Դոնալդ Թրամփն ու Հայաստանը՝ 12 դրվագ - Mediamax.am

exclusive
4573 դիտում

Դոնալդ Թրամփն ու Հայաստանը՝ 12 դրվագ


Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Թրամփը 2018 թվականի ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովում
Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Թրամփը 2018 թվականի ՆԱՏՕ-ի Բրյուսելի գագաթնաժողովում

Լուսանկարը` ՀՀ կառավարություն

Ֆիոնա Հիլը
Ֆիոնա Հիլը
Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը
Մարի Յովանովիչը
Մարի Յովանովիչը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


2024թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած մահափորձից հետո ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է: «Պարզաբանում» խորագրում ներկայացնում ենք դրվագներ Թրամփի եւ նրա վարչակազմի անդամների եւ Հայաստանի փոխգործակցությունից:

«Լավ բաներ»՝ Ալիեւի մասին

2016 թվականին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ «շատ լավ բաներ է լսել» Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի մասին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նոր ղեկավարն այդ մասին ասել էր նոյեմբերի 17-ին Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, որը կայացել էր վերջինիս նախաձեռնությամբ:

Իլհամ Ալիեւն ասել էր, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն «հսկայական ներուժ» ունեն հարաբերությունների ամրապնդման համար:

Հարավային Կովկասի գիտակի նշանակումն ու ազատումը

2017 թվականի մարտին Brookings Institution-ի փորձագետ Ֆիոնա Հիլին առաջարկվեց զբաղեցնել ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի եւ Ազգային անվտանգության Խորհրդում Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։

Հիլը այն եզակի ամերիկյան փորձագետներից է, ով լավ ծանոթ է Հարավային Կովկասի տարածաշրջանին։

2004 թ. նոյեմբերին Ֆիոնա Հիլն ասել էր, որ Հարավային Կովկասում բացակայում է ընդհանուր օրակարգը, որը կօգներ տարածաշրջանի երկրների համատեղ զարգացմանը։

Ֆիոնա Հիլը Ֆիոնա Հիլը


2015թ. հունիսին Ֆիոնա Հիլը երկու գործընկերների հետ համատեղ հրապարակել էր «Վստահության խաղեր. Ադրբեջան, Եվրոպական խաղեր եւ Արեւմուտք» հոդվածը, որում վերլուծել էր Բաքվի եւ արեւմտյան գործընկերների հարաբերությունների վատթարացման պատճառները։ Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Բաքվի ընկալմամբ, Արեւմուտքի կտրուկ արձագանքը եւ պատժամիջոցները Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո,  «կտրուկ տարբերվել է բավականին պասիվ միջազգային արձագանքից՝ Ադրբեջանի տարածքի գրեթե մեկ հինգերորդը Հայաստանի կողմից սատարվող ուժերի կողմից օկուպացման վերաբերյալ»։
 
Հոդվածի հեղինակները գրել էին, որ Ադրբեջանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վերականգման ճանապարհներից մեկը կարող է լինել ԼՂ հարցի լուծմանը ուղղված ջանքերի ակտիվացումը, «որոնք կուղեկցվեն երկու կողմի համար խաղաղության օգուտները ցուցադրող իրական ազդակներով»։

Ֆիոնա Հիլը պաշտոնից հեռացավ 2019 թվականի օգոստոսին:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանների ոդիսականը՝ դրվագ առաջին

2017թ. հունվարին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը նշանակվել էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար: Նա փոխարինեց Վիկտորիա Նուլանդին՝ դառնալով այն պաշտոնյաներից մեկը, ովքեր պատասխանատու են Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մշակման եւ իրականացման համար:

2017 թվականի օգոստոսին Foreign Policy ամսագրի կայքը՝ վկայակոչելով գործող եւ նախկին վարչակազմի իր աղբյուրները, գրում էր, որ Հեֆերնին «դուրս են մղում» Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնականի պաշտոնից:
Ջոն Հեֆերնը Ջոն Հեֆերնը


Հուլիսին Դոնալդ Թրամփը առաջադրել էր Ուեսս Միտչելի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնի համար: Foreign Policy-ն գրում էր, որ Ուեսս Միտչելի նշանակումից հետո Ջոն Հեֆերնը պետք է վերադառնար պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնին եւ դառնար նորանշանակ պաշտոնյայի առանցքային թիմակիցը, սակայն նրան «դուրս են մղում»:

«Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես է վարչակազմը վարվում մեր ամենատաղանդավոր եւ իրական ինստիտուցիոնալ գիտելիքներ ունեցող դիվանագետների հետ», - Foreign Policy-ին ասել էր Պետքարտուղարության նախկին աշխատակից, որը ցանկացել է անանուն մնալ:

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանների ոդիսականը՝ դրվագ երկրորդ

2019 թվականին սկանդալի կիզակետում էր հայտնվել Կիեւոմ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որը 2008-2011թթ. զբաղեցնում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, կոչ էր արել փոխարինել Մարի Յովանովիչին, ում նա անվանել է պետության ներկա ղեկավարի դեմ գործող «Օբամայի դեսպան»։

Մինչ այդ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն սենսացիոն խոստովանություն էր արել այն մասին, որ 2016 թ. ամռանը Մարի Յովանովիչը նրան հանձնել էր «դեսպանատան ընկերների» ցանկը, որոնց դեմ ոչ մի քրեական գործ չի կարող հարուցվել:
Մարի Յովանովիչը Մարի Յովանովիչը


ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ջո ԴիԳենովան էլ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ «Մարի Յովանովիչը վատ է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին ուկրաինական պաշտոնյաների հետ զրույցներում եւ կոչ է արել նրանց չլսել Թրամփին եւ չմտահոգվել վերջինիս քաղաքականությամբ, քանի որ նրան իմպիչմենթի են ենթարկելու»։

Շնորհավորանք Փաշինյանին

2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում՝ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»,- ասված էր Դոնալդ Թրամփի ուղերձում:

Թրամփի եւ Փաշինյանի չկայացած հանդիպումը

2018 թվականի հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի ղեկավարները ստորագրահավաք էին սկսել ԱՄՆ նախագահին ուղղված նամակի տակ, որում Դոնալդ Թրամփին առաջարկում էին հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս սեպտեմբերին կայցելի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի աշխատանքին մասնակցելու նպատակով:

Սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ Փաշինյանի ու Թրամփի «հանդիպման առիթներ դեռ կլինեն»։

«Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում նպատակ կար հանդիպում կազմակերպել: Այն տեղի չունեցավ կողմերի օրակարգերի սղության պատճառով»,-հայտնել էր ԱԳՆ խոսնակը:

Թրամփի փաստաբանի այցի չեղարկումը

2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Giuliani Security and Safety ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուդի Ջուլիանին չեղարկել էր իր այցը Երեւան, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին:


Ջուլիանին մասնավոր այցով Հայաստանում էր եղել 2018 թվականի հոկտեմբերին եւ հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ:

«Հիմար չլինել» եւ «սատանա» չդառնալ

2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հասցեագրված նամակում վերջինիս կոչ էր արել «հիմար չլինել» (Dont' be a fool!): ԱՄՆ նախագահը ուղարկել էր հոկտեմբերի 9-ին, երբ Թուրքիան Սիրիայի տարածքում սկսեց ռազմական գործողությունը քրդերի դեմ:

Լուսանկարը` REUTERS


Մի քանի օր անց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում կարող են ռազմական ուժ գործադրել Թուրքիայի դեմ Սիրիայում:

«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմին: Սակայն եթե ռազմական գործողության կարիք լինի, նախագահ Թրամփը լիովին պատրաստ է նախաձեռնել այդ գործողությունը», - ասել էր ԱՄՆ պետքարտուղարը CNBC-ին տված հարցազրույցում:

Թրամփի եւ Էրդողանի հարաբերությունների եւ «անպարկեշտ գործարքների» մասին իր գրքում գրել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:

2020թ. հոկտեմբերի 1-ը կոչը

Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը եւ Էմանյուէլ Մակրոնն 2020թ. հոկտեմբերի 1-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Լուսանկարը` REUTERS


«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորվել բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու վերականգնել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ», - ասված էր փաստաթղթում, որն անարդյունք եղավ:

Բայդենի կոչը

2020 թվականի հոկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես էր եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասել էր, որ Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու Բաքվի ջանքերը:

«Այն պետք է հասկացնի Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անորոշ ժամանակ գրավված մնալ եւ որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն արժանահավատ բանակցությունները հակամարտության տեւական լուծման շուրջ: Վերջապես, ԱՄՆ վարչակազմը պետք է վերջ տա Անկարայի համար դայակի դեր տանելը եւ ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը, ինչպես նաեւ ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունը անպատասխանատու պահվածք է»,- ասել էր Բայդենը:

«Մենք կօգնենք հայերին»

2020թ. հոկտեմբերի 23-ին Դոնալդ Թրափմն ասել էր.

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են եւ մենք կօգնենք նրանց»:

Փաշինյանի հարցերը Պոմպեոյին

2020թ. հոկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը պատմել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի մասին:

Նա ասել էր, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներն ամենայն անկեղծությամբ ուզում են այդ հրադադարը հաստատվի, իրենց անունն են դնում այդ ջանքերի տակ:

«Միացյալ Նահանգների դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետեւ այնտեղ հիմա նախընտրական արշավ է, եւ խոսքը, ըստ էության, գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողության մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստել է Արա Թադեւոսյանը




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին