Հրաչյա Քոչարի անտիպ նամակները ռազմաճակատից - Mediamax.am

exclusive
1723 դիտում

Հրաչյա Քոչարի անտիպ նամակները ռազմաճակատից


Հրաչյա Քոչարը
Հրաչյա Քոչարը
Հրաչյա Քոչարը
Հրաչյա Քոչարը

Նամակներ Հովհաննես Թումանյանի դուստրերից՝ Նվարդից ու Աշխենից, քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանից, գրողներ Հրաչյա Քոչարից, Հովհաննես Շիրազից, Նաիրի Զարյանից, սփյուռքահայ գրողներից, իշխանուհի Մարիամ Թումանյանից եւ շատ այլ գրողներից, արվեստագետներից: Արփիկ տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի անձնական արխիվի հերթական թղթապանակի նյութը նամակներ են:

Այս անգամ կներկայացնենք Երկրորդ համաշխարհային պատերազմ կամավոր մեկնած Հրաչյա Քոչարի նամակները՝ տատիկիս: Նամակները հենց ռազմաճակատից են:  

Գրող Հրաչյա Քոչարի եւ նրա տիկնոջ՝ Ռոզայի հետ տատիկիս բարեկամությունը շատ ամուր էր: Ավելի ուշ մտերմություն էին անում արդեն մայրիկս՝ ազգագրագետ Իոննա Ավագյանը եւ Քոչարի դուստրը՝ արեւելագետ Մերի Քոչարը: Ի դեպ, իր դստերը՝ Մերիին, եւս Քոչարը նամակներ էր ուղարկում ռազմաճակատից:

Սա 1944 թվականին գրած նամակից հատված է, Մերիի ծննդյան 8-ամյակի առիթով.

«Սիրելի Մերի, անուշ բալիկ ջան: Այսօր լրանում է քո ութ տարին, իսկ ես քեզնից հեռու եմ, չեմ կարող քեզ նվերներ գնել, համբուրել քեզ: Ես մեղավոր չեմ, բալիկ ջան, թշնամին է մեղավոր, որ հարձակվեց մեզ վրա, բաժանեց մեզ իրարից: Շնորհավորում եմ քեզ եւ ուզում եմ, որ դու շատ խելոք, աշխատասեր աղջիկ լինես, շատ գրքեր կարդաս, լսես մամային, սիրես հայրենիքդ, սիրես բոլորին, էնքան բարի լինես, որ բոլորն ասեն. «Ինչ լավ աղջիկ է Քոչարի աղջիկ Մերին»:

Քոչարի՝ տատիկիս ուղարկած նամակներում ինձ համար զարմանալին բովանդակությունն է. նամակները ռազմաճակատից են, բայց, կարծես, ռազմաճակատից չլինեն: Նամակների թեթեւ, անգամ զվարթ բովանդակությունը չեն «տեղավորվում» պատերազմի, ամեն հաջորդ րոպեին չլինելու մտավախության մեջ: Դրանք հիշեցնում են պատերազմի մասին խորհրդային ֆիլմերը, երբ կռվի ընդմիջումներին զինվորները ուրախ զրուցում են, կատակներ անում, բայց նաեւ անպայման նշում, որ իրենք կռվում են  հանուն «Լենինի-Ստալինի-պարտիայի»:  

Պաշտոնական տվյալներով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին (Հայրենական մեծ պատերազմին) մասնակցել է Խորհրդային Հայաստանից  300 000, ԽՍՀՄ մյուս հանրապետություններից՝  200 000 հայ: Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայազգի զինվոր։

Ստորեւ՝ Հրաչյա Քոչարի անտիպ նամակները՝ ռազմաճակատից՝ Արփիկ Ավետիսյանին:

***

Բարեւ, սիրելի Արփիկ,

Ստացա քո ջերմ զգացմունքներ պարունակող նամակդ: Շնորհակալ եմ ուշադրության համար: Մեզնից յուրաքանչյուրի համար անչափ թանկ է հարազատներից եւ ընկերներից հայրենասիրական խրոխտ զգացումներով լցված նամակներ ստանալը: Ուստի, մենք գնահատում ենք այդ քայլը եւ իսկույն պատասխանում: Ես լավ եմ, առողջությունս՝ նույնպես: Սովետական ժողովրդի ազատությունն ու երջանկությունը, մեր հիասքանչ սոցիալիստական հայրենիքը պահանջում են մեզնից ամեն մեկից , որտեղ էլ լինի նա, անձնվեր աշխատանք, հաստատուն կամք, արիություն եւ տոկունություն՝ արյունաբեր ֆաշիզմի նկատմամբ լիակատար հաղթանակ տանելու համար: Մենք պետք է հպարտանանք, որ անձամբ մասնակցում ենք հիտլերյան ֆաշիզմի ջախջախման պատմական միսիային: Սիրելի ընկերուհի, ամենամոտիկ ապագայում մենք կվայելենք մեր հերոսական ջանքերի քաղցր պտուղները, նորից կանցնենք ստեղծագործական բուռն աշխատանքի, առաջ կմղենք կուլտուրան, գիտությունը՝ ի բարօրություն մեր ժողովրդի: Այդ է իմ համոզումը, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկն այլ համոզում ունենա, թե նա նվիրված է իր հայրենիքին, իր սովետական կառավարությանը, Լենինի-Ստալինի մեծ պարտիային:

Հրաչյա Քոչարը Հրաչյա Քոչարը


Իմ պահանջը ընկերներից եւ հարազատներից այն է, որ նրանք ընկերական ջերմ մթնոլորտով շրջապատեն սիրելի Ռոզիկիս, իմ ազնիվ ու անկեղծ ընկերոջս, կապված լինեն նրա հետ եւ թույլ չտան, որ նա շատ մտածի իմ մասին: Այդպիսի վերաբերմունքը դեպի իմ ընտանքը ինձ անչափ կհանգստացնի, եւ ժամանակին երախտապարտ կլինեմ: Դու գիտես, որ նա այժմ դառել է երազկոտ: Հարկավոր է նրան մխիթարել, եւ նա հերոսաբար կհաղթահարի մեր կյանքի ժամանակավոր այս դժվարությունները: Այսքան: Ջերմորեն բարեւիր Ցոլակին (Արփիկ Ավետիսյանի ամուսինը-խմբ.), գրիր երեխայիդ առողջության մասին, քո գործերի մասին: Բարեւիր իմ ծանոթներին եւ ընկերներին: Առայժմ կարող եք թե՛ դու, թե՛ Ռոզան, ձեր կարոտը ինձանից քաշել նամակներով եւ հիշողություններով, իսկ մոտիկ ապագայում՝ նաեւ իմ ներկայությամբ: Իմ հասցեն Ռոզայից վերցրու. տեղ չկա գրելու:

Ջերմ բարեւներով՝ Քոչար
9.IX, 1941 թ.

***

Սիրելի Արփիկ,

Երեկ ստացա քո ամսի 15-ի գրած նամակդ: Խորապես զգացված եմ ուշադիր վերաբերմունքիդ համար: Լավ ընկերությունն այսպիսի պայմաններում է զգացվում: Ուստի շարունակիր իմ սիրուն տիկնոջ հետ, Ռոզայիս հետ, բարեկամություն անել. դա ձեր երկուսի համար էլ հոգեկան բավարարություն կլինի մեր բացակայության շրջանում (Արփիկ Ավետիսյանի ամուսինը՝ Ցոլակ Ավագյանը, եւս ռազմաճակատում էր-խմբ.): Լավ բան է անկեղծ ու սիրով ընկերուհիներ լինելը: Այժմ, երբ սովետական երիտասարդությունը իր կրծքով պաշտպանում է մեր հիասքանչ հայրենիքը հիտլերյան բանդիտների արյունալի ոտնձգություններից, անկեղծ սիրով կապված լինել բանակում գտնվածների հետ մեծ պատիվ է ձեզ համար, ուրախություն՝ մեզ համար: Այս պատմական պատերազմում հաղթանակը մերը կլինի, սովետական երջանիկ ժողովուրդը կշարունակի իր ստեղծագործական բեղմնավոր աշխատանքը՝ հօգուտ հայրենիքի. Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել: Սովետական կնոջ առաքինությունը ՝ հայրենիքի, Լենինի-Ստալինի գործին անսահմանորեն նվիրված լինելու մեջ է: Ուստի մեր հաղթանակի նկատմամբ ունեցած լիակատար համոզվածությամբ, ազնվորեն ու անձնվիրաբար աշխատենք. դու՝ այդտեղ, ես՝ այստեղ: Երկուսս էլ մի ընդհանուր գործ ենք կատարում:

Մեր օրերն անցնում են լավ: Ընկերներով հավաքվում, զրուցում-խոսում ենք ընդհանուր հարցերի մասին, զբաղվում ենք շախմատ խաղալով: Իհարկե, այդ բոլորը մազաչափ անգամ չի անդրադառնում մեր հիմնական խնդրի կատարման վրա: Այսքան. ջերմորեն բարեւիր սիրելի Ցոլակիդ եւ պինդ-պինդ համբուրիր աղջկադ, հետեւիր երկուսի առողջությանն էլ: Բարեւիր իմ մյուս ծանոթներին՝ աղջիկ-տղա: Իմ ցանկությունն այն է, որ ուրախ եւ զվարթ ձեր կյանքը շարունակեք՝ առանց մեր մասին մտածելու: Իմ ընկերները խորապես զգացված են ձեր հաղորդած ջերմ ողջույնների համար: Շարունակեք գրել հին հասցեով: Գրիր Երեւանի նորությունների մասին:

Ջերմ բարեւներով՝ Քոչար:
6. X. 1941  

Եվ մատիտով ավելացված է. «Արփիկ ջան, իմ ընկեր Սուրենը  (Ռոզան գիտի նրան) ստիպեց, որ գրեմ, որ ինքը քեզ բարեւում է եւ համբուրում»:

***

Սիրելի Արփիկ,

Քո նամակն ստացա ու շատ զվարճացա: Հիմա էլ, այս տողերը գրելիս, ծիծաղս զսպել չեմ կարողանում: Տեսնում եմ ահա բարկացած Արփիկին դիմացս կանգնած…Ուրախ եմ, որ հանդիմանում ես ինձ, որ զգուշացել եմ քեզ գրկելուց: Ես դա նկատի կունենամ, երբ բարով-խերով վերադառնամ: Բայց հիմա պիտի բացատրեմ, որ ես ոչ թե քեզնից էի վախեցել, այլ ինքս ինձանից. չէ՞ որ մեկ տարի է, որ Երեւանում չեմ…
Հրաչյա Քոչարը Հրաչյա Քոչարը


Սա էլ, իմացի, կատակ է, ինչպես առաջինը: Հենց ամբողջ թյուրիմացությունը նրանից է սկսվում, որ ես կարծում էի, թե երեք հազար կիլոմետր հեռավորությունից կատակը կարող է տեղ հասնել եւ հավատացած էի, որ չեմ մոռացել կատակել: Ինչպես երեւում է отвык, ինչպես կասեր ռուսը: Ներում եմ ինձ այդ սխալիս համար եւ քեզ՝ անտեղի վիրավորվելուդ համար, որ փոքրիկ լուսանկարս տեսնելով՝ մեղմացել ես ու զղջացել, ինչպես գրում ես, ուրեմն ինձ տեսնելիս`ամբողջովին կմոռանաս:

Արդ՝ ավելի կարեւոր հարցի մասին: Լուրջ խնդիր ունեմ քեզնից: Կարո՞ղ ես կատարել խնդրանքս: Արխիվում կա՞ն 1914-18-19  թվերին հայ գրողների նամակները, ուր խորհրդածություններ լինեն պատերազմի մասին գերմանական իմպերիալիստների դեմ, զայրույթի խոսքեր տաճկական փաշաների մասին: Թումանյանը պետք է որ ունենա, ինչպես նաեւ Իսահակյանն ու մյուսները: Հայ գրողները միշտ արտահայտել են ժողովրդի խիղճը, մեր ժողովրդի ազնիվ ու արդար խիղճը, եւ ես ուզում եմ տեսնել, թե ինչպես: Խնդրում եմ, եթե դժվար չի լինի, նայես նամակներն ու այդպիսի հոդվածներն արտագրես, ինձ ուղարկես: Ա՛յ, դա իսկական բարեկամության նշան կլինի: Եթե ճակատագիրն ինձ վերադարձ է կանխատեսում, ես այդ ժամանակ իմ հերթին համապատասխան ծառայությամբ կհատուցեմ քեզ: Կլինեն նաեւ համակրանքի ու հավատարմության արտահայտություններ ռուս ժողովրդի նկատմամբ: Իսահակյանն ուներ, որ մենք տպագրեցինք թերթում:


Ես հիմա շատ զբաղված եմ եւ այդ պատճառով էլ երկար գրելու հնարավորություն չունեմ: Բոլոր ընկերներին էլ առանձին-առանձին պատասխանելը հեշտ չէ: Ես մեկ եմ, իսկ դուք, իմ բարեկամներ, շատ եք:

Բարեւներ  հաղորդիր բոլորին, որոնց հետաքրքրում է իմ գոյությունը եւ ինքդ էլ ընդունիր անկեղծ, ջերմ ողջույններս: Խնդիրքս կատարելը մի մոռացիր եւ մի ձգձգիր:
Շնորհակալ եմ Նվարդի (Հովհ. Թումանյանի դուստրը-խմբ.) ողջույնի համար. հաղորդիր նրան փոխադարձաբար:

Սպասում եմ պատասխանիդ:
Ձեր Քոչար
7.VII, 42

Լիլիթ Ավագյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին