“Իշխանությունը եւ պատասխանատվությունը չեն կարող ստվերային լինել” - Mediamax.am

5190 դիտում

“Իշխանությունը եւ պատասխանատվությունը չեն կարող ստվերային լինել”

Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան

Լուսանկարը`


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը, 2008թ., հուլիս

- Պարոն Քոչարյան, հուլիսի 4-ին կայացած հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի մեծ մասը նվիրել էր քննադատությանը ձեր հասցեին: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նրանում խոսում է պարտվածի բարդույթը: Չէ՞ որ նա պարտվել է երկու անգամ, իսկ տղամարդավարի պարտվելու արժանապատվություն երբեք չի ունեցել: Բացի այդ, միշտ հարմար է ծայրահեղականության թիրախ դարձնել պաշտոնից հեռացած նախագահին: 1998 թվականին ես այդպես չվարվեցի` անհարիր համարելով նման գործելաոճը: Դա փոքր, չարացած մարդու վարվելակերպ է: Երբեմն ես նրան խղճում եմ:

- Առաջին նախագահի ելույթներում աչքի է ընկնում շեշտադրումների ուղղվածությունը. ծայրահեղ թշնամական վերաբերմունք ձեր նկատմամբ եւ թափանցիկ ակնարկներ` որոշակի պայմաններում իշխանությունների հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ: Դա համարու՞մ եք տակտիկական քայլ, թե մտածված ռազմավարություն:

- Համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ անշրջելիորեն պարտվել է ընտրություններում: Նրան թվում է, որ նա պարտվել է ինձ, չնայած դա այդպես չէ: Այն ժամանակ լինելով գործող նախագահ, ես միայն կատարել եմ իմ պարտքը` պաշտպանելով Սահմանդրությունը եւ կարգուկանոն վերականագնելով երկրում:

Տեր-Պետրոսյանը պարզապես չի կարողանում դուրս գալ ծայրահեղ ըննդիմության դաշտից: Նրան դա թույլ չեն տա իր տերերն ու վճարողները: Իսկ ծայրահեղականությունը պետք է հասցեագրված լինի, նա էլ ճղվում է: Գուցե նրան նաեւ թվում է, որ այդ գործողությունները կարող են դուր գալ իշխանություններին եւ այդ ճանապարհով նա թողության գիր կվաստակի մարտի 1-ին կատարված հանցագործության համար` միաժամանակ նաեւ հնարավորություն ստանալով առանց խոչընդոտների աքլորանալ հանրահավաքներում: Դա հնարավոր տակտիկական հաշվարկ է:

Ռազմավարության առումով չեմ բացառում, որ ի դեմս ինձ նա շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում: Կարծում եմ, նա հերթական անգամ կսխալվի` ինչպես մարտավարության, այնպես էլ ռազմավարության մեջ:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում առատորեն թվարկվում էին Ձեր նախագահության ժամանակահատվածի թերությունները: Ընդհանուր բնութագիրը կայանում էր նրանում, որ դուք քանդեցիք այն ամենը, ինչը հնարավոր էր քանդել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ելույթում այնքան շատ զառանցանք կա, որ կարիք չկա պարզաբանումներ տալ յուրաքանչյուր կետի վերաբերյալ: Շուտով լույս կտեսնի մի գիրք, որտեղ հավաքված են իմ նախագահության ժամանակահատվածին վերաբերող փաստացի նյութերը: Դա լինելու զուտ վիճակագրություն, առանց էմոցիաների: Այնտեղ կան իմ աշխատանքի արդյունավետությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները: Զարգացման այդպիսի տեմպերով կարող է հպարտանալ ցանկացած երկիր եւ ցանկացած նախագահ: Զվարճալի կլիներ նույնպիսի գիրք հրատարակել` հիմնված Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիների փաստացի նյութի վրա: Թող մարդիկ համեմատեն: Չէ՞ որ նա եւ ՀՀՇ-ն ոչ մի լուսավոր բան չեն թողել մարդկանց հիշողության մեջ, չեն կառուցել ոչինչ, ինչ կարելի է այսօր ցույց տալ: Նրանք վերաբերվում են այն տիպարներին, որոնք պատմության մեջ մնում են որպես արդյունավետ քանդողներ: Երբեմն Տեր-Պետրոսյանն այն աստիճան է կորցնում չափի զգացողությունը, որ սկսում ես կասկածել նրա մեղսունակության մեջ: Հնարավոր է, նրա հոգեկանը պարզապես չի դիմանում լարվածությանը:

- Իսկ գուցե անհրաժեշտության կա՞ ժամանակ առ ժամանակ հիշեցնել մարդկանց այն մասին. ի՞նչ եւ ե՞րբ է արվել: Չէ՞ որ նրանք, ով այսօր 18-20 տարեկան են, կարող են պարզապես չհիշել դա:

- Սա քաղաքական գործիչների պատասխանատվության եւ պարկեշտության մասին հարց է: Ի դեպ, ոչ միայն ընդդիմության: Երիտասարդությանը խաբելու գայթակղություն կարող է առաջանալ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մոտ:

Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Տեր-Պետրոսյանի տեսողությունը: Երբ նա մասնակցում է երթերին, ու՞ր է նայում: Չէ որ նա չի տեսնի որեւէ նորակառույց, որը ի հայտ է եկել իր իշխանության օրոք: Այդպիսիք իրականության մեջ պարզապես գոյություն չունեն: Նույնիսկ եթե նայում է միայն իր ոտքերի տակ, ապա չի կարող չտեսնել, որ քայլում է լավ ասֆալտի վրայով եւ լավ լուսավորված փողոցով: Որ մեքենաները գնալով շատանում են, եւ որ հիմնականում դրանք լավ արտասահմանյան մեքենաներ են: Եթե նա բարեհաճի բարձրացնել գլուխը, ապա կտեսնի խանութների, սրճարանների, ռեստորանների գեղեցիկ ցուցափեղկերն ու շատ հետաքրքիր այլ բաներ: Իսկ եթե նա մի փոքր էլ ճիգեր գործադրի, ապա կարող է հիշել, որ իր օրոք այս ամենը չկար: Ասֆալտը քանդված էր, փողոցները` մութ: Խանութների, սրճարանների եւ ռեստորանների մասին չեմ էլ ուզում հիշեցնել, որպեսզի չփչացնեմ մեր քաղաքացիների տրամադրությունը:

Հետաքրքիր է, երբ նրա ընտանիքի անդամները եւ մերձավորները քայլում են Հյուսիսային պողոտայով, պատմու՞մ են նրան այդ տեղի մասին: Հետաքրքիր է նաեւ. Գյումրիում մինչեւ հանրահավաքի տեղը նա հասնում է կապած աչքերով, թե ինչպե՞ս: Ամնեզիան կամ “վատ տեսողությունը” քաղաքական գործչի համար գրեթե ախտորոշում է:

- Տեր-Պետրոսյանին սատարող մամուլը հետեւողականորեն առաջ է տանում այն միտքը, որ դուք շարունակում եք ղեկավարել երկիրը:

- Դա բացարձակ անհեթեթություն է: Եթե դա այդպես լիներ, ապա Տեր-Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար (ի դեպ, դրանով ես կուղղեի 1998 թվականի իմ սխալը): Եվ, իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու:

Նմանօրինակ հրապարակումների նպատակը մեկն է` լրացուցիչ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Երկիրը պետք է ղեկավարեն եւ պատասխանատվություն կրեն այն մարդիկ, որոնք լիազորված են Սահմանադրությամբ: Իշխանությունը եւ պատասխանատվությունը անբաժանելի են եւ չեն կարող ստվերային լինել: Դա իմ խորը համոզմունքն է: 
Մեր ընտրանին