաբերել են 500 000-ական դոլար: Մի քանի անկախ հովանավորներ ավելացրել են եւս 800 000 դոլար:

 

Ակնկալվում է, որ հաջորդ տարի ինստիտուտն իր տրամադրության տակ կունենա 3 500 000 դոլարի բյուջե:

 

Ինստիտուտը նախատեսում է սկսել աշխատանքը 2019թ. սեպտեմբերին:

 

Ինչպիսի՞ն են մոտեցումները

 

The Boston Globe-ը գրում է, որ Քուինսի ինստիտուտն, ամենայն հավանականությամբ, հանդես է գալու Աֆղանստանից եւ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման, Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու, Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ պակաս ագրեսիվ մոտեցման, Վենեսուելայում եւ Կուբայում ռեժիմները փոխելու արշավները դադարեցնելու եւ պաշտպանության բյուջեի կտրուկ կրճատման օգտին:

 

Ինստիտուտը մինչեւ տարեվերջ մտադիր է 4 զեկույց հրապարակել. երկուսը նվիրված են լինելու Մերձավոր Արեւելքին եւ Արեւելյան Ասիային, երրորդն՝ «անվերջ պատերազմի» ավարտին, իսկ չորրորդն՝ «արտաքին քաղաքականության ժողովրդավարացմանը»:

 

Կազմակերպության սկզբունքների մասին հռչակագրում նշվում է, որ Միացյալ Նահանգները «պետք է փոխգործակցեն աշխարհի հետ, իսկ փոխգործակցության   էությունը ազգերի միջեւ խաղաղ համագործակցության մեջ է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին