Քոչարյան՝ հետադարձ հայացք վերջին 10 տարվա հարցազրույցներին - Mediamax.am

exclusive
20594 դիտում

Քոչարյան՝ հետադարձ հայացք վերջին 10 տարվա հարցազրույցներին


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իրեն առաջադրված մեղադրանքից բացի, խոսել է մի քանի այլ թեմաների մասին եւս:

 

Մասնավորապես, հիշեցրել է, որ վերջին 10 տարիների ընթացքում մի քանի անգամ հայտարարել է քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունենալու մասին: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ակնարկել է, որ քննադատության է ենթարկվել ոչ միայն ներկա, այլեւ նախորդ իշխանության եւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների կողմից: Տեղեկացրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է ընդամենը 2 անգամ:

 

Ռոբերտ Քոչարյանը նաեւ հիշեցրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում հանդես է եկել մի քանի հարցազրույցներով:

 

Այդ հարցազրույցներից չորսը նա տվել է Մեդիամաքսին՝ 2008, 2011 եւ 2012 թվականներին: Որոշեցինք Պարզաբանում խորագրում մի քանի հատված ներկայացնել դրանցից՝ առանձնացնելով այն թեմաները, որոնց Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր 2018թ. հուլիսի 26-ի «Երկիր Մեդիա»-ի հարցազրույցում՝ ընթերցողին հնարավորություն տալով համեմատություններ անել:

 

Հուլիս 17, 2008

 

«Ստվերային ղեկավարման» եւ 1998 թվականի սխալն ուղղելու մասին

 

Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը): Եվ, իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու:

 

Նմանօրինակ հրապարակումների նպատակը մեկն է` լրացուցիչ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ: Իշխանությունը եւ պատասխանատվությունը անբաժանելի են եւ չեն կարող ստվերային լինել: Դա իմ խորը համոզմունքն է:

 

Մայիս 10, 2011

 

«Մարտի 1»-ի մասին

 

Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Ոչ ավել եւ ոչ պակաս: Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը գնաց հակաօրինական քայլերի: Ուղղակի հիշեցնում եմ, որ Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թալանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքացիների շրջանում: Երբ ակնհայտ էր, որ իրավիճակը բացարձակապես չի վերահսկվում եւ սպառնում է թե՛ Սահմանադրական կարգին, թե՛ քաղաքացիների անվտանգությանն ու ունեցվածքին: Հերքել այս ակնհայտ իրողությունն ուղղակի անհնար է: Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի: Այն է` ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո, եւ այնուհետ՝ հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից:

 

Մարդկանց զոհվելու հանգամանքների մասին

 

Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որեւէ փաստ հայտնի չէ: Ակներեւ է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում՝ ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները:

 

Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել եւս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:

 

Իշխանության եւ ընդդիմության՝ նշմարվող երկխոսության մասին

 

Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղացման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կարիքն ամենից շատ ունի:

 

Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են «լինել կամ չլինել» կարգախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են:

 

Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից:

 

Ի՞նչ է այժմ կոնկրետ կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ` ես չգիտեմ: Այդ գործընթացին, փառք Աստծո, չեմ մասնակցում: Ես ընդամենը նկարագրեցի հնարավոր տարբերակներն ու հնարավոր հետեւանքները: Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի` ցույց կտա ժամանակը:

 

Դեկտեմբեր 25, 2012

 

2013 թվականի ընտրություններին չմասնակցելու մասին

 

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին՝ որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը: 

 

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս: 

 

«Տիկնիկային մրցակցության» մասին

 

Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին