Թումանյանի 10 000 գրքերն ու առերեւույթ կապը Աբովյանի հետ - Mediamax.am

exclusive
32583 դիտում

Թումանյանի 10 000 գրքերն ու առերեւույթ կապը Աբովյանի հետ


Հովհաննես Թումանյանը
Հովհաննես Թումանյանը
Հովհաննես Թումանյանը
Հովհաննես Թումանյանը
Թումանյանի գրաֆիթին Երեւանում
Թումանյանի գրաֆիթին Երեւանում

Արդեն 12 տարի է Հայաստանում որպես Գիրք նվիրելու օր նշվում է փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Եվ սա պատահական համընկնում չէ: Թումանյանը գրքերի հանդեպ պաշտամունքի հասնող սեր ուներ: Մեծ գրողը համակարգված կրթություն չէր ստացել, սակայն նրան հանդիպած յուրաքանչյուր մարդ կարող էր փաստել, որ իր առջեւ կանգնած է գերզարգացած մի մարդ: 

 

Սա, անշուշտ, նրա ընթերցասիրության արդյունքն էր: Ընթերցասիրության հանդեպ նրա սերը հատկապես խորացավ, երբ պատանի Հովհաննեսը սկսեց ուսանել Ներսիսյան դպրոցում: Թեեւ նրա հայրական օջախում նույնպես գիրքը գնահատվում էր: Թումանյանի դասընկեր Անուշավան Աբովյանի վկայությամբ, Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին, երբ ընկերներով ցանկացել են նորից վերընթերցել  Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը եւ ոչ մի կերպ չեն գտել, Թումանյանը նամակ է գրել տուն. «Հովհաննեսի հայրն ուներ, նամակ գրեց, ուղարկեցին, նորից կարդացինք, սրտներս թունդ ելավ…»

 

Աբովյանն առհասարակ յուրահատուկ տեղ ուներ Թումանյանի կյանքում: Երկու մարդասեր գրողների միջեւ մի առերեւույթ հարազատություն կար: Թումանյանը հիացած էր Աբովյանի լուսավորական գաղափարներով, լայն աշխարհայացքով, մարդկային բարձր հատկանիշներով, հայրենասիրության մղող աննկուն ոգով եւ իր ժամանակի համար առաջարկած նոր լեզվամտածողությամբ: 

 

Իսկ Աբովյանը Թումանյանի ծնվելուց դեռեւս շատ տարիներ առաջ Թիֆլիսից Էջմիածին վերադառնալու ճանապարհին հյուրընկալվել է նրա պապական տանը, եւ անմահացրել Թումանյանի մեծ պապի՝ Հովակիմի կերպարն իր հանրահայտ «Վերք Հայաստանի» վեպում: Իզուր չէր, որ «Վերք Հայաստանի»-ն Թումանյանի ամենասիրելի գործերից էր: Իր ապագա կնոջ՝ Օլգայի հետ նշանվելիս, սիրահարված Հովհաննեսն իր սիրելիին է նվիրում Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն եւ Հոմերոսի «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը: «Վերք Հայաստանի» վեպի հանդեպ նրա սիրո հիմքում ընկած չէր միայն ընտանեկան, անձնական հետաքրքրասիրությունը. նա, իրավամբ Աբովյանին համարում էր մնեծագույն գրող, իսկ վեպի մասին արտահայտվում այսպես. «Խաչատուր Աբովյանն իր հերոս Աղասու բերանով առաջին անգամ ըմբոստացման դրոշակ է պարզում ընդդեմ բռնության եւ իր «Վերք Հայաստանի»-ով աշխատում ըմբոստացնել հայ ժողովորդը»:

Հովհաննես Թումանյանը Հովհաննես Թումանյանը

 

Թումանյանը կարդում էր ոչ միայն հայ դասականներին, նրա սիրելիներին թվում էին նաեւ արտասահմանյան շատ հեղինակներ՝ Գյոթեն, Բայրոնը, Պուշկինը, իսկ Շեքսպիրը Թումանյանի համար մի ուրիշ աշխարհ էր: «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է».- ասում էր նա: Պետք է նշել, որ Թումանյանը միշտ ուշադրությամբ էր հետեւում նաեւ  Շեքսպիրի հայերեն թարգմանություններին, հաճախ էր այդ առթիվ հանդես գալիս գրախոսություններով: Իսկ առաջին անգամ Թումանյանը Շեքսպիրով տարվեց 1886 թվականին, երբ Թիֆլիսի արքունական թատրոնի բեմում տեսավ Պետրոս Ադամյանի Համլետը: Հետագայում նա կգրի. «Էդ գիշերն ինձ համար եղավ մի կախարդական գիշեր եւ գրեթե վճռական նշանակություն ունեցավ իմ ամբողջ գրական կյանքում»: 

 

Թումանյանն իր գրադարանում շատ ուներ Շեքսպիրի տարբեր հրատարակություններ՝ տարբեր լեզուներով: Նրա պահոցն այնքան բազմազան էր ու հարուստ, որ ստիպված էր թեմատիկ բաժանումներով համակարգել գրքերը՝ գիտական, լեզվաբանական, բանահյուսական, գեղարվեստական, պատմական, փիլիսոփայական: Թումանյանի գրքասիրության շնորհիվ այսօր մենք ժառանգել ենք եզակի գրքերի ինքնատիպ մի հավաքածու, որը պահվում է Հովհաննես Թումանյանի թանգարանում: Ընդամենը 54 տարի՝ նյութական ոչ բարեկեցիկ պայմաններում ապրած բանաստեղծն իր կյանքի ընթացքում հասցրել է ձեռք բերել շուրջ տասը հազար գիրք, որից թանգարանի գրադարանի տասներկու պահարաններում այսօր պահվում է 8150 գիրք ու պարբերական՝ հայերեն, ռուսերեն եւ այլ օտար լեզուներով: 

 

Համաշխարհային գրողներից այդպիսի շքեղ գրադարան ունեցել են Լեւ Տոլստոյն ու Գյոթեն: Եթե հաշվի առնենք, որ նրանք իրենց գրադարանների մի մասը ժառանգություն են ստացել, իսկ Թումանյանն ամբողջությամբ ինքն է հավաքել, թերեւս կարելի է ենթադրել, որ գրողներից՝ աշխարհում հավաքած ամենամեծ գրադարանը պատկանում է հենց նրան: 

 

Նա երբեմն գրքերին էր տալիս իր վերջին գումարը: Թիֆլիսի դեպի Քուռ իջնող փողոցներից մեկում, որտեղ գրավաճառների խանութներն էին, հաճախ կարելի էր տեսնել Թումանյանին: Նա գնում էր ամեն ինչ՝ սովորական մանկական գրքերից մինչեւ անտիկ, չճարվող նմուշներ: Գիրքը նրա համար մի անբացատրելի սեր էր, որը Թումանյանը չկարողացավ «հաղթահարել» իր ողջ կյանքում:

 

Մի անգամ Թիֆլիսում նրան հյուրընկալվում է Իրանի հյուպատոսը, որը հանգրվանել էր նրա տան հարեւանությամբ: Այն ժամանակ Թումանյան ազգանունով, բարձր դիրք զբաղեցնող մի մեծահարուստ ընտանիք էր ապրում Իրանում: Հյուպատոսը կարծելով, որ Հովհաննես Թումանյանն այդ ընտանիքի ազգականներից է, որոշում է այցելել:  Հյուպատոսն ապշում է Թումանյանի ինտելեկտուալ կարողություններից, իսկ երբ իմանում է, որ իր դիմաց նստած է ոչ թե իրանահայ ընտանիքի շառավիղը, այլ հայ մեծ բանաստեղծ, սկսում է խոսել պարսկական գրականթյունից՝ մասնավորապես Ֆիրդուսուց: Ափսոսանքով հայտնում է, որ ցավոք, Ֆիրդուսու «Շահնամե»-ն գրեթե չճարվող գիրք է եւ խոստանում, որ կարգադրություններ կանի, որպեսզի հատուկ Թումանյանի համար Թեհրանից ուղարկեն: Հենց այդ պահին Թումանյանն իր գրադարանից հանում է «Շահնամե»-ն եւ մեկնում իր հյուրին: Հյուպատոսի ապշանքն ու հիացմունքը կրկնապատկվում է:

 

Այդպիսի մի հազվագյուտ գիրք էլ՝ «Дело о дуэли Лермонтова», որը Թումանյանը նվեր էր ստացել  Բաթումիում բնակվող մի ուսուցչից, եւ որտեղ պատմվում էր Միխայիլ Լերմոնտովի մենամարտի մասին, ինքն էլ իր հերթին «Հայ գրչի մշակներ» ընկերության անունից նվիրում է Ռուսաստանի այդ ժամանակվա լուսավորության ժողկոմ (նախարար) Անատոլի Լունաչարսկուն: Թումանյանը կարծում էր, որ ռուս մեծ բանաստեղծին վերաբերող այս հազվագյուտ նմուշը պիտի պատկանի ռուս ժողովրդին: Այսօր այդ գիրքը խնամքով պահվում է Սանկտ-Պետերբուրգի Ռուս գրականության ինստիտուտում: Ի դեպ Պետերբուրգն ու Մոսկվան Թումանյանն ամենից շատ սիրել էր առաջին հերթին հենց բուկինիստական խանութների առատության եւ բազմազանության համար: Երբ 1912 թվականին «Դաշնակցության գործով» որպես մեղադրյալ Պետերբուրգ մեկնած եւ արդարացված Թումանյանը վերադառնում էր Թիֆլիս, իր հետ բերեց ահռելի քանակությամբ գիրք: 

 

Մեղադրանքների պատճառով բանաստեղծը հայտնվել էր ծայրահեղ սուղ նյութական պայմաններում, սակայն դա չէր խանգարել, որպեսզի նա իր հետ բերի հինգ արկղ գիրք: Նույնը կրկնեց ինը տարի անց՝ 1921 թվականին: Այս անգամ Պոլսից վերադարձող արդեն ծանր հիվանդ, հյուծված բանաստեղծն իր հետ բերեց գրեթե նույն քանակությամբ գիրք:

 

Թումանյանը հայտնի էր նաեւ իր շռայլությամբ եւ բացառիկ հյուրասիրությամբ, սակայն չէր սիրում, երբ իր գրադարաններից գրքեր էին տանում: Դրանից խուսափելու համար իր աշխատասենյակի պատին փակցրել էր հետեւյալ գրությունը՝ «Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: 

 

Թեեւ Թումանյանն իր շրջապատում աներկբայորեն հարգանք էր վայելում, սակայն նրա հյուրերը գրությունը հաճախ չտեսնելու էին տալիս՝ ծխում էին եւ անխնա կերպով գիրք խնդրում: Թումանյանն էլ իր մեծահոգի բնավորության պատճառով չէր կարողանում մերժել: Որքան որ մեծ բանաստեղծը սրտացավ էր իր գրադարանի գրքերի համար, նույնքան սրտաբացորեն եւ առանց մտածելու բաժանում էր բոլորին իր իսկ հեղինակած գրքերը՝ անչափ վշտացնելով իր հրատարակիչ եւ մեկենաս իշխանուհի Մարիամ Թումանյանին: Իշխանուհին ցանկանում էր, որպեսզի բազմազավակ ընտանիքի հայր, հոգսերի մեջ կքած բանաստեղծը, նյութական օգուտ ստանա իր գրքերի հրատարակությունից, բայց սեփական գրքերն առատորեն նվիրելու հարցում Թումանյանն անկառավարելի էր: Անկառավարելի այն աստիճան, որ երբ 1923 թվականին Մոսկվայում պատրաստվում էին հրատարակել նրա «Շունն ու կատուն» եւ «Մի կաթիլ մեղրը», բանաստեղծի գրադարանում այդ գրքերից ոչ մի օրինակ չգտան: Մինչդեռ տարիներ առաջ դրանք տպվել էին իրենց ժամանակի համար աննախադեպ մեծ տպաքանակով՝ 2 400 օրինակ:

Թումանյանի գրաֆիթին Երեւանում Թումանյանի գրաֆիթին Երեւանում

 

Իր կյանքի վերջին տարիներին Թումանյանը շատ դառնություններ տեսավ՝ սիրելիների մահ, սիրելի որդու կորուստ, ցեղասպանված հայրենիք եւ իր անմիջական խնամակալության տակ գտնվող հազարավոր հոգով բեկված եւ մարմնով հիվանդ հայ որբեր: Ժամանակակիցների վկայությամբ իր երեխաներից հետո Թումանյանը հավանաբար ամենից շատ սիրում էր իր գրադարանը, ուստի կյանքի վերջին ծանր շրջանում հաճախ էր առանձնանում իր գրադարանում եւ ինչպես իր «Գրադարանս» բանաստեղծության մեջ է ասում՝ «զրուցում» համաշխարհային գրականության մեծերի հետ: 

 

Սոսսի Խանիկյան

 

Հոդվածում օգտագործվել են հետեւյալ աղբյուրները՝

 

Նվարդ Թումանյան, «Հուշեր եւ զրույցներ», Լույս, Երեւան, 1969

 

Սուսաննա Հովհաննիսյան, «Պատմություններ Հովհաննես Թումանյանի կյանքից», 

 

«Թումանյանը ժամանակակիցների հուշերում», Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1969//2009

 

Նյութի պատրաստման աշխատանքներին մեծապես օժանդակելու համար հեղինակը հատուկ շնորհակալություն է հայտնում «Հայկական հանրագիտարան հրատարակչությանը» եւ թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին