Պարզաբանում. Բունդեսթագի բանաձեւը - Mediamax.am

exclusive
2768 դիտում

Պարզաբանում. Բունդեսթագի բանաձեւը


Լուսանկարը` REUTERS


2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «101 տարի առաջ հայերի եւ քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակն ու ոգեկոչումը» բանաձեւը: «Պարզաբանում» խորագրում անդրադառնում ենք բանաձեւի բովանդակությանը:

 

1. Ի՞նչպես է անդրադառնում բանաձեւը Գերմանիայի պատասխանատվության խնդրին:

 

Բանաձեւում ասված է, որ «Բունդեսթագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը  որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից,  չնայած  հայերի կազմակերպված տեղահանումների եւ բնաջնջման մասին նաեւ գերմանացի դիվանագետների եւ միսիոներների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը»:

 

2. Ինչպե՞ս է բանաձեւը բնութագրում հայերին:

 

Բանաձեւում ասված է, որ «այս ոգեկոչմամբ Բունդեսթագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերեւս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ»:

 

3. Բանաձեւում զուգահեռներ կա՞ն Հոլոքոստի եւ Հայոց Ցեղասպանության միջեւ:

 

Ուղիղ զուգահեռներ չկան, իսկ «Հոլոքոստ» բառն բանաձեւում օգտագործված է միայն մեկ անգամ. «Ընդ որում մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում»:

 

Փաստաթղթում նաեւ ասված է.

 

«Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս,  թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար`անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը, թերևս, հաշտության ամենակարեւոր հիմքն է հանդիսանում ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ նրա ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մեջ: Ընդ որում, այստեղ պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը եւ այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ եւ խոչընդոտել յուրաքանչյուր քայլի, որ վերստին կարող է սպառնալ  մարդկանց ու ժողովուրդներին»:

 

4. Ի՞նչ է ասվում բանաձեւում հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների եւ դրանց ապագայի մասին:

 

Բանաձեւում ասված է, որ «երկու պետությունների միջեւ հարաբերությունները շարունակում են մնալ լարված`կրելով փոխադարձ անվստահության կնիքը»:

 

«Գերմանիան պետք է օժանդակի հայերին եւ թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե, կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է  հանդիսանալ թե´ ներկայի եւ  թե´ ապագայի համար: Թուրքիայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարեւոր է նաեւ կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով», - ասված է բանաձեւում:

 

Բունդեսթագը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների եւ կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում, ինչպես նաեւ ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները:

 

5. Ի՞նչ է առաջարկում բանաձեւը Հայոց Ցեղասպանության մասին ճշմարտությունը ներկայացնելու հարցում:

 

«Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական եւ քաղաքական կրթության առջեւ պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում եւ նյութերում ընդգրկել հայերի տեղահանման եւ բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարեւոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը», - ասված է փաստաթղթում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին